Հովնան Մշեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովնան Մշեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ

Հովնան Մշեցի (ծնված և մահացած թթ. անհայտ են), XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման գործիչ։

Եղել է Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր։ 1760֊ական թթ. սկզբին նամակագրական կապ է հաստատել Հովսեփ Էմինի հետ, հավանություն տվել Հայաստանի ազատագրության նրա ծրագրին։ Ստանալով վրացական զորքի հարձակման և Ռուսաստանի ռազմական աջակցության մասին Հովսեփ Էմինի հավաստիացումները՝ Հովնան Մշեցին ձեռնամուխ է եղել Արևմտյան Հայաստանում Թուրքիայի դեմ ապստամբության կազմակերպման։ Տեղեկացրել և գալիք ապստամբությանը նախապատրաստել է նաև Կ. Պոլսի, Զմյուռնիայի, Կեսարիայի, Թոխաթի, Դիարբեքիրի և հայաբնակ մյուս վայրերի հայ գործիչներին, ինչպես նաև եզդիներին ու ասորիներին։ Հովսեփ Էմինին հղված մի նամակում Հովնան Մշեցին հավաստիացնում է, որ Արևմտյան Հայաստանն ի վիճակի է ոտքի հանել 40 հազար զինված մարդ։ 1764 թվականի մարտին վրաց թագավոր Հերակլ II խրախուսական և խոստումնալից նամակ է հղել Հովնան Մշեցուն, սակայն նամակատարը (մահտեսի Գրիգորը) բռնվել է, նամակը ընկել է Երևանի խանի ձեռքը։ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը հարկադրված Հերակլ II հորդորել է դադարեցնել գործակցությունը Հովնան Մշեցու հետ։ 1764 թվականի վերջին, երբ վերացավ Վրաստանի վրա Թուրքիայի հարձակման վտանգը, Հերակլ II խզեց կապը Հովնան Մշեցու հետ։ Հովնան Մշեցին ստիպված դադարեցրեց ապստամբության նախապատրաստությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 577