Հրկիզված թղթեր (Վահան Թոթովենց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրկիզված թղթեր
ՀեղինակՎահան Թոթովենց
Ժանրվիպակ
Լեզուհայերեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1934
ՎիքիդարանՀրկիզված թղթեր

«Հրկիզված թղթեր», Վահան Թոթովենցի՝ 1930-ական թվականներին գրված վիպակներից, որում գլխավոր հերոսը բացահայտում է եվրոպական բուրժուազիայի իրական պատկերը և դառնում Խորհրդային երկրի անմնացորդ նվիրյալ։ Լույս է տեսել է 1934 թվականին Երևանում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրերից Թոթովենցն անցավ հեղափոխության դիրքերը, և դա բնական էր, քանի որ բխում էր նրա ստեղծագործական խառնվածքից։ Նա տեսել էր և՛ եվրոպական գովաբանված դեմոկրատիան, և՛ ազատության իրական պատկերը, համոզվել, որ դրանք հեռու են իր ձգտումներից ու երազանքներից[1]։

Վիպակի հերոսն էլ դառնում է մարքսիստական գաղափարների կրողը, սակայն, ի տարբերություն Թոթովենցի, անցնում է հոգեկան վայրիվերումների տառապալից ուղի ներքին տատանումներ, ապա տեսնելով նոր աշխարհի սուտն ու կեղծիքը՝ անցում է կատարում խորհրդային գաղափարախոսությանը, դառնում նրա հավատարիմ և անվերապահ նվիրյալներից մեկը։

Չնայած այս ամենին՝ արժանանում է շատ սուր արձագանքների իշխանության կողմից այն աստիճան, որ Թոթովենցն ստիպված է լինում հրապարակային հայտարարել, թե «Հրկիզված Թղթերը» իրականում մարքսիզմի աղավաղման փորձ է և գրական կեղծիք[2]։

Վ. Թոթովենց, Երկեր, 1957

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Նոյեմբերյան հեղափոխությունից տուժել էին շատերը, բայց պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը առանձնապես չտուժեց։ Նոր իշխանությունը նրան վստահեց Բարձրագույն ուսումնական հաստատության՝ Արևմտյան Եվրոպայի պատմության ամբիոնը, ինչպես նաև նշանակեց Գիտական խորհրդի անդամ, ինչը մեծ պատիվ էր գիտնականի համար։ Այդուհանդերձ, պրոֆեսորը չէր համակերպվում հեղափոխության հետ. դա նրան օտար էր, անախոր զգացումներ էր առաջացնում։ Բայց քաջություն չունենալով այդ մասին խոսել դրսում և համալսարանական միջավայրում՝ Մելիք-Անդրեասյանն իր մտածումները կիսում էր կնոջ՝ Ելենա Բեգլարովայի հետ՝ ամեն անգամ կրկնելով իր անփոփոխ կարծիքը, թե «քաղաքակիրթ պետությունների հետ պետք է սերտ կապ պահպանել»[2]։ Նա առաջ՝ մինչև հեղափոխությունը, չէր խառնվում օրվա քաղաքական անցքերին, քանի որ վախենում էր կորցնել պատմության ամբիոնը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո սկսեց արձագանքել քաղաքական բոլոր երևույթներին՝ չհայտնելով սեփական կարծիքը, ըստ որի հին կյանքն իր բոլոր դրսևորումներում առավել գովելի էր։

Մելիք-Անդրեասյանը մի մարդ էր, որ դեռ վաղ տարիքից սովորել էր համակերպվել բոլոր երևույթներին, խոնարհվել էր վեր բարձրանալու համար և ահա նորից սկսեց խոնարհվել վար չընկնելու համար։ Լինելով ընթերցանության մեծ սիրահար՝ նա կարճ ժամանակում կարդաց, վերլուծեց և յուրացրեց մարքսիզմի կլասիկան։ Նա նախկինում արած իր վերլուծություններում «ազգ» և «Ժողովուրդ» բառերը փոխարինեց «դասակարգ» բառով, փորձեց գտնել պատմական երևույթների տնտեսական հիմքը։ Բայց, եթե պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը լիներ մի քիչ համարձակ մարդ, պետք է դուրս գար և հայտարարեր հրապարակավ, որ կեղծիքը խեղդում է իրեն և այլևս չի կարող շարունակել։ Բայց նա լռեց։

Վաղուց էր նա սովորել, և այդ սովորությունը դարձել էր նրա մեջ օրինական միս ու արյուն, որ լռությունը գանձ է։

Նա հասկանում էր, որ իր դասախոսությունների ժամանակ ասում էր բաներ, որոնք խորթ էին իր համար, անընդունելի, նա զգում էր իր ասածների անհեթեթությունը։ Բայց կինն ասում էր, թե ցանկացած գիտության մեջ ճշմարտության հատիկ, այնուամենայնիվ, կա։ Պրոֆեսորն ինքն իրեն չէր ներում, որ նախկինում պաշտամունքի առարկա դարձրած Նապոլեոնի մասին խոսելով՝ շատ հեշությամբ ապացուցել էր նրա՝ խոշոր պատմական ավանտյուրիստ լինելը։ Ելենա Բեգլարովնան աշխատում էր ամուսնուն լավ տրամադրել դեպի նոր կարգերը, նա խորապես համոզված էր, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր փոխվի, եթե որևէ ամբողջական պատմություն կամ պատմական դեպք կամ դեմք այսպես բացատրվեր կամ այնպես, միայն տարբերությունն այն կլիներ, որ կառչելով հին տեսակետներին՝ պրոֆեսորը կկորցներ իր հասարակական դիրքը։

Բայց քանի անցնում էր ժամանակը, պրոֆեսորն ավելի էր զգում հին կյանքի կարոտը. երկար ժամերով կանգնում էր պատշգամբում, նայում Արարատյան դաշտին, արագլներին, որոնք վերադառնում էին հարավի երկրներից, և որոնց վրա չազդեցին հասարակական և քաղաքական փոփոխությունները։

Պրոֆեսորական կոչում ստանալու հենց առաջին օրից Մելիք-Անդրեասյանը որոշեց օրագիր պահել, որ ընդհատումներով շարունակվեց մինչև Նոյեմբերյան հեղափոխությունը, իսկ հեղափոխությունից հետո թողեց՝ վերսկսելու պայմանով, երբ ամեն ինչ կհանդարտվի։ Սակայն այդպես էլ չշարունակեց, որովհետև ոչինչ չհանդարտվեց։ Իսկ այժմ, ընթերցելով հին գրածները, զգաց, որ նախկին մութ կետերը հիմա կարծես լուսավորվել են։ Ուրեմն նոր գիտությունը՝ մարքսիզմը, հակառակ իր բոլոր դիմադրություններին, մուտք էր գործել իր գիտակցության ու դատողության մեջ, կանթեղներ վառել իր իմացականության մեջ։ Եվ ինքն էլ չիմացավ, թե ինչու վերցրեց Էնգելսի «Անտի-Դյուրինգը», մոտեցավ գրասեղանին ու սկսեց կարդալ։ Պրոֆեսորն օր օրի հասկանում էր, որ Նապոլեոնի պես հսկան ընկնում է, խորտակվում իր հոգու տաճարում։

Երբ Մելիք-Անդրեասյանի մոտ գալիս են նրա ուսանողները և ներկայացնում պատմության խմբակի ծրագրերը, նա ասում է, որ դա հին մեթոդով է արված, և պետք չէ պատմության հասարակական, տնտեսական և քաղաքական երևույթները միմյանցից առանձին քննել։ Ապա առաջարկում է կազմել մի խմբակ, որ կուսումնասիրի պատմության ըմբռնման հին մեթոդները։ Այդուհանդերձ, պրոֆեսորի հոգին դեռ երկվության մեջ էր, նա մտածում էր, որ այդպիսի քայլերով կործանում է ինքն իրեն, բայց հակառակ դեպքում ստիպված կլիներ թողնել պատմության ամբիոնը։ Մի անգամ փողոցով քայլելիս նա տեսնում է մի եկեղեցի՝ հին ու լքված, և մի ներքին մղում նրան տանում է դեպի եկեղեցին, դեպի հինը։

Ինչպե՞ս կարելի է,— մտածեց պրոֆեսորը,— արվեստի այս բեկորների տակ գտնել տնտեսական ինչ որ բազա, սրանց քանդակող անհայտ արվեստագետի հոգում ինչպե՞ս կարելի է բռնադատորեն դնել տնտեսական կարիքի ողորմելի հերոսին։

Էջմիածնում մեռոնեփեքի տոնին չգնացին ո՛չ պրոֆեսորը, ո՛չ Ելենա Բեգլարովան, փոխարենը մի քանի օր անց ինչ-որ գրքի պատրվակով պրոֆեսորն ուղևորվեց Էջմիածին։ Իրականում նա գնում էր այնտեղ հին կյանքի կարոտն առնելու, փարատելու իր ներքին ալեկոծությունները, գնում էր հատկապես կաթողիկոսին տեսնելու։ Բայց հասնելով Էջմիածին և խոսելով դրադարանավարի և հետո կաթողիկոսի հետ՝ Մելիք-Անդրեսյանը սարսափելի հիասթափություն ապրեց։ Նա զգաց վանքի բակում տիրող գարշահոտությունը սուրբ տոնից հետո, տեսավ այն միջավայրը, որից մինչև հոգու խորքը հոգնել էր գրադարանավարը և եթե հնար լիներ կկտրեր, կպոկեր այդ գրադարանը հողից, կթռցներ մի տեղ և նորից կկռանա գրքերի վրա` հաճույք զգալով տքնաջան, քրտնաթոր և մաշեցնող աշխատանքից։ Իսկ կաթողիկոսին հանդիպելուց հետո պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, տեսնելով նրա ժլատությունն ու աշխարհիկությունը, ամաչեց ինքն իրենից և շշնջաց.

Ահա հնի սիմվոլը, ահա այն անձնավորությունը, որի մեջ պետք է բարձրացած լինեին հին հավատքի մարմարյա սյուները, բայց լիմոն, պահարան, բանալիներ և կլիզմա…

Հեռանալով Էջմիածնից՝ Մելիք-Անդրեասյանը գնաց Ղազարապատ, ուր եկեղեցին գտավ ողբագին ու աղեխարշ լռության մեջ։ Կարծես դարերով չէր մաքրվել քամու բերած կեղտն ու փոշին, ամենուր անխնամ էր ու անծաղիկ, ինչպես վանականի հոգին։ Այդ վայրը զուրկ էր մինչև անգամ քրիստոնեական միստիցիզմից։ Եկեղեցու զանգերը, որ մի ժամանակ կանչում և հավաքում էին հազարավոր հավատացյալների, այժմ հնչում էին միայն մի ծեր կնոջ համար, որը հպարտ էր դրանով. այժմ աստծո ականջն ազատ է լսելու միայն իր աղոթքները։ Իսկ ինքն ամեն օր կատաղի եռանդով խնդրում էր փրկել իր որդուն, որ բոլշևիկ է և կռվում է եկեղեցու դեմ։

Եվ կան մեզանում մարդիկ,— մտածում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— հենց ես ինքս նրանցից եմ, որ փարված են հին այդ ոճին, շղթայված մոմապատ մատուռների մթնշաղում։ Պետք է հանգիստ թողնել այդ որմերը, խաչքարերը...

Երեկոյան նա հյուրընկալվում է իրեն ծանոթ մի ճարտարապետի մոտ, որ կնոջ հետ ապրում էր վանքի բակում՝ սև քարերից կառուցված երկհարկանի վարդապետական խուցերից մեկում։ Միասին քննարկում են տեղի ճարտարապետական կառույցներն, ու ճարտարապետն ասում է, թե դրանք պիտանի են միայն պատմության, արվեստի ու տեխնիկայի տեսանկյունից, բայց դրանց ոճն անդարձ կորած է։

Իմ ուսումնասիրություններն ունեն մի այլ նպատակ ևս՝ ճշտել մեր կուլտուրայի վերելքի և անկման շրջանները, մեր պատմագիրները, ավելի շուտ` տոհմագիրները սխալ պատկերացում են տալիս այդ մասին, մեր նյութական կուլտուրան այլ բան է ասում մեզ, քարը չի ստում, ինչպես իշխաններից, նախարարներից և մեծ եկեղեցականներից տոհմագրությունն արձանագրելու պատվեր ստացող պատմագիրները։

Ճարտարապետն իր խոսքերում հերքում է հոգևոր արվեստը՝ գտնելով, որ գրական մշակույթը ևս հիմնված է նյութի՝ մատերիայի վրա։ Իր մտքերով ճարտարապետը հանգում է մարքսիստական ուսմունքին, ասում, որ յուրաքանչյուր բարեխիղճ գիտնական հանգում է մարքսիզմին։ Պրոֆեսորը հիշերում է նրա տանը, իսկ առավոտյան վերադառնում Երևան։

Պրոֆեսորը մի կրպակից գնում է մի ողկույզ խաղող. դա նրա համար մեծ արժեք էր, քանի որ հողի լույսը կար նրա մեջ, և ուրիշ ոչինչ չէր կարող ստեղծել այդ ողկույզը, բացի հողից, այսինքն՝ մատերիայից։ Հետո նա հանդիպում է իր հին ընկերներից մեկին՝

Պրոֆեսոր Տեր-Մինասյանին, ով հայ հնագույն գրականության դասախոս էր։ Նրանք խոսում էին փոփոխությունների մասին, որոնք կատարվել են իրենց հետ և շրջապատում։ Մելիք-Անդրեասյանն ասաց, որ ոչ մի փոփոխություն առանց ցավի չի լինում, բայց փոփոխություններն անհրաժեշտ են, իսկ Տեր-Մինասյանն այն կարծիքին էր, թե փոփոխությունները չափ պիտի ունենան, եվ մարդիկ իրենց դիրքը չկորցնելու համար են հաճախ փոփոխությունների գնում։ Երբ Մելիք-Անդրեսայանը մենակ մնաց, ճգնում էր ազատվել հին ընկերոջ արած եզրակացությունից, բայց այդպես էլ չկարողացավ, որովհետև մարդ երբ մենակ է, անխուսափելիորեն և դաժանորեն անկեղծ է։

Պրոֆեսորը տուն եկավ, և երբ Ելենա Բեգլարովայի հետ զրուցում էր, ներս մտավ Վահրամ Անանյանը՝ պրոֆեսորի ամենաուշիմ ուսանողներից մեկը։ Նա վերջերս գրեթե ամեն օր այցելում էր իր դասախոսին, նստում գրադարանում, կարդում, նոթեր վերցնում, թեյում էր նրանց հետ և կարելի է ասել՝ համարվում էր տան անդամներից մեկը։

Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնարկը որոշում է պրոֆեսորներից մեկին վեց ամսով Եվրոպա գործուղել։ Երբ հիմնարկության ղեկավարն առաջարկեց Մելիք-Անդրեասյանի անունը, ոչ մի առարկություն չեղավ, փոխարենը կինը դեմ կանգնեց մենակ գնալու մտքին՝ խնդրելով, որ իրեն էլ հետը տանի։ Այնուամենայնիվ, Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը Եվրոպա մեկնեց առանց կնոջ։ Իսկ կնոջն ուղղված անզգացմունք նամակներին կինը պատասխանում էր մի ձևով. ամուսնուն դավաճանում էր Վահրամ Տիգրանիչի հետ։

Պրոֆեսորը գնում էր դեպի բուրժուազիան, իր կարծիքով դեպի հոգու և գիտության բացարձակ ազատություն, բայց հենց առաջին քայլից նա տեսնում է հակառակ պատկերը՝ այլասերվածություն և զեխություն։ Նա հասնում է Փարիզ, հիանում քաղաքի բոլոր հմայքներով, բայց միևնույն ժամանակ տեսնում է այն կեղտոտ միջավայրը, որից զերծ չեն մնում մինչև անգամ երեխաները։ Հետո տեսության է գնում իր նախկին հովանավորին՝ Միրզա-Նուբարյանին, որը բոլշևիկյան հեղափոխությունից հետո զրկվել էր իր ողջ ունեցվածքից և այժմ ծայր աղքատության մեջ էր ապրում։ Հիշելով նախկին փառքն ու ուեցվածքը և այն, թե ինչպիսի պատկառանքով և երկյուղածությամբ էր ինքը մտնում ուսուցչի տուն՝ Մելիք Անդրեասյանը գալիս է մի եզրակացության. մարդը ոչինչ է առանց փողի։ Եվ նա զգում է, որ իր մեջ շատ ավելի խորքային փոփոխություններ են կատարվել, և նա, ով մի որոշ ժամանակ առաջ համառ և լուռ պայքար էր մղում մարքսիստական ըմբռնման դեմ, այժմ փախչում էր եվրոպացի իդեոլոգիստներից՝ ձգտելով Խորհուրդների երկիրը։

Նա տեսավ, որ Եվրոպան, որի սիրտն էր համարվում Փարիզը, բռնված է շահագործման ահավոր տենդով, խաբում են բոլորը, բոլորը, ամեն ինչ չափվում է շահագործման աստիճաններով, որքան շատ է շահագործում մեկը, այնքան բարձր է նրա պատիվը։

Հալչում էր մարդկային ստեղծագործող տարրի կյանքը, հալչում էր՝ ինչպես մոմը հնոցում։

Բուրժուական հարաբերությունների բարդ ու խճճված հանգույցներում նրա հոգին ձգտում էր դեպի խորհրդային պարզությունը։

Եվրոպա գալով՝ պրոֆեսորը որոշել էր հանդիպել էմիգրանտ եղբորը՝ Հարությունին, որի հետ ունեցած խոսակցությունից հետո հասկանում է, իրենք երկու տարբեր գաղափարների կրող են, տարբեր բանակների զինվորներ։ Ապա հեռանում է նրանից՝ վերջին նամակում ասելով, թե Բաբկենին մարքսիստական գաղափարներով առաջնորդվելու համար, և չի թողնի գնալ հոր ճանապարհով։

Վերադառնալով Երևան՝ պրոֆեսորի առաջին գործն է լինում այրել հին թղթերը, որոնցում հին կյանքն էր պատկերված՝ ասելով

— Հնից ոչ մի հիշատակ չպետք է մնա…

Ապա ներողություն է խնդրում Ելենա Բեգլարովայից՝ նրան մենակ թողնելու համար։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյան - Արևմտյան Եվրոպայի պատմության ամբիոնի դասախոս

Ելենա Բեգլարովա - Պրոֆեսորի կինը

Էջմիածնի վանքի գրադարանավար

Կաթողիկոս[3]

Ճարտարապետ

Պրոֆեսոր Տեր-Մինասյան - Հայ հնագույն գրականության ամբիոնի դասախոս

Վահրամ Տիգրանիչ Անանյան - Պրոֆեսորի ամենաուշիմ աշակերտներից

Միրզա-Նուբարյան (Ալեքսանդր Իվանիչ) - Մելիք-Անդրեասյանի նախկին ուսուցիչն ու հովանավորը

Աննա Ջումշուդովնա - Միրզա-Նուբարյանի կինը

Հարություն - Մելիք-Անդրեասյանի եղբայրը

Բաբկեն - Մելիք-Անդրեասյանի եղբորորդին

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոթովենցին հատուկ է կյանքի լայն ընդգրկումը, երևույթների ռեալիստական պատկերումը։ Վիպակի գլխավոր գաղափարն էլ ցույց տալն էր Եվրապայի կեղծ ազատասիրական գաղափարները, քողարկված այլասերությունն ու կեղտոտ միջավայրը։ Հեղինակը բազմակողմանիորեն ներկայացնում է Հայաստանում տիրող մթնոլորտը հեղափոխությունից հետո, իսկ եվրապական զեխ միջավյրի նկարագրությունը կարծես հպանցիկ է լինում։ Նա իր հերոսին տանում է ինքնաճանաչման և ինքնամաքրման մի երկար ու դաժան ճանապարհով, որի վերջում, սակայն, հերոսը գիտակցում է խորհրդային գաղափարների ճշմարտությունն ու պարզությունը և անվերապահորեն նվիրվում դրանց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թոթովենց, Վահան (1957 թվական). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/totovenc_erker_1957.pdf (PDF). «Երկեր». Երևան: Հայպետհրատ. էջ 4. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)
  2. 2,0 2,1 Թոթովենց, Վահան (1989). «Երկեր». Երևան: Խորհրդային գրող. էջ 551.
  3. Կաթողիկոսի անունը չի տրվում, բայց այս ժամանակաշրջանում կաթողիկոս էր Խորեն Ա Մուրադբեկյանը (Տփղիսեցի)։