Հովհաննես Քյուրքչյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Քյուրքչյանց
Հովհաննես Քյուրքչյանց.jpg
Ծնվել է1855
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա
Մահացել է1903
Մահվան վայրՃավա, Ինդոնեզիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ

Հովհաննես Քյուրքչյանց (1855, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - 1903, Ճավա, Ինդոնեզիա), հայ լուսանկարիչ: Հայ իրականության մեջ պատմական հուշարձանների լուսագրման գործի հիմնադիրն ու սկզբնավորողը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Քյուրքչյանցը ծնվել է 1855 թվականին Կյուրինում: Ունեցել է լուսանկարչի մասնագիտություն: 1870 թվականին տեղափոխվել է Կովկաս: 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծառայել է ռուսական բանակում որպես լուսանկարիչ: Ռուսական բանակի հետ մտել է Անի, լուսանկարել Անիի ավերակ կոթողները: Պատերազմի ավարտից հետո 1879 թվականին կրկին այցելել է Անի: Չորս հոգուց բաղկացած խմբով հանգամանորեն վերարտադրել է Անիի համայնապատկերը: Շուրջ հինգ ամիս աշխատելուց հետո ստեղծել է «Ավերք Հայաստանի. Անի» խորագիրը կրող 40 ստերեո լուսանկարներ: Երևանում ունեցել է իր լուսանկարչական տաղավարը: 1881 թվականին մասնակցել է ազգային ազատագրական շարժումներին, որի պատճառով հալածվել է ցարական կառավարության կողմից, ուստի հաստատվել է Վիեննայում: 1884 թվականին տեղափոխվել է Ինդոնեզիա, բնակվել Սուրաբայայում[1]: 1891 թվականին Քյուրքչյանցի անմիջական մասնակցությամբ Ճավա կղզում ստեղծվել է «Հայոց խրախուսական միությունը», որի նպատակն է եղել աջակցել արևմտահայության ազատագրական պայքարին: Քյուրքչյանցը գրել է այդ կազմակերպության ծրագիրը, որը հրատարակվել է Մարսելում: Միությունը գոյատևել է մինչև Քյուրքչյանցի մահը[1]:

Քյուրքչյանցը նկարել է Հոլանդիայի թագուհուն և նրան է նվիրել իր լուսանկարած Ճավա կղզու մի շարք տեսարաններ: Եվ դիմանկարները, և Ճավա կղզու լուսանկարներն արժանացել են թագուհու հավանությանը, և նա Քյուրքչյանցին շնորհել է պալատական լուսանկարչի կոչում[1]:

2016 թվականին լուսանկարիչ Վահան Քոչարի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացված «Հայտնիները` հայ լուսանկարիչների աչքերով» լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է նաև Հովհաննես Քյուրքչյանցի «Անիի ավերակների» շարքը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. «Լուսանկարիչ Վահան Քոչարի հոր արխիվը պատկանում է ժողովրդին»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-02-16