Մայորատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայորատ (ուշ լատ. majoratus, լատ. major՝ ավագ), ավագության իրավունք, ըստ որի ընտանիքի (տոհմի, նահապետության) անշարժ գույքի (հող, տանուտիրություն և այլն) ժառանգման իրավունքը արտոնվում է ավագ որդուն։ Առաջին անգամ վավերագրվել է ստրկատիրական իրավունքում (Հնդկաստանում, Հին Հունաստանում և այլն)՝ ազնվական ընտանիքների հզորությունը պահպանելու նպատակով։ Ֆեոդալիզմի դարաշրջանում մայորատը տարածվել է Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում (11-13-րդ դարերում)։ Ռուսաստանում պահպանվել է մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։

Ըստ մայորատի՝ կրտսեր որդիները ավատը ժառանգելու իրավունքից զրկվում էին։ Ֆրանսիայում կիրառվել է նաև գյուղացիական ընտանիքում (ավագ որդին ժառանգում էր հողային տիրույթի 2/3)։ Բուրժուական իրավունքը մերժում է մայորատը՝ համարելով այն ժառանգման իրավունքի սահմանափակում։ Մայորատի իրավունքը առավել երկար պահպանվել է Մեծ Բրիտանիայում։

Հայաստանում ավագության իրավունքը ծագել և զարգացել է որպես սովորույթ։ Վաղ ավատական Հայաստանի աշխարհիկ և կանոնական իրավունքով ավագության ինստիտուտ չի ամրապնդվել, սակայն գործնականում կիրառվել է։ Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի, Մխիթար Գոշի վկայությամբ նախարարության (Արշակունիներ, Մամիկոնյաններ և այլն) հողային տիրույթը տոհմի միասնական և անբաժանելի ունեցվածքն էր, գույքի նկատմամբ ճանաչվում էր ավագ որդու (նահապետ, նախարար, տանուտեր) իրավունքը։ Օրինակ, ըստ Փավստոս Բուզանդի, Արշակ Բ թագավորը Մամիկոնյան տոհմի նահապետ է կարգել Վարդանին («զՎարդան զերէց եղբայրն ի նահապետությանն ազգին իւրեանց»)։ Պետականության կորստից հետո ավագության ինստիտուտ երկար ժամանակ պարսկական, սկզբնական շրջանում նաև բյուզանդական արքունիքում հայերի ավագության իրավունքը հարգվել է։ Հայ գյուղական կենցաղում պահպանվել է մինչև 19-րդ դարի վերջը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 204