Ձմեռ (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ջուզեպպե Արչիմբոլդո[1] |
| տարի | 1573 |
| բարձրություն | 76 ± 1 սանտիմետր[2] |
| լայնություն | 63,5 ± 0,1 սանտիմետր[2] |
| ժանր | այլաբանություն[3] |
| նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
| գտնվում է | Louvre storage (depot)? |
| հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
| սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
| հիմնական թեմա | ձմեռ |
| մասն է | Չորս եղանակ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Ձմեռ (իտալ.՝ l’Inverno), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) նկարը, որն ստեղծվել է 1573 թվականին։ Նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գտնվում է Լուվրի թանգարանում[4]։ Չափերը՝ 76 × 64 սմ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ձմեռ» նկարը «Տարվա եղանակներ» շարքի («Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ») ստեղծագործություններից է։ Անձնավորում է ծերությունը։ Ձմռան այլաբանական դիմանկարը ներկայացված է մի հիվանդ ծերունու պատկերով։ Նա պատկերված է որպես հին կոշտուկավոր կոճղ մութ ֆոնի վրա։ Նրա մարմինը փաթաթված է ծղոտե խորհրդանշական թիկնոցով։ Գլխարկի վրա պատկերված են երկու խաչված սրեր։ Դեմքի մաշկին, որը խոր կնճիռներ ունի, փոխարինում է ծառի կեղևը։ Նրա գլխին մազերի փոխարեն միահյուսվել են կանաչ բաղեղով փաթաթված ճյուղերը։ Փտած փչակը փոխարինում է ականջին։ Շրթունքները պատկերված են հին կաճղերի վրա աճող սնկերի տեսքով։ Քիթը կոտրված ոստիկ է։ Նրա կրծքից դուրս է գալիս հասուն կիտրոնով և մանդարինով ճյուղը։ Ծերունին մռայլ և դժգոհ նայում է կիտած հոնքերի տակից[5]։ Ճիշտ այնպես, ինչպես տվյալ շարքի մյուս դիմանկարները, որոնք պահվում են Լուվրի հավաքածուում, Ձմռան դիմանկարը շրջանակված է ծաղկային շղթայով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տարվա եղանակներ» շարքը 1573 թվականին պատվիրել է կայսր Մաքսիմիլիան II-ը որպես նվեր իր ընկերոջը և դաշնակցին՝ Օգոստոսին (Սաքսոնիայի կուրֆյուրստ), որի զինանշանը՝ Մեյսենի խաչված սրերը, նկարվել են ձմռան խորհրդանշական թիկնոցի վրա։ Այսպիսով, Արչիմբոլդոն վերսկսել է «Տարվա եղանակներ» նկարների ավելի վաղ ստեղծված շարքը, որը 1569 թվականին նվիրել էր Մաքսիմիլիան II-ին «Չորս տարերքներ» («Ջուր», «Հող», «Կրակ» և «Օդ») շարքի հետ միասին։ Ծաղիկներով շրջանակումը, ամենայն հավանականությամբ, ավելացվել է այլ նկարչի կողմից XVII դարում[4]։
«Տարվա եղանակներ» շարքի նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարուն, 1573 թվական, Լուվր
- Ամառ, 1573 թվական, Լուվր
- Աշուն, 1573 թվական, Լուվր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010064967
- 1 2 Joconde (ֆր.) — 1975.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 JocondeLab — 2014.
- 1 2 «Giuseppe ARCIMBOLDO. L'Hiver». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ ««Зима», Джузеппе Арчимбольдо — описание картины». Музеи мира. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
| ||||||||
