Jump to content

Հապսալի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հապսալի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՏեղագրությունՀաապսալու
Վարչական միավորHaapsalu City?
Երկիր Էստոնիա
Կառուցված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Haapsalu Castle Վիքիպահեստում
Անօդաչու սարքի տեսանյութը Հապսալի ամրոց 2022

Հապսալի ամրոց (գերմ.՝ Bischofsburg Hapsal), ներկայում՝ Հաապսալու (էստ․՝ Haapsalu piiskopilinnus), եպիսկոպոսական ամրոց, որի շուրջ ժամանակի ընթացքում կառուցվում է Հապսալ քաղաքը (այսօր՝ Հաապսալու)։ Հիմնադրվել է 13-րդ դարում՝ որպես Էզելյան եպիսկոպոսության կենտրոն։ Համաձայն հին առասպելներից մեկի՝ օգոստոսյան լիալուսնի ժամանակ մատուռի ներսի պատին հայտնվում է Սպիտակ տիկնոջ պատկեր[1]։

Ամրոցի տեսքը 1889 թվականին

1228 թվականին Ռիգայի արքեպիսկոպոս Ալբերտ ֆոն Բուքսհեվդենը հիմնում է նոր թեմ, որի մեջ մտնում էին Լյաենեմաան, Սաարեմաան, Հիյումաան, և եպիսկոպոս նշանակում Դյունամյունդյան վանքի աբբա Գոտֆրիդին։ Եպիսկոպոսությունը՝ որպես Սրբազան Հռոմեական կայսրության վասալություն, ձևավորվում է 1228 թվականին Հենրիխ VII կայսեր կողմից։ 1234 թվականին պապի դեսպան Վիլհելմ Մոդենացին հաստատում է թեմի սահմանները։

Էզելյան եպիսկոպոսության աթոռանիստը գտնվում էր Լիհուլա ամրոցում՝ կառուցված Սուսերակիրների միաբանության օգնությամբ։ Ազդեցիկ միաբանության հետ տարաձայնություններից խուսափելու համար՝ եպիսկոպոսը նստավայրը տեղափոխում է Պյառնու, որը տասը տարի անց հրկիզվում է լիտվացիների կողմից։ Թեմի նոր աթոռանիստ է ընտրվում Հաապսալուն, որտեղ սկսվում է եպիսկոպոսական ամրոցի և տաճարի կառուցումը։ Ամրոցի շինարարությունը տևում է շուրջ երեք դար։

Ամրոցի պահակային աշտարակը

Ամրոցի կառուցումը տևում է մի քանի դար։ Մակերեսը կազմում է ավելի քան 30 հազար կմ քառակուսի, պատերի հաստությունը՝ 1,2-1,8 մետր, բարձրությունը՝ ավելի քան 10 մետր[2]։ Ամրոցի արևմտյան մասում գտնվում է 29 մետր բարձրություն ունեցող պահակային աշտարակը՝ կառուցված 13-րդ դարի սկզբին, որը հետագայում կիրառվում է որպես զանգակատուն։ Պատերի բարձրւթյունը հետագայում հասնում է 15 մետրի։ Ներքին խրամատները և բլինդաժները կառուցվել էին ռմբակոծությունից պաջտպանվելու և հրետազորի համար Լիվոնյան պատերազմի ժամանակ (1558-1582), որի ընթացքում ամրոցը էականորեն վնասվում է։ Փոքր ամրոցի պատերը և արտաքին պարիսպը մասամբ ավերվում են։

XVII դարում ամրոցն այլևս չի կիրառվում որպես պաշտպանական կառույց շվեդների կողմից, որոնք այդ ժամանակ իշխում էին Շվեդիայի էստոնական նահանգներում։ Հյուսիսային պատերազմի ընթացքում 1710 թվականին էստոնիան ընկնում է Ռուսաստանի տիրապետության տակ , և պատերը մասամբ քանդվում են Պետրոս I-ի հրամանով՝ վերածելով ամրոցը ավերակների։

Սուրբ Նիկոլայի տաճար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի ներսը

Հաապսալուի տաճարը Էզելյան եպիսկոպոսության գլխավոր եկեղեցին էր։ Այստեղ էր գտնվում եպիսկոպոսի նստավայրը։ Այն Մերձբալթիկայի ամենամեծ միանավ եկեղեցին էր (լայնությունը 11,5 մետր, բարձրությունը՝ 15,5 մետր, տարածքը՝ 425 մետր քառակուսի)։ Տաճարի մասին առաջին գրավոր հիշատակությունը Հաապսալուի կանոնադրությունն է, որտեղ քաղաքի հիմնադիր Գերման I եպիսկոպոսը գրում է. «Մենք, հիմնելով տաճար Հաապսալուում և ապահովելով մեր կանոնիկոսներին համապատասխան բնակավայրով և եկամուտով, սահմանում ենք հատուկ վայր, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կապրեն մեզ հետ քաղաքում, կարողոնանա հավաքվել և ապաստան գտնել, անհրաժեշտության դեպքում պաշտպանել եկեղեցին և այն, ինչ նրա տնօրինության ներքո է»։

Տաճարը կառուցվել է 1263-1270 թվականներին և հարմարեցված էր պաշտպանության համար. ձեղնահարկերը ծառայում էին որպես ապաստարան։ Տաճարի կառուցողական ոճը պատկանում է ռոմանականից գոթական ճարտարապետության անցման շրջանին։ Առաջինը բնորոշվում է խոյակների բուսական զարդանախշերով, իսկ երկրորդը՝ աստղաձև կամարներով։ Արևմտյան կիսակլոր շքամուտքը սկզբնապես ռոմանակն էր։ Նրա վերնաճակատին՝ կամարի տակ, հովանավոր սուրբի քանդակն էր։ 15-րդ դարում տաճարի հարավային մասում շինարարական աշխատանքների ժամանակ պատերն ավելի են բարձրացնում, իսկ նոր շքամուտքն առանց վերնաճակատի են կառուցում։ Ներքին պատերը ծածկվում են նկարներով, հատակին հոգևորականների և հարգարժան պալատականների շիրմաքարերն էին։ Յուրահատուկ բապտիստական մատուռը (մկրտարան) խաչաձև կամարով աշտարակատիպ կառույց էր՝ կառուցված 15-րդ դարի երկրորդ կեսին։ Նմանատիպ մատուռ չկար Մերձբալթիկայի ոչ մի եկեղեցում։ Օգոստոսին՝ լիալուսնի ժամանակ, երբ լուսինն առավել ցածր է լինում հորիզոնից, նրա լույսը, ներթափանցելով մկրտարանի պատուհանից, արտացոլվում է հարավային պատին «սպիտակ կնոջ» ուրվապատկերով։

Լիվոնյան պատերազմի ժամանակ Էստոնիան դառնում է լյութերական Շվեդիայի թագավորության մաս։ Կաթոլիկ եկեղեցին վերածվում է լյութերական համայնք ունեցող եկեղեցու և կոչվում է ամրոցային եկեղեցի։ 1625 թվականին շվեդ թագավոր Գուստավ II Ադոլֆը վաճառում է Հաապսալու քաղաքը, ամրոցը և շրջակա հողերը կոմս Հակոբ Դելագարդիին, որը ծրագրում է վերածել հին բերդը ժամանակակից ամրոցի։ Որպես խորհրդատու հրավիրվում է նշանավոր քանդակագործ և ճարտարապետ Արենտ Պասսերը։

1688 թվականի մարտի 23-ին եկեղեցու տանիքը հրկիզվում է, բայց տաճարն արագ վերակառուցվում է։ 1726 թվականին փոթորիկը կրկին քանդում է տանիքը։ Փոքրաթիվ համայնքը չի կարողանում վերանորոգել և տեղափոխվում է քաղաքային եկեղեցի։ 1886-1889 թվականներին եկեղեցին վերանորոգվում է։ Ռոմանական ոճի քանդված շքամուտքը փոխարինվում է գոթական «սանդուղքային պորտալի», որմնանկարները վերականգնվում են, շիրմաքարերը՝ հեռացվում եկեղեցուց։ 1889 թվականի հոկտեմբերի 15-ին կատարվում է առաջին արարողությունը՝ նվիրված Սուրբ Նիկոլային։

1940 թվականին՝ խորհրդային օկուպացիայի ժամանակ, եկեղեցին փակվում է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եկեղեցական արարողությունները շարունակվում են, սակայն 1944 թվականի գարնանը խուլիգանները ներխուժում են եկեղեցի և ոչնչացնում խորանը, երգեհոնը, աթոռները։ 1946 թվականին համայնքը դիմում է խորհրդային իշխանությանը՝ ընդգրկել տաճարը պատմական վերահսկվող հուշարձանների ցանկում, սակայն չեն կարողանում գրավել նրանց ուշադրությունը։ Եկեղեցին լքվում է երկար տարիներ, ծառայում որպես ամբար ցորենի համար, նույնիսկ վերածվում լողավազանի[3]։

Մոր խորան՝ նվիրված Էստոնիայի մայրերին, որոնց որդիները զոհվել են խորհրդային օկուպացիայի ժամանակ

Սպիտակ տիկնոջ ավանդազրույցը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդազրույցի համաձայն օգոստոսին՝ լիալուսնի ժամանակ մատուռի ներսի պատին հայտնվում է կնոջ պատկեր։ Էզելյան եպիսկոպոսության ժամանակ յուրաքանչյուր կանոնիկոս պետք է վարեր վանական օրենքներին համապատասխան առաքինի կենսակերպ։ Կնոջ մուտքը եպիսկոպոսական ամրոց խստիվ արգելվում էր։ Ավանդազրույցի համաձայն կանոնիկոսը սիրահարվել է մի էստոնացի աղջկա և նրան գաղտնի բերել ամրոց։ Նա թաքնվել է երգչի հագուստով և երկար ժամանակ այդպես մնացել ամրոցում։ Երբ եպիսկոպոսը գալիս է Հաապսալու, երիտասարդ երգիչը գրավում է նրա ուշադրությունը, և նա պահանջում է ստուգել երգչի սեռը։ Բացահայտելով աղջկան՝ եպիսկոպոսը խորհուրդ է հրավիրում, որը որոշում է աղջկան թաղել մատուռի պատի մեջ, իսկ կանոնիկոսին՝ բանտարկել, որտեղ նա մահանում է սովից։ Շինարարները թողնում են աղջկան պատի խորշում մի կտոր հացով և մի բաժակ ջրով։ Որոշ ժամանակ նրա օգնության կանչերը լսվում էին ամրոցում։ Աղջկա հոգին հանգիստ չի գտնում և հայտնվում է մկրտարանի պատուհանին և լալիս սիրեցյալի համար, ինչը վկայում է հավերժական սիրո մասին։

Հայտնի է ավանդազրույցի մեկ այլ տարբերակ։ Տեղի աղքատ աղջկան սիրահարվում էբարձր դասի ներկայացուցիչ։ Նրա սիրեցյալը ծառայում էր եպիսկոպոսական ամրոցի ասպետական ջոկատում։ Աղջիկը ստիպված տղայի հագուստով ընդունվում է վանքի երգչախումբ։ Դա հնարավորություն է տալիս սիրահարներին հաճախ հանդիպել։ Մի անգամ երիտասարդ երգիչը գնում է լողալու։ Նրան հետևում է մի վանական և, բացահայտելով, որ նա աղջիկ է, անմիջապես հայտնում է եպիսկոպոսին։ Աղջիկը թաղվում է ամրոցի պատի մեջ։ Պետք է ասել, որ այն ժամանակ դա տարածված փորձ էր, և համարվում էր, որ նահատակի արյան շնորհիվ ամրոցը կանգուն կմնա և կդիմակայի հարձակումներին)։ Երիտասարդ սիրահարին նետում են առյուծներով փոսը, որտեղ նա հոշոտվում է։ Այդ փոսը նախկինում ցույց էին տալիս զբոսաշրջիկներին։ Կար նաև մեկ այլ՝ գայլերի փոս։ Միջնադարում տարածված պատժի ձև էր գիշատիչ կենդանիների կողմից հոշոտվելը։

Ամեն տարի օգոստոսյան լիալուսնի ժամանակ անց է կացվում երաժշտական փառատոն՝ «Սպիտակ տիկին»[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «The UBC Bulletin 1/00». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «Haapsalu Castle in Castles». Castles of Europe. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  3. «Dome Church of Haapsalu». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]