Ղևոնդանց անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղևոնդանց անապատ
Շինության ձևխմբային հուշարձան
Ներկա վիճակկանգուն

Ղևոնդանց անապատ, գտնվում է Սարգսաշեն, Մոշխմհատ, Զարդարաշեն, Ղարաբուլաղ և Ավետարանոց գյուղերի արանքում՝ լեռան կատարին։ Այն տեղական բարբառով անվանում են Ղոնդիկ անապատ։ Ճարտարապետության և բնության ներդաշնակությունն ավելի են ընդգծում շենքերի վրա օգտագործված սպիտակակապտագույն երանգի քարերը։

Պատմական աղբյուրներն աղոտ տեղեկություններ են տալիս Արցախի հնագույն այս հուշարձանի մասին։ Տեղում կատարած ուսումնասիրությունները, անապատի տարածքում պահպանված հին խաչքարերը, ճարտաարպետական մասերի բեկորները, տեղական բնակչության զրույցները հաստատում են, որ այստեղ եղել է բավականին մարդաշատ և բարգավաճ հոգևոր կենտրոն ու կրթական օջախ։

Անապատում գտնված հին շենքերի բեկորները ձևով և զարդանախշերով համապատասխանում են 5-7-րդ և 13-րդ դարերին։ Ենթադրվում է, որ ավերվել է արաբական հարձակումների ժամանակ ու վերակառուցվել 13-րդ դարում, այնուհետև հիմնահատակ կործանվել է ու վերստին վերաշինվել մելիքների օրոք։

Ղևոնդանց անապատը խմբային հուշարձան է՝ բաղկացած եկեղեցուց, գավթից, զանգակատնից, կարասանման ջրհորից, երկհարկանի հյուրատնից, ավերված խցերից և ցանկապատի ներսում գտնվող այգուց։ Եկեղեցին շինված է տեղական անմշակ քարից։ Աղոթասրահը ներկայացնում է 6,20×3,60 մ չափի դահլիճ։ Բեմը սրահի մակարդակից բարձր է 80 սմ, խորաններ չունի։ Լուսավորությունը ստանում է արևելյան ու արևմտյան պատերում եղած բացվածքներից։ Բեմը երկու կողմերում հավասար հեռավորության վրա ունի պտրհան-խորշերի (պատերի մեջ փորված խորշեր)։

Արևմտյան ճակատում բացվող դուռը փոքր է։ Եկեղեցու ներսում կան երկու խաչքար՝ 13-րդ դարի զարդանախշերով ու քայքայված արձանագրություններով։ Շինության արևմտյան կողմից կից է գավիթը, որն ունի 4,80×3,25 մ չափերի ուղղանկյուն հորինվածք։ Լրացուցիչ լուսավորություն է ստանում հարավային կողապատի լուսամուտից։ Սրահի կողապատերը որմնամույթերին հենվող կամարների շնորհիվ վեր են ածվել չորս հավասար մեծության խորշերի։ Շարվածքը իրականացված է կոպտատաշ քարերով։ Շաղախը տեղ-տեղ թափված է։ Ներսում կա մի հին խաչքար, որն ունի 12-13-րդ դարերի խաչքարերին հատուկ զարդանախշեր։ Դռան բարավորի քարը և եզրաքարերը թափված են։ Իր հատակագծային և ծավալատարածական թևերով այս եկեղեցին հիշեցնում է Սուրբ Հակոբավանքի և Բռի եկեղեցիներին։

Եկեղեցու մուտքի հյուսիսային կողմում կա մի փոքրիկ արձանագրություն՝ «Թվին ՌՃԷ» (1658)։ Գավթի դռան նույն մասում անաղարտ մնացել է «ՌՄԻԷ-ին (1775) յիշատակ է գաւիթս Զաքարիա Յովսէփ և Մելքոն վարդապետանց» եռատող արձանգրությունը։

Գավթին արևմուտքից կից է զանգակատունը՝ քառակուսի (2×2 մ) հատակագծով։ Հյուսիսային և հարավային կողապատերի երկայնքով (46 սմ լայնքով) կառուցված են նստարաններ։ Դռան երեսակալները սրբատաշ քարով են շարված։ Զանգակատան մուտքի երկու կողմերում կանգնեցված են երկու հին խաչքարեր, որոնց փորագրությունները գրեթե ջնջված են։

Եկեղեցու հարավարևելյան մասում հյուսիս-հարավ առանցքով երկհարկանի հյուրատունն է։ Առաջին հարկը թաղակապ է, բաժանված երկու մասի՝ իրենց առանձին բուխարիներով և պտրհան-խորշերով։ Երկրորդ հարկը, որը ծածկված է եղել գերաններով, ունեցել է պատշգամբ և լայն բացվածքով լուսամուտներ, խարխլված է։ Արևելյան ճակատապատում՝ խնամքով մշակված մեծ սալաքարի վրա կա արձանագրություն․ «Ի յիշատակ հանգուցեալ Գէորգի-բեկ Առստամյեան Մելիք-Յովսեփեանի կառուց զկրկնայարկ սենեակն Դուստր նորա Քեթեքան ժամհարեան յամի 1896»։

Անապատի քարե ցանկապատի ներսի արևելյան կողմում պահպանվել է ջրհորը։ Կարասանման կողերով ջրհորն ունի 8-10 մ խորություն, 3-4 մ լայնություն։ Կափարիչի տրամագիծը 40 սմ է։ Այն կառուցված է քարե շարվածքով և կրաշաղախով։

Վանական տարածքում պահպանվում են տասնյակ գերեզմանաքարեր և պտղատու այգի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստանի» հրատարակչություն, 1985