Հասմիկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Ղազարյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1946(1946-11-04) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1969)
Մասնագիտություննկարչուհի
Գործունեություննկարչություն, գիտություն, մանկավարժություն
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Հասմիկ Արմենի Ղազարյան (նոյեմբերի 4, 1946(1946-11-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի-գոբելենագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում։ 1969 թվականին ավարտել է Մոսկվայի Ստրոգոնովի անվան պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի ինտերիերի ֆակուլտետը։ 1970 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1989-1994 թվականներին՝ ՀՊՄԻ-ում, 2003 թվականից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Հասմիկ Ղազարյանի աշխատանքները գտնվում են Սարդարապատի թանգարանում, Մոսկվայի Ռուսական դեկորատիվ արվեստների թանգարանում, մասնավոր հավաքածուներում (Երևան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նյու Յորք, Լոս Անջելես, Կիև և այլն)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Ղազարյանի «Հայաստանի քարեր» (1987), «Ճանապարհորդություն» (1991) շարքերը, «Երևան» (2002) եռանկարը, «Զանգեզուր» (1976), «Ժամանակակից Հայաստան» (շարք, 1981 թվականից, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ, 1987), «Ուռենիներ » (1997), «Վարդեր» (2001) աշխատանքներն արժևորվում են նրանով, որ հաստատում են ժամանակակից որմնագորգի (tapestry) ազգային ձևը։

Կարապետ Եղիազարյանի հետ ստեղծել է «Երգ Հայաստանի» (1984) գոբելենը (Գյումրիի դրամատիկ. թատրոն), «Շախմատ» շարքը (1985, Երևանի շախմատի տուն), Թեղենիք գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու խորանի (2003), «Ծաղկիր իմ երկիր» (Ուստ Կամենոգորսկ քաղաքի թատրոն, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ, 1979) վարագույրները, մասնակցել (Գրիգոր Խանջյանի, Կարապետ Եղիազարյանի հետ) «Վերածնունդ» գոբելենային վարագույրի (1986, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) ստեղծմանը[1][2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականից Ղազարյանը մասնակցում է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թիֆլիս, Ռիգա, Լոս Անջելես, Հնդկաստան, Գերմանիա, Շվեդիա և այլն)։

Ղազարյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում, ինչպես նաև միջազգային սիմպոզիումների /Էրֆուրտ (1978), Լոզան (1979), Սոմբատհեյ (Հունգարիա, 1983), տեքստիլ ցուցահանդեսների (Քյոսեգ, Բուդապեշտ 1983), 1984 թվականին Ռիգայում կայացած 2-րդ միջազգային տեքստիլ արվեստի սիմպոզիումին։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվա (1994)
  • ԱՄՆ (2001)
  • Երևան (2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հասմիկ Ղազարյանի կենսագրությունը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]