Jump to content

Մամոնտի քարանձավի ազգային այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամոնտի քարանձավի ազգային այգի
ՏեսակՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց, ԱՄՆ ազգային պարկ, էքսկուրսիոն անձավ և ազգային պարկ
Մասն էMammoth Cave Area?
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԷդմոնսոն շրջան, Հարտ շրջան և Բարեն շրջան
Հիմնվել էհուլիսի 1, 1941
Մակերես54 011,91 ակր (դեկտեմբերի 31, 2018)[1] և 21 191 հեկտար[2]
Անվանված էMammoth Cave?
Այցելուներ483 319 մարդ (2011), 117 751 մարդ (1940)[3], 254 187 մարդ (1950)[3], 519 100 մարդ (1960)[3], 1 726 500 մարդ (1970)[3], 1 495 787 մարդ (1980)[4], 1 924 538 մարդ (1990)[4], 1 749 268 մարդ (2000)[4], 497 225 մարդ (2010)[4] և 290 392 մարդ (2020)[4]
Մամոնտի քարանձավի ազգային այգիը գտնվում է ԱՄՆում
Մամոնտի քարանձավի ազգային այգի

Մամոնտի քարանձավ (անգլ.՝ Mammoth Cave National Park), ազգային պարկ, որը գտնվում է ԱՄՆԿենտուկի նահանգում։ Զբոսայգում գտնվում է աշխարհի ամենաերկար քարանձավային համակարգի մի մասը։ Այն համանուն այգու հիմնական տեսարժան վայրն է։ Մակերեսը կազմում է 214 կմ²։ Մոտակա քաղաքն է Բրաունվիլը[5]։ Պարկը գտնվում է ԱՄՆ ազգային պարկերի ծառայության ղեկավարության տակ։ Այն հիմնադրվել է 1941 թվականի հուլիսի 1-ին, իսկ 1981 թվականի հոկտեմբերի 27-ին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ։ 1990 թվականի սեպտեմբերի 26-ին պարկը և Բերեն գետի հովտում ընկած մոտակա տարածքները մտան արգելագոտու միջազգային ցանկ։

Մամոնտի քարանձավը կամ Մամոնտի քարանձավային համակարգը, Ֆլինտ-Ռիջ, ստեղծվել է մոտ 10 մլն տարի առաջ[6]։ Քարանձավի իրական երկարությունն անհայտ է։ Յուրաքանչյուր տարի քարանձավագետները բացահայտում են մի քանի կիլոմետր երկարությամբ նոր մուտքեր։ Հետազոտված քարանձավային համակարգի երկարությունը 115 մ խորությամբ կազմում է 627650 մ[6]։

Քարանձավի անվանումը ոչ մի կապ չունի մամոնտների հետ։ Անգլերեն mammoth բառը երկու նշանակություն ունի՝ մամոնտ և հսկա։ Այս դեպքում այն արտահայտում է քարանձավի հսկա չափսերը, ավելի ճիշտ, նրա մուտքի մոտ գտնվող մի քանի դահլիճների ու անցումների չափսերը։

Քարանձավի ուսումնասիրված մասը ձգվում է մոտ 587 կմ։ Լրիվ երկարությունը հայտնի չէ, ամեն տարի մի քանի կմ երկարությամբ նոր անցումներ են հայտնաբերվում։ Մամոնտի քարանձավը ստեղծված է բացառիկ ամուր ապարից։

Շատ քարանձավներից Մամոնտի քարանձավը տարբերվում է արտասովոր չորությամբ։ Այստեղ շթաքարերը (ստալակտիտները) շատ չեն հանդիպում։ Այնուամենայնիվ, այստեղ կան այնպիսի վայրեր, օրինակ «Սառած Նիագարա» կոչվող դահլիճը, ուր վնասված են քարե կամարները, ինչի հետևանքով ջուրը ներթափանցել է քարանձավի ներս և առաջացել են գեղեցկագույն կարծրացած ջրվեժներ։

Ներսում ջերմաստիճանը 3 աստիճան է, մշտապես սառը քամիներ են զգացվում։ Քարանձավով անցնում են լայն գետեր։ Նրանցից մեկը՝ Ստիքսը թափվում է ստորգետնյա լիճ՝ Լետա։ Մի ուրիշ գետ, Էխո (Echo River), դուրս է գալիս գետնի երես և արդեն այնտեղ շարունակում ճանապարհը Կանաչ գետ անվանումով։ Մինչև 1990 թ. այդ գետով էքսկուրսիաներ էին կատարվում նավակներով, որոնք դադարեցվել են ֆինանսական և էկոլոգիական նկատառումներից ելնելով։

Քարանձավային գետերում ապրում է եզակի մանր ծովախեցգետին, անաչք ալբինոս։ Այդ տեսակը էնդեմիկ է, այսինքն ոչ մի ուրիշ տեղ չի բնակվում, բացի Մամոնտի քարանձավից։ Բացի այդ կենդանուց այստեղ բնակվում են կույր ձկներ և խեցգետիններ։

Քարանձավն առաջացել է մոտ 10 մլն. տարի առաջ։ Մարդիկ ծանոթ են քարանձավի գոյությանը 6000 տարուց ավելի։ Քարանձավում հայտնաբերված են հնդկացիների մումիաներ, թաղված հնդկացիներ։ Ամերիկացիների կողմից հայտնաբերված է 1797 թվականին։ Սկսած 1798 թվականից քարանձավի մուտքը գնել են այնտեղ սելիտրայի արտադրություն կազմակերպելու նպատակով։

Բայց հետագայում սելիտրայի գներն ընկան և քանի որ արդեն այնտեղ հայտնաբերվել էր հնդկացու մումիա այն վերածվեց տուրիստական տեսարժան վայրի։ 1838 թվականին քարանձավը գնեց մի ստրկատեր, որն իր ստրուկ Ստիվեն Բիշոփին նշանակեց հաճախորդների ուղեկցող։ Այսպիսով Բիշոփը դարձավ քարանձավի առաջին հետազոտողը և շատ հետաքրքիր վայրերի անվանումները հնարեց։ Նա առաջինը անցավ այսպես կոչված Անհատակ փոսը և այդպիսով բացահայտեց, որ քարանձավը շատ ավելի երկար է, քան կարծում էին մինչ այդ։ 40 տարուց ավելի օգտվում էին Բիշոփի քարտեզով, որտեղ նշված էին 16 կմ ձգվող դահլիճներ և անցումներ։

1839 թվականին քարանձավը գնել է բժիշկ Ջոն Քրոգանը և ստրուկներին՝ անհաջող փորձ կատարելով այն թոքախտավորների առողջարանի վերածել։XIX դարի սկզբին հսկայական քարանձավը դարձավ ճանաչված տուրիստական տեսարժան վայր։ Քրոգանների մահից հետո Քենթուկիի հարուստ բնակիչների մոտ առաջացավ գաղափար այն դարձնել ազգային պարկ։ 1941 թվականին իշխանություններին և հետաքրքրված մարդկանց հաջողվեց գնել քարանձավի մուտքի շրջակա հողերը և ստեղծել ազգային այգի «Մամոնտի քարանձավ»։ 1954, 1955, 1960 և 1961 թթ-ի գիտարշավները հայտնաբերեցին, որ քարանձավը միանում է մոտակա փոքր քարանձավների հետ՝ Բյուրեղայինի, Անհայտի և Աղիի։ Իսկ 1972 թվականին գիտարշավը բացահայտեց, որ Մամոնտի քարանձավից անցում կա դեպի Ֆլինտ-Ռիջ քարանձավային համակարգ, այսպիսով պարզելով, որ Կենտուկիի երկու հիմնական քարանձավային համակարգերը կազմում են մի ամբողջություն։

1926 թվականին քաղաքացիների կողմից կազմավորվեց ազգային պարկի ընկերություն «Մամոնտի քարանձավ»։ 1926 թվականի մայիսին հայտնվեց պետական նախագիծ պարկ ստեղծելու վերաբերյալ[6]։ Սակայն պլանավորված արգելավայրի տարածքում գտնվում էին բազմաթիվ ագարակներ և անհատական հողային տարածքներ, որտեղ բնակվում էին հազարավոր մարդիկ։ Ագարակների մի մասը գնվեց ազգային պարկ ընկերությունը՝ նվիրաբերած գումարներով։ Մյուս մասը ստիպողական օտարվեց պետության կողմից՝ դատարանի միջոցով։ Օրենքով օտարված հողատարածքների սեփականատերերը պետք է ստանաին դրամական փոխհատուցում, սակայն արժեքները իջեցված էին։

1934 թվականի մայիսին ազգային պարկերի ընկերությունը և պետական իշխանությունները կարողացան ձեռք բերել հողատարածք պարկի «միջուկի» համար և 1936 թվականին պարկի համար տրամադրված հողատարածքները պետականացվեցին ազգային պարկերի դաշնային ծառայության կողմից։

Պարկը պաշտոնապես բացվեց 1941 թվականի հուլիսի 1-ին։ Նույն ժամանակ կազմակերպվեց ԱՄՆ ազգային քարանձավաբանական ընկերությունը։ Պարկի առաջին տնօրեն դարձավ Թեյլոր Հոսքինսը։ Ազգային պարկերի ծառայությունը շարունակում էր ձեռք բերել քարանձավների տարածքներ պարկի շրջակայքում։ 1961 թվականին պարկն ստացավ իր ժամանակակից ուրվապատկերը։

Զբոսաշրջիկները իջնում են քարանձավ

Ազգային պարկերի ծառայությունը քարանձավի հաճախորդներին առաջարկում են էքսկուրսիաներ մի քանի տարբերակներով։ Քարանձավում նշանավոր տեղերից են Գրանդավենյուն, Սառած Նիագարայի, Հաստլիկի տանջանքը։ Քարանձավի լուսավորված հատվածներում էքսկուրսիաները տևում են 1-6 ժամ։ Անցկացվում են նաև երկու էքսկուրսիա առանց էլեկտրական լուսավորության։ Այդ ժամանակ հաճախորդներին առաջարկում են իրենց հետ վերցնել թորած նավթով լապտեր։ Անցկացվում են մի քանի «վայրի» էքսկուրսիաներ քարանձավի հետազոտված մասերում, որտեղ կարիք կա բարձրանալու կեղտոտ և փոշոտ մուտքերով։ 1990 թվականի սկզբին առաջարկվեց Էխո ստորգետնյա գետով նավակով էքսկուրսիա։ Սակայն այդ էքսկուրսիաները դադարեցվեցին գետի ֆաունային այցելուների կողմից վնաս պատճառելու հետևանքով[6]։

Այսօր քարանձավի յուրօրինակ գեղեցկությունը հրապուրում է հազարավոր մարդկանց աշխարհի բոլոր երկրներից։[փա՞ստ]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Park Service Listing of AcreageNational Park Service, 2018.
  2. World Heritage List: Mammoth Cave National ParkUNESCO.
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://irma.nps.gov/Stats/SSRSReports/National%20Reports/Query%20Builder%20for%20Historic%20Annual%20Recreation%20Visits%20(1904%20-%201979)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://irma.nps.gov/Stats/SSRSReports/National%20Reports/Query%20Builder%20for%20Public%20Use%20Statistics%20(1979%20-%20Last%20Calendar%20Year)
  5. «Mammoth Cave Visitation Statistics» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.անգլ.՝
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Mammoth Cave National Park Frequently Asked Questions» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.անգլ.՝

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամոնտի քարանձավի ազգային այգի» հոդվածին։