Հուսական նահատակ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուսական նահատակ վանք
Husakan Nahatak vank mutq.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Դաշբուլաղ, Շամքորի շրջան, Ադրբեջան
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Առաջին հիշատակում1590 թ.[1]
Կոորդինատներ: 40°46′43.622400100006″ հս․ լ. 45°49′37.048800099992″ ավ. ե. / 40.77878400002777681° հս․. լ. 45.82695800002777275° ավ. ե. / 40.77878400002777681; 45.82695800002777275

Հուսական նահատակ վանք (նաև՝ Հուսական վանք, Ոսկան Ճգնավորի վանք, Ոսկանի վանք, Ոսկյանց վանք, մուսուլմանները կոչում են Բալաճըխ), միջնադարյան հայկական վանք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Շամքորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգում։ Գտնվում է Դաշբուլաղ գյուղից 0,5 կմ արևելք՝ Բադա (Լղարակ) և Չարդախլու գյուղերի միջև, ծովի մակերևույթից 1200 մ բարձրության վրա[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսկան վանքը ավանդաբար կապված է ոմն նահատակ ճգնավորի անվան հետ, որի մարմինն ամփոփված է եղել վանքում. «Մատուռի[3] հարաւակողմը, մի փոքրիկ խուցաձև շինութեան մէջ, կայ մի անյայտ գերեզման, որն և անուանում են Ոսկան նահատակ, և որին ուխտ են գալիս և թուրքեր, վերջիններս անուանում են այս ուխտատեղը Բալաճըխ»[4][5][6][7][8]։

Համաձայն Հուսկան նահատակ վանքում պահպանված մի խաչքարի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1590 թվականին։ Ճիշտ է, այդ վիմագիրն ավելի ուշ ժամանակների փորագրություն է, ամենայն հավանականությամբ, 19-րդ դարի երկրորդ կեսի, սակայն կա կարծիք[1], որ դրա հեղինակն իր ժամանակին ձեռքի տակ ունեցել է որոշակի և վստահելի վավերագրեր, որոնք մեզ չեն հասել։ Համենայն դեպս, եկեղեցու հորինվածքային և կառուցողական առանձնահատկություններն էլ նույնն են փաստում[1]։

1883 թվականին հնավայր այցելած Հ. Մանասյանցը ցավով արձանագրել է վանքի անմխիթար վիճակը.

Aquote1.png ...բաղկացած է մէկ համարեա գոմ դառած եկեղեցուց և սրան կից մեկ փոքրիկ խորանից։ Եկեղեցում ձմեռը պահում են իրանց անասունները մօտակայ թուրքերը, հեռաւոր տեղերի ուխտաւորներն էլ, որոնք մնում են գիշերելու, իջևանում են իրանց անասուններով եկեղեցում, բեմը բոլորովին քայքայված է. ոչինչ հսկողութիւն չը կայ այն մարդկանց կողմից, որոնց յանձնված է«Մշակ», 1883, N 74, էջ 1 Aquote2.png


1884-1885 թվականներին եկեղեցին նորոգել է բադացի Կարապետ Սափարյանցը, որը «...ժրաջան աշխատութեամբ իւր առաջուան խարխուլ և կիսաւերակ դրութիւնից կատարեալ վերանորոգած է»[9][10]։

1888 թվականին եկեղեցու տարածքն էլ է բարեկարգվել[11]։

Վանքի կառույցները շարունակ քայքայվելով և երկար ժամանակ լուրջ նորոգությունների չենթարկվելու պատճառով 1893 թվականին հայտնվել էին անմխիթար դրության մեջ. «…Եկեղեցին ունէր 4 սենեակ, իսկ այժմ մնացել է 2-ը և դրանք էլ շուտով կքանդուեն։ …Սրանից մի տարի առաջ իբրև ժամկոչ այդտեղ բնակւում էր մի ծերունի, որը նայում և պահպանում էր եկեղեցին. այժմ այդ ծերունին վախճանուել է և եկեղեցին բարձի թող է արած»[12]։

1890 թվականին վանքի հերթական այցելուն նշել է.

Aquote1.png Մուտքի երկու կողմ 2 սենեակ փառավոր լուսամուտներով ուխտավորների համար։ Եկեղեցու դռան ձախ կողմ փոքր դռնակ է բացվում մի խորանի մեջ, ուր բազմած կա նահատակի գերեզմանը։ Շիրիմը շաղախված է խնկի ու մոմի կեղտի ու մնացորդների մեջ։ Խորանը արևմուտքից նեղլիկ լուսամուտ ունի։ ...Եկեղեցու արևմտեան կողմ կան հին շիրիմներ անգիր, իսկ արևելեան, հիւսիսային կողմերին կան բակեր փլված տների։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., տետր N 1, VI-11, թ. 15-16:

Aquote2.png


Հայ-թուրքական ընդհարումների ընթացքում, մասնավորապես 1905 թվականի նոյեմբերին թուրքերը եկեղեցին ավերել ու կողոպտել են[13]։

1907 թվականին վանահայր Մեսրոպ Տեր-Ստեփանոսյանցը կառույցի վերանորոգության համար կազմել է վանքի եկամուտների հաշվեմատյանը[14]։

1985 թվականին ՀՃՈւԿ-ի հետազոտական խմբի այցելության ժամանակ, եկեղեցին գտնվում էր խիստ քայքայված վիճակում, և դեռևս նկատվում էին միաբանության սենյակների մնացորդները (ամենայն հավանականությամբ, դրանք սկզբում ծառայել են որպես վանահոր բնակարան, իսկ ավելի ուշ՝ սոսկ կացարաններ ուխտավորների համար)[1]։

Հուսկան նահատակ վանքից արձանագրություններ հրատարակել են Քաջիկյանն ու Ս. Քամալյանը։ 1985 թվականին ՀՃՈւԿ-ի խմբի մեր այցելության ժամանակ տեղում գտել ենք նախկինում հրատարակած միայն մեկ խաչքարի արձանագրությունը և, բացի այդ, ընդօրինակել ենք ևս 4 արձանագրություն (ընդամենը՝ 6 միավոր)[1]։

Վանահայր[խմբագրել | խմբագրել կոդը]

1843 թվականին հիշվում է որպես տաճարի վանահայր ոմն Գաբրիել վարդապետը, ում օրոք վանքը գտնվում էր խիստ աղքատ ու խղճալի դրության մեջ[15]։

1891-1923 թվականներին վերատեսուչ-վանահայրն էր Մեսրոպ քահանա Ստեփանոսյանցը։ 1923 թվականին նա գրել է. «Ուղիղ երեսուն և երկու տարի է, որ ես վանահայր-վերատեսուչ եմ կարգուած սուրբ Հուսկան Նահատակի ուխտատեղւոյ վանքի վերայ…»։ Նրա օրոք՝ 1902 թվականին վանքում կատարվել են վերանորոգման աշխատանքներ[16][17]։

Հայտնի է, որ 1924 թվականի ապրիլի 18-ին Մեսրոպ քահանա Ստեփանոսյանցը դիմել է Գանձակի հոգևոր կոնսիստորիային վանքի անմխիթար վիճակը բարելավելու նպատակով իրեն վերստին վերատեսուչ-վանահայր նշանակելու խնդրանքով։ Նա նշել էր, որ իր պաշտոնավարության տարիներին...

Aquote1.png ...լիազորութիւն եմ ստացել բարձր իշխանութիւնից վանքը վերանորոգելու. վանքը, սրբավայրերը և թէ սենեակները, սրբոց գերեզմանները ըստ արժանոյն վերանորոգել և շքեղ երկաթի ամուր վանդակներով վանդակապատել եմ, աղբիւրներ եմ շինել, ժամանակի բարեպաշտ և ջերմեռանդ ուխտաւորաց նւերներով. իմ անխոնջ աշխատանօք յետ չեմ կասեցել և վհատուել տեսակ տեսակ ծանր և դժուարին գործերը տանելու, և վանքին ու բոլոր սրբավայրերին պղծագործող և շատ տարիներից ի վեր բուն դրած թուրքերին հալածել և արտաքսել եմ իմ մարմնաւոր իշխանութեան ազդու հրամաններովն ու օգնութեամբը. չերկնչելով նորանց մահացու սպառնալիքներին ու լպիրշ խոսքերին և միայն կերպ յաղթահարել և պարտել եմ, ևս առաւել եռանդով հոգացել եմ վանքի ներքին և արտաքին պայծառութեան համար։ ...Բայց տարաբախտաբար այս մի քանի չարաբաստիկ տարիներում վանքի վերահսկողութիւնը Տէր Գրիգորին յանձնւեց իբրև գործակալի, սակայն ...վանքն էլ մնաց անհոգատար և անուշադիր, նորից Իրմաշտլուեցի թուրքերը գրաւեցին վանքի դալարագեղ վարելահողերն ու մարգագետինները, ...նորից աճապարեցին բուն դնել վանքի շուրջը, որը օրէցօր քայքայւում և աւերւում է, ու պղծութեան ու տղմի մէջ էլ խարխափում է[18] Aquote2.png


Մեսրոպ Տեր-Ստեփանոսյանցի խնդրանքը հոգևոր իշխանությունների կողմից բավարարվել է, քանի որ նույն թվականի հուլիսի 19-ի գրությամբ նա արդեն հիշվում է որպես վանքի վանահայր։

Կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսկան նահատակ վանքի կալվածքների զբաղեցրած սահմանների, դրանց տնտեսական կացության և եկամուտների մասին որոշ տվյալներ մեզ հայտնի են միայն 19-րդ դարի վերջից։ Հայտնի է, որ 1888 թվականին կալվածական եկամուտը ծառայում էր ի նպաստ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի[19]։

1910 թվականին վանքի անշարժ ունեցվածքը բավականին կրճատվել է՝ հայտնվելով բարձիթող վիճակում[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 488-491
  2. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29.

    «Ուխտատեղիս այս գտանի ի միջակետի յաջորդութեան Ելիսաւետապօլու և գործակալութեան Շամշատինոյ»

  3. Հավանաբար այդ մատուռն է համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցին
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1,գ. 3437, թ. 15
  5. «Արձագանք», 1893, N 44, էջ 2
  6. Քաջիկեան, Ճանապարհորդական յիշատակարան, (հոդվածաշար), «Արձագանք», 1886, N 20, 23, 24, էջ 87
  7. «Մշակ», 1883, N 74, էջ 1.

    «Խորանում գտնվում է նահատակի գերեզմանը, վրան մի մեծ քար, որ բռնում է համարեա խորանում եղած բոլոր տարածութիւնը. գերեզմանաքարի վրա ոչինչ արձանագրութիւն չը կայ...»

  8. Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321.

    «...Ոսկան Նահատակ անուամբ ուխտատեղին, որ Բուլանլուղ ևս է կոչուում

  9. Գասպարեան Յովհ., Չարդախլուն և նրա պատմութիւնը, «Նոր Դար», 1889, N 197, էջ 3
  10. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., տետր N 1, VI-11, թ. 15
  11. «Արձագանք», 1888, N 7, էջ 87.

    «...այժմու պահապանը սկսած է սենեակներ շինել և եկեղեցւոյ չորս կողմը մաքրել»

  12. «Նոր-Դար», 1893, N 133, էջ 2
  13. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3764, թ. 278
  14. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ461, ց. 1, գ. 56, թ. 3
  15. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 1459, թ. 1
  16. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ461, ց. 1, գ. 56, թ. 2
  17. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 28
  18. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ461, ց. 1, գ. 56, թ. 2, 3
  19. Քաջիկեան, Ճանապարհորդական յիշատակարան, (հոդվածաշար), «Արձագանք», 1886, N 20, 23, 24, էջ 87.

    «...յաճախում են բաւական ուխտաւորներ, և որի արդիւնքը ստանում է Ներսիսեան դպրանոցը»

  20. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 28.

    «Այս վանքը ոչինչ չունի, բացի մի աւերակ դարձած սենեակից։ Ունեցել է թէև անցեալում հող, սակայն անտէրութիւնից տէրութիւնը գրաւել է...»