Ագրիպասյան Հովհաննես (մոտ 1866, Վան-1889, Չուխ Գեդուկի լեռնանցք (Աղբակից Վան տանող ճանապարհին), ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից։
Մանուկ հասակում կորցրել է հորը (սպանել են քրդերը). նրան հովանավորել է Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի)։ Սովորել է Վանի և Մուշի Առաքելոց վանքի դպրոցներում, Վանի Կեդրոնական վարժարանում, որտեղ և տարվել է հեղափոխական գաղափարներով։ Խուսափելով թուրք, իշխանությունների հետապնդումներից՝ մի որոշ ժամանակ եղել է Կովկասում, ապա վերստին վերադարձել արևմտյան Հայաստան, շրջագայել գավառներում (Վասպուրական, Բաղեշ, Սասուն, Ալաշկերտ), ուսումնասիրել ժողովրդի վիճակը։ 1888 թվականին Սալմաստում (Իրան) Վարդան Գոլոշյանի և Կարապետ Գուլակսզյանի հետ կազմակերպել է զինված խումբ և 1889 թվականի մայիսին դուրս գալով Հավթվան գյուղից՝ անցել պարսկա-թուրքական սահմանը, շարժվել դեպի Տարոն։ Մայիսի 24-ին Չուխ Գեդուկի լեռնանցքում կռվի են բռնվել թուրք, ոստիկանների հետ և զոհվել անհավասար մարտում։
Նիրվանյան Ա., հեղ. Վարդան Գոլոշյան, Հ. Ագրիպասյան, Ժնև, 1905։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։