Հոլոկիո (հունգ.՝ Hollókő), գյուղ հյուսիսային Հունգարիայում՝ Նոգրադում։ Գյուղը հայտնի է դարձել որպես բաց երկնքի տակ գտնվող ազգագրական թանգարան։ Բնակչությունը 465 մարդ է։ 1987 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Գյուղի անունը թարգմանվում է որպես «Ագռավաքար»։
Հոլոկիոն գտնվում է Բուդապեշտից 90 կմ հյուսիս և Էգերից 80 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղն ընկած է Չերհատ ոչ բարձր լեռների հովտի կենտրոնում։ Ողջ Հոլոկիոն իրենից ներկայացնում է ազգագրական թանգարան, սակայն ի տարբերություն նմանատիպ այլ թանգարանների՝ Հոլոկիոյում չի դադարում սովորական կյանքը։ Գյուղի բնակիչները խնամքով պահպանում են կենսակերպն ու անցյալ դարերի ժողովրդական ավանդույթները։ Գյուղի շենքերի մեծ մասը կավաշեն տներ են՝ փայտե ծածկապատշգամբներով։ Գյուղում պահպանվում են ժողովրդական արհեստները՝ ավանդական ասեղնագործությունը, խեցեգործությունը և փայտի փորագրությունը։