Հովհաննես Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Միրզոյան | |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1885 |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բարեգործ և ձեռնարկատեր |
Հովհաննես Մինասի Միրզոյան (, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1885, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայազգի խոշորագույն գործարար, նավթաարդյունաբերող, Բաքվի նավթաարդյունաբերության հիմնադիր։ Նա առաջինն էր, ով 1868 թվականին հիմնեց կերոսինի երկու գործարան և առաջինն էր, ով արտահանեց կերոսինը։ Միրզոյանի ջանքերով 1871 թվականին հիմնվեց առաջին արդյունաբերական հորատանցքը, իսկ 1872 թվականին՝ երկրորդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիֆլիսի բնիկ Հովհաննես Միրզոյանը հայկական առևտրական կապիտալի տիպիկ ներկայացուցիչ էր, որը ամբողջ Կովկասում առաջինն էր, որ նկատեց նաթարդյունաբերության հեռանկարայնությունը, դարձավ առաջին նավթաարդյունաբերողը և Բաքվի նավթաբիզնեսի «հայրերից» մեկը։ Սկզբնական շրջանում զբաղվում էր մի գործունեությամբ, որը հայկական վաճառականության շրջանում բազմադարյա ավանդույթներ ուներ՝ մետաքսի առևտրով։ 1853 թվականին չթի խանութ ուներ։ Այնուհետև Նուխա քաղաքում մետաքսի գործարան կառուցեց և մեծ կապիտալ վաստակեց։
1855-1863 թվականներին տարեկան վճարելով մեծ գումար՝ 312000 ռուբլի Կուրի՝ Կասպից ծով թափվելու վայրում վարձակալում էր Սալյանսկի ձկնորսարանները, որտեղ աշխատում էր 2500 մարդ։ 1867 թվականից վարձակալում էր նաև Կայտագո-Տաբասարանսկի նավթահանքը։
1965 թվականից տարեկան վճարելով 13250 ռուբլի Գրոզնիում վարձակալում էր 2 նավթահանքեր, որոնց արտադրողականությունը հասցրեց 66500 փութի, հիմնեց կերոսինի գործարան, որտեղ աշխատում էին հիմնականում հայեր։
Բացի այդ 1878-1886 թվականներին տարեկան 7850 ռուբլով Ելիզավետպոլի նահանգում վարձակալում և շահագործում էր Զագլիկի շբի գործարանը։
Միրզոյանն առաջինն էր Սուրախանում, որ 1868 թվականին կառուցեց կերոսինի 2 գործարան և ստացավ 160000 փութ կերոսին՝ 260000 ռուբլի արժողությամբ (մեկ միավոր նավթից ստանում էին 30% կերոսին), դարձավ նաև կերոսինի առաջին արտահանողը։
1871 թվականի ապրիլին Միրզոյանը Բաքվում և Աշպերոնյան թերակղզում ավարտեց ամերիկյան առաջին հորատման կայանքը։ Նոր մեթոդով հորատած նավթի քանակը մի քանի անգամ գերազանցում էր հորերից ստացված հումքին։ Միրզոյանի մահից հետո (1885) նրա այրին՝ Դարյան և զավակները՝ Մոսկվայի առաջին գիլդիայի ժամանակավոր վաճառականներ, ազնվականներ Գրիգորն ու Մելքոնը, ինչպես նաև դուստրը՝ իշխանուհի Մարիա Արղության-Երկայնաբազուկը, 1886 թվականին հիմնադրեցին «Միրզոյան եղբայրներ» նավթարդյունաբերական և առևտրական ընկերակցությունը՝ 2,1 մլն ռուբլի հիմնական կապիտալով։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1860-ական թվականներին, երբ Միրզոյանը դեռ չէր տեղափոխվել Բաքու, զբաղվում էր ձկան բիզնեսով, տարիներով մուսուլմանական տարրական դպրոցների հովանավորն էր։
- Միրզոյանը եղբայրների՝ Ալեքսանդրի, Մելքոնի և Գրիգորի հետ հիմնադրեց «Միրզոյան եղբայրների ընկերակցություն» բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերի մեծ մասը հայերի ձեռքում էր (այդ թվում նաև Ալեքսանդր Մանթաշյանի)։
- Հանդիսանալով Թիֆլիսի արիստոկրատ էլիտայի ներկայացուցիչներ՝ Միրզոյանները նոր ստեղծված «Միրզոյան եղբայրներ և Կ» առևտրային ընկերակցության ղեկավարությունը հանձնեցին պրոֆեսիոնալների։ Ընկերակցության նախագահ դարձավ Բ․ Կորգանյանը, իսկ տնօրեններ՝ Տ․ Էնֆիաջյանցը, Դ․ Խարազյանը, Հովհաննես Գարսոյանը և Մ․ Դոլուխանյանը։ Ընկերակցությունը համարվում էր հայերին պատկանող ամենալավ կազմակերպություններից մեկը ընդհուպ մինչև 1918 թվականի ողբերգությունը։