1799 թվականին Պետերբուրգում ընդունվել է Պրեոբրաժենսկի գունդ, որպես պրապորշչիկ, ապա տեղափոխվել Պավլովյան գրենադերյան, Մենգրելյան հետևակային գնդերը։ Մասնակցել է 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Բատինի ճակատամարտում (1810)։ 1812 թվականի Հայրենական պատերազմում հղել է հեծյալ ջոկատների հրամանատար։ Պարգևատրվել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով և ստացել գնդապետի կոչում։ Լայպցիգի ճակատամարտում (1813, հոկտեմբեր 16-19) ծանր վիրավորվել է։ Ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
1816 թվականին Մադաթովը նշանակվել է Ղարաբաղում տեղավորված ռուսական զորքերի հրամանատար, իսկ 1817 թվականից՝ Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների օկրուգային պետ։ Մասնակցել է Դաղստանի լեռնականների դեմ մղած կռիվներին և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին։ Մադաթովի հրամանատարությամբ գործող փոքրաթիվ ջոկատը (2000 զինվոր) 1826 թվականի սեպտեմբեր 3-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ տարավ պարսկական 10-հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցեց սեպտեմբեր 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտին։ Նրա զորքերը 1826 թվականի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրեցին պարսկական նվաճողներից։ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Մադաթովը կռվել է Դանուբյան բանակում։ Նրա հեծյալ դիվիզիան փայլուն հաղթանակ տարավ բուլղարական Շումլա բերդի մոտ, գրավեց Իսակչեյ և Գիրսով ամրոցները։ Այստեղ Մադաթովը հիվանդացավ ու վախճանվեց։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց Պետերբուրգ և ամփոփվեց Ալեքսանդր Նևսկու վանքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 126)։