Հերբի Արթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբի Արթուր
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1863(1863-02-14)
Ծննդավայր Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 27, 1930(1930-11-27) (67 տարեկան)
Մահվան վայր Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դիրք դարպասապահ

Ուիլյամ Ջոն Հերբերտ Արթուր (անգլ.՝ William John Herbert Arthur, փետրվարի 14, 1863(1863-02-14), Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 27, 1930(1930-11-27), Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է որպես Հերբի Արթուր (անգլ.՝ Herbie Arthur), անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Նա առավել հայտնի է «Բլաքբըրն Ռովերսում», ինչպես նաև Անգլիայի ազգային հավաքականում խաղով[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաքբըրնում ծնված Արթուրը խաղացել է «Լոուեր Բենք Աքադեմի» և «Քինգս Օուն» տեղական ֆուտբոլային թիմերում։ 1880 թվականին նա միացել է «Բլաքբըրն Ռովերսին»։ Սկզբում նա խաղացել է աջ կիսապաշտպանի դիրքում, սակայն հետագայում պահեստայինների կազմում սկսել է խաղալ որպես դարպասապահ։ 1884 թվականին «Բլաքբըրն Թայմսի» մի հոդվածում նա նկարագրվել է որպես «շատ հուսալի» դարպասապահ, սակայն ոչ «փայլուն կամ խորամանկ խաղացող»[2]։

Այն ժամանակ պաշտոնական լիգաներ չկային, ակումբներն անցկացնում էին միայն ընկերական խաղեր և մասնակցում էին գավաթային մրցաշարերին, օրինակ՝ Անգլիայի գավաթին և Լանքաշիրի մեծ գավաթին։ 1883/84 մրցաշրջանում «Բլաքբըրն Ռովերսը» հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպել է շոտլանդական «Քուինս Պարկ» ակումբի հետ և հաղթել 2:1 հաշվով[3]։

1884/85 մրցաշրջանում «Բլաքբըրն Ռովերսը» կրկին հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կրկին հանդիպել է շոտլանդական «Քուինս Պարկ» ակումբի հետ և կրկին հաղթել է՝ այս անգամ 2։ 0 հաշվով[4]։

1885/86 մրցաշրջանում «Բլաքբըրն Ռովերսը» երրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հետ։ 1886 թվականի ապրիլի 3-ին Լոնդոնի «Քենինգթոն Օվալ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Վերախաղարկությունը տեղի է ունեցել Դերբիի «Ռեյսքորս Գրաունդ» մարզադաշտում։ Չնայած «Ալբիոնի» խաղացողների հարձակողական լավ խաղին, որոշիչ դեր է խաղացել «Ռովերսի» խաղացողների փորձը․ նրանք երկու անպատասխան գոլ են խփել մրցակցի դարպասը և երրորդ անգամ անընդմեջ նվաճել Անգլիայի գավաթը[5]։

1888 թվականին Լանքաշիրի և Ուեսթ Միդլենդսի առաջատար պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները հիմնեցին լիգայի մրցաշար, որը կոչվում էր «Ֆուտբոլային լիգա» (անգլ.՝ Football League)։ Ֆուտբոլային լիգայի առաջին մրցաշրջանը սկսվել է 1888 թվականի սեպտեմբերի 8-ին։ «Բլաքբըրն Ռովերսը» դարձել է առաջնության 12 հիմնադիրներից մեկը։ Ֆուտբոլային լիգայում իր առաջին հանդիպումը «Բլաքբըրն Ռովերսն» անցկացրել է 1888 թվականի սեպտեմբերի 15-ին. «Աքրինգթոնի» դեմ այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 5:5 հաշվով։ 1888/89 մրցաշրջանում Հերբի Արթուրը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 15 հանդիպում ֆուտբոլային լիգայում, ևս 5-ը՝ Անգլիայի գավաթում։ «Բլաքբըրն Ռովերսը» մրցաշրջանն ավարտել է 4-րդ տեղում, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Փրեսթոն Նորթ Էնդ» թիմը, որը ոչ մի պարտություն չի կրել։ Անգլիայի գավաթում «Ռովերսը» հասել է կիսաեզրափակիչ, որտեղ վերախաղարկման ժամանակ պարտվել է «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբին[6]։

Արթուրի 1886 թվականի Անգլիայի գավաթի հաղթողի մեդալը

1889/90 մրցաշրջանում Արթուրը կորցրել է իր տեղը «Բլաքբըրնի» հիմնական կազմում։ 1890/91 մրցաշրջանը նա անցկացրել է «Սաութպորտ Սենթրալում»՝ թիմի կազմում անցկացնելով 16 հանդիպում (13-ը՝ Լանքաշիրյան լիգայում և 3-ը՝ Լանքաշիրի փոքր գավաթում)[7]։

1891/92 մրցաշրջանում Արթուրը վերադարձել է «Ռովերս»՝ այդ մրցաշրջանում մասնակցելով թիմի 26 հանդիպումներից 21-ին։ Այդ մրցաշրջանում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել 1891 թվականի դեկտեմբերին «Թըրֆ Մուրում» «Բըրնլիի» դեմ խաղի ժամանակ։ Հանդիպումն անցել է եղանակային վատ պայմաններում, մինչև ընդմիջում «Բըրնլին» հաղթել է 3:0 հաշվով։ Ընդմիջումից հետո «Բըրնլիի» ֆուտբոլիստները վերադարձել են խաղադաշտ, իսկ «Ռովերսի» խաղացողները խաղադաշտ դուրս չեն եկել։ Մրցավար Չարլզ Քլեգը սպասել է չորս րոպե, այնուհետև տվել է երկրորդ խաղակեսի մեկնարկը, թեև «Բլաքբըրն Ռովերսի» ընդամենը մի քանի խաղացողներ էին վերադարձել խաղադաշտ։ Երկրորդ խաղակեսի սկզբում մրցավարը խաղադաշտից հեռացրել է երկու խաղացողի (մեկը «Ռովերսի», մյուսը՝ «Բըրնլիի»), որից հետո «Ռովերսի» մնացած բոլոր խաղացողները լքել են խաղադաշտը։ «Բլեքբըրնի» կազմում խաղադաշտում մնացել է միայն դարպասապահ Հերբի Արթուրը։ Մրցավարը չի դադարեցրել խաղը, ինչը նշանակում էր, որ Արթուրը պետք է միայնակ խաղար «Բըրնլիի» տասը խաղացողների դեմ։ «Ռովերսի» դարպասապահը, այնուամենայնիվ, արագ հասկացել է, որ «Բըրնլիի» բոլոր խաղացողներն ավտոմատ կերպով գտնվում են խաղից դուրս վիճակում, քանի որ դարպասի և մրցակիցների միջև չկա «Բլեքբըրն Ռովերսի» երկու խաղացող։ Նա այդ մասին ասել է մրցավարին, որից հետո վերջինը որոշել է չեղարկել խաղը՝ այն «անհեթեթ իրավիճակի» պատճառով, որում հայտնվել է[8]։

«Բլեքբըրն Ռովերսը» 1891/92 մրցաշրջանն ավարտել է միայն 9-րդ տեղում։ 1892 թվականին Արթուրը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։ Նա ակումբի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 1892 թվականի հոկտեմբերի 1-ին. դա «Աքրինգթոնի» դեմ խաղն էր (ոչ-ոքի 3:3)[1]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականի փետրվարի 28-ին Արթուրն իր նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում, որում բրիտանացիները հաղթել են 4:0 հաշվով[9]։

Ընդհանուր առմամբ Անգլիայի հավաքականի կազմում Արթուրն անցկացրել է 7 խաղ[1][10]։

Ազգային հավաքականում հանդիպումների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Արդյունք Մրցաշար
1 28․02․1885 «Ուոլլի Ռեյնջ», Մանչեստր Իռլանդիա Իռլանդիա 4:0 Տնային առաջնություն 1885
2 14․03․1885 «Լեմինգթոն Ռոուդ», Բլաքբըրն Ուելս Ուելս 1:1 Տնային առաջնություն 1885
3 21․03․1885 «Քենինգթոն Օվալ», Լոնդոն Շոտլանդիա Շոտլանդիա 1:1 Տնային առաջնություն 1885
4 27․03․1886 «Հեմպդեն Պարկ», Գլազգո Շոտլանդիա Շոտլանդիա 1:1 Տնային առաջնություն 1886
5 29․03․1886 «Ռեյսքորդ Գրաունդ», Ռեքսհեմ Ուելս Ուելս 3:1 Տնային առաջնություն 1886
6 5․02․1887 «Բրեմոլ Լեյն», Շեֆիլդ Իռլանդիա Իռլանդիա 7:0 Տնային առաջնություն 1887
7 26․02․1887 «Քենինգթոն Օվալ», Լոնդոն Ուելս Ուելս 4:0 Տնային առաջնություն 1887

Ընդհամենը՝ 7 խաղ (3 «չոր») / 4 բաց թողած գոլ, 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 0 պարտություն[1][10]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բլաքբըրն Ռովերս»
Անգլիայի հավաքական

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուրն աշխատել է ֆաբրիկայում որպես կահույքագործ, ինչպես նաև եղել է ծաղկի ցուցահանդեսների կազմակերպիչ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Herbie Arthur» (անգլերեն). England Football Online.
  2. Jackman, Mike Blackburn Rovers: The Complete Record. — DB Publishing, 2009. — P. 151–152. — ISBN 978-1-78091-387-2
  3. «FA Cup Final 1884» (անգլերեն). FA-CupFinals.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին.
  4. «FA Cup Final 1885» (անգլերեն). FA-CupFinals.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին.
  5. «FA Cup Final 1886» (անգլերեն). FA-CupFinals.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին.
  6. Association, The Football. «Results Archive - Emirates FA Cup - Competitions | The Football Association». www.thefa.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  7. «Player Details: Herbie Arthur» (անգլերեն). Southport F.C.
  8. Ward, Andrew Ward Football's Strangest Matches: Extraordinary But True Stories from Over a Century of Football. — Robson Publishing, 2005.
  9. «Match No. 23 - Saturday, 28th February 1885. England 4-0 Ireland» (անգլերեն). Englandstats. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 «Herby Arthur» (անգլերեն). Englandstats.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]