Մասնակից:Մարտա Մանգասարյան/Ավազարկղ 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը գտնվում է ԱՀ հարավային հատվածում՝ Քաշաթաղի շրջանում նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Կերեն գյուղից 1 կմ դեպի արևմուտք` Ողջի գետի միջին հոսանքի աջափնյա բլրապատ հարթավայրային մասում:

Գրհամը Սյունիքի հնագույն բնակավայրերից մեկն է: Նկատի ունենալով այն փաստը, որ տվյալ տարածքը հնագույն ժամանակներից խիտ բնակեցված է եղել, 1996 թվականին ՀՀ Ազգագրության, հնագիտության ինստիտուտի մասնագետները Ողջի գետի երկու ափերին պեղումներ են կատարել։

Գրհամ գյուղի մոտ գտնվող դամբարանաբլուրներից հնագետները հայտնաբերել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին պատկանող նյութեր, ինչպես նաև բնակավայրի հետքեր: Գյուղը առավել շատ հայտնի է բնակավայրին մերձակա Գրհամ բերդով: Սյունյաց իշխանության (821–987 թթ.), հետագայում Սյունիքի թագավորության տարիներին (987–1070 թթ.) Գրհամ բերդը հատկանշական դերակատարություն է ունեցել: Այն ոչ միայն գավառի գլխավոր բերդն էր, այլև իշխանական նստավայրը։ Վերոհիշյալ ժամանակաշրջանում բերդը այնքան նշանավոր էր, որ նրա անունից Կովսական գավառը անվանվել է նաև Գրհամ:

Սյունյաց Գրիգոր թագավորը, որը ժառանգներ չուներ, իր դստերը՝ Կատային, ամուսնացնում է Խաչենի Հասան Գեռաքարեցի իշխանի հետ և նրան դարձնում թագավոր: Սյունիքում Հասան Գեռաքարեցու իշխանության շրջանը (1066–1070 թթ.) համընկավ թագավորության վրա սելջուկ թուրքերի ճնշումների մեծացման հետ: 1070 թվականին սելջուկները նվաճեցին Գրհամը, Գեղին, Կաքավաբերդը և Բաղաբերդը: Հասան Գեռաքարեցին ստիպված իր ընտանիքի հետ գիշերով Բաղաբերդից հեռանում է Խաչեն: Այդ դեպքերից հետո Գրհամը կորցրեց իր երբեմնի դերն ու նշանակությունը: 17—18–րդ դարերում Կովսական–Գրհամ գավառը բաժանվեց մի շարք գավառակների՝ Չավանդուր, Գիլաբերդ, Գրհամ, Աճան (Աճանան), մասամբ Բարգուշատ-412- Երբեմնի հայաշատ գավառը 18–րդ դարի վերջերին և 19–րդ դարի սկզբներին թուրքերի և քրդերի ճնշումների տակ զրկվեց իր նախկին տերերից։ Գրհամում հաստատված թուրքերն ու քրդերը բնակավայրը անվանակոչել էին Քեչիկլի: Նրանք հիմնահատակ կործանել էին հայկական բնակավայրի պատմամշակութային արժեքները: Խորհրդային տարիներին Գրհամը բռնակցվեց Ադրբեջանին: 1923 թվականին Քեչիկլին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմի մեջ: 1993 թվականին նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ ազատագրվեց հնադարյան հայկական այդ հողակտորը։ 1998 թվականին սկսվեց այդ տարածքների վերաբնակեցման գործընթացը: Գյուղում հաստատվեցին ՀՀ բանակվայրերից մի քանի ընտանիքներ: Նորից վերականգնվեց բնակավայրի պատմական Գրհամ անունը։ Կերեն համայնքի կազմի մեջ է ընդգրկված Գրհամ գյուղը: Գրհամի աշակերտները սովորում են Կերենի միջնակարգ դպրոցում: Բնակավայրն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ՝ կապված էլեկտրականության, ջրի Ճանապարհների, բնակչության սպասարկման տարբեր ոլորտների հետ: Գրհամում 2010 թվականին կար 17 մարդ 4, 2018 թվականին՝ 12 տուն, 32 մարդ)454. Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։