Հաննա Չապլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Չապլին
Ծնվել է1865 օգոստոս1
ԾննդավայրԼոնդոն
Մահացել է1928 օգոստոսի 28
Մահվան վայրԳլենդեյլ
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և պարուհի

Հաննա Չապլին, ծննդյան անունը՝ Հաննա Հարիետ Պեդլինգեմ Հիլլ, (անգլ.՝ Hannah Harriet Pedlingham Hill), բեմական անունը՝ Լիլի Հեռլի (1865թ. օգոստոսի 6 - 1928թ. օգոստոսի 28[1]), անգլիացի դերասանուհի, երգչուհի և պարուհի, որը 16 տարեկան հասակից ելույթ է ունեցել բրիտանական համերգասրահներում։ Հաննա Չապլինը Չարլի Չապլինի և նրա երկու խորթ եղբայրների՝ դերասան Սիդնեյ Չապլինի և ռեժիսոր Ուիլլեր Դրայդենի մայրն է[2][3]։ Հյուծիչ հիվանդության, ենթադրաբար՝ սիֆիլիսի պատճառով նա չի կարողանում շարունակել բեմական կարիերան 1890-ականների կեսերից հետո։ 1921 թվականին որդին՝ Չարլին, նրան տեղափոխում է Կալիֆորնիա, որտեղ, Սան Ֆերնանդո Վալիում գտնվող տանն էլ նրան խնամում են մինչև մահը՝ 1928 թվականի օգոստոսը։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Չապլինը ծնվել է 1865 թվականի օգոստոսի 6-ին Լոնդոն, Ուոլվորթի շրջան, Կամդեն Սթրիթ։ Նրա հայրը, Չարլզ Ֆրեդերիկ Հիլը, որմնադիրի որդի էր, կոշկակար, հավանաբար իռլանդական ծագում ուներ։ Մայրը՝ Մերի Էն Հոջիսը, առևտրային գործակալի դուստր էր, նախկինում ամուսնացած էր եղել ցուցանակ գրողի հետ, որը մահացել էր պատահարից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակում Հաննան դերասանուհի դառնալու նպատակով լքում է տունը։ Լիլի Լենգթրիից ներշնչված, որը ժամանակի ամենահաջողակ կին կատարողներից մեկն էր, Հաննան ընտրում է Լիլի Հեռլի բեմական կեղծանունը և որպես դերասանուհի և երգչուհի ելույթներով հանդես է գալիս համերգասրահներում[4]։ Իռլանդական «Շամաս Օ՛Բրին» ներկայացման մեջ խաղալով նա հրապուրվում է իր խաղընկերոջով՝ Չարլզ Չապլին ավագով։ Անդրադառնալով այս ժամանակահատվածին Չարլի Չապլինը հետագայում նկարագրում է մորը որպես «աստվածային արտաքինով օժտված»։ Նրան պատմել էին, որ մայրը «նրբաճաշակ էր և գրավիչ, ուներ գերող հմայք»։ 1883 թվականին, մոտավորապես 18 տարեկան հասակում նա կապվում է Սիդնեյ Հովկիսի (հավանաբար՝ Սիդնեյ Հովկ) հետ, որը նրան տանում է հարավաֆրիկյան ոսկու արդյունահանման Ուիթուոթերսռանդ շրջան, որտեղ, ըստ հոգեբույժ Սթիվեն Վայսմանի նա հարկադրաբար զբաղվում է մարմնավաճառությամբ («Չապլին.մեկ կյանք» 2008թ.): 1884 թվականին Հովկիսից հղի, նա վերադառնում է Լոնդոն, որտեղ կրկին սկսում է ապրել Չարլզ Չապլինի հետ։ 1885 թվականին ծնվում է Սիդնեյը, Հովկիսի որդին։ Որդու ծնվելուց շատ չանցած նա վերադառնում է բեմ, ելույթներ ունենալով Ֆրանսիայի հյուսիսային Հավր քաղաքի Ռոյալ Մյուզիք Հոլում։ Հաննան ամուսնանում է Չարլզ Չապլինի հետ 1885 թվականի հունիսի 22-ին Ուոլվորթի Ս. Ջոն եկեղեցում[5]։ Չնայած 1880-ականների ընթացքում Չարլզի ներկայացումների մասին չափազանց քիչ հիշատակումներին, Հաննա Չապլինը 1985-ին հանդես է գալիս Բրիստոլում, Դուբլինում և 1886-ին Բելֆաստում, Գլազգոյում, Փեկհամում, Աբերդինում և Դանդիում։ Մամուլի անդրադարձներում նրան անվանում են «նուրբ և տաղանդավոր արտիստուհի Լիլի Հեռլի, ով Գլազգոյի Գեյթի և Սթար համերգասրահի ամենափայլուն աստղն է, ամեն երեկո չորս կամ հինգ ելույթ է ունենում և կույտերով ծաղիկներ է ստանում»։

Առողջության վատթարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Հաննան նորից Լոնդոնում է, որտեղ առաջին անգամ հիշատակվում է նրա առողջական վատ վիճակը։ Այդ ժամանակ նա ամուսնու հետ հանդես է գալիս Բաթում, Սոմերսեթ և Անգլիայի հյուսիսի համերգասրահներում։ Չնայած իր հիվանդությանը, նա շարունակում է ներկայացումներում հանդես գալ 1888 թվականին ևս։ Այդ ժամանակ էր, որ ամուսինը մեծ ճանաչում ձեռք բերեց, մինչդեռ Հաննայի կարիերայում առաջընթացը դադարել էր։ 1889 թվականի ապրիլի 15-ին նա ունենում է իր երկրորդ որդուն՝ Չարլզ Սպենսեր Չապլինին, որ այժմ աշխարհին հայտնի է Չարլի Չապլին անվամբ։ Հաննայի հարաբերությունները ամուսնու հետ վատթարանում են հավանաբար Չարլզի հարբեցողության կամ 1890 թվականի ամռանը հյուսիսային Ամերիկա նրա կատարած ճանապարհորդության պատճառով։ 1890 ականների սկզբին Հաննան կապվում է մեկ ուրիշ երաժիշտ- կատարողի՝ Լեո Դրայդենի հետ, որի հետ խաղացել էր ներկայացումներում։ 1892 թվականի օգոստոսի 31-ին ծնվում է նրա երրորդ որդին՝ Ուիլլեր Դրայդենը և մի առ ժամանակ ընտանիքը ապահով ապրում է Սաութվորք, ուեսթ Սքվերում։ 1893-ի գարնանը Դրայդենը լքում է նրան՝ որդուն տանելով իր հետ[6]։ 1890-ականների սկզբին Հաննան ապրում է քրոջ՝ Քեյթի հետ, որը նույնպես արտիստուհի էր, Քիթի Ֆեյրդեյլ բեմական անվամբ։ Քույրերը միասին ապրում են մինչև 1892-ը։ Հաննան մի շարք հաջողված երգեր է գրում քրոջ համար որոնց թվում «My Lady Friend» և հատկապես՝ «The Lady Judge» երգը, որը մեծ հաջողություն է վայելում 1893- 1896 թվականներին։ Հաննայի հիվանդությունը շարունակ վատանում է և նա սկսում է տառապել սարսափելի գլխացավերից։ Նրա վիճակը հատկապես վատթարանում է, երբ մորը ընդունում են Լոնդոնի Կոմսության հոգեբուժարանը, երբ նրա մոտ խելագարության ակնհայտ նշաններ են ի հայտ գալիս, որոնք հավանաբար հարբեցողության հետևանք էին։ Որոշ ժամանակ Հաննան միանում է Լոնդոնի Կայսերական Վոդևիլի բալետախմբին, հավանաբար ձայնը մշակելու համար։ 1892-1895 թվականների նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Այնուհանդերձ, մի գրառում է պահպանվել, որտեղ պարզորոշ նկարագրվում է, թե Ալդերշոթ քաղաքում կայացած մի ներկայացման ժամանակ ինչպես է Հաննան կորցնում իր ձայնը։ Որդին՝ Չարլին, որ այդ ժամանակ հինգ տարեկան էր, երգում է մոր փոխարեն։ Ի վիճակի չլինելով այլևս բեմի վրա հանդես գալ, Հաննան իր երկու երեխաների ապրուստը հոգում է տանը դերձակություն անելով։ Չարլի Չապլինի կենսագրությունից և այլ աղբյուրներից երևում է, որ նա հաճախ է բարձր տրամադրություն ունեցել, երեխաներին զվարճացրել է իր վաղ շրջանի բեմակատարություններով կամ պատմություններ է ներկայացրել մնջախաղի ոճով։ Նրա գլխացավերը շարունակվում են և այնքան են լրջանում, որ 1895 թվականի հունիսի 29-ին նրան ընդունում են Լամբերթի հիվանդանոց, որտեղ նա մեկ ամիս անցկացնելուց և դուրս գրվելուց հետո, հետ է ընդունվում մի քանի ամիս անց։ Երեխաները ստիպված էին հեռանալ տնից, Չարլին ի վերջո ընկնում է որբանոց։ Ըստ Վայսմանի, որը ուսումնասիրել է Հաննա Չապլինի բժշկական գրառումները, Հաննան տառապել է սիֆիլիսից։ 1898 թվականի փաստաթղթերը հաստատում են, որ նա հոգեկան կատաղի ցնցումների մեջ է եղել, որը բնորոշ է սիֆիլիս հիվանդության երրորդ փուլին։ Նրա վիճակը այնքան է վատթարանում, որ 35 տարեկան հասակում նրան ընդունում են Քեյն Հիլի հոգեբուժարան։ Վիճակի կայունացման ընդմիջումների ժամանակ նա երեխաների հետ ապրում էր Քեննինգտոնում, մի էժան սենյակում։ Շարունակում էր աշխատել որպես դերձակուհի և նաև որոշ օժանդակություն էր ստանում Չարլիի հորից, մինչև նրա մահը՝ ցիռոզից, 37 տարեկան հասակում։ Երկու տարի անց Հաննան դարձյալ ընդունվում է հոգեբուժարան, որտեղ շարունակում է տառապել սիֆիլիսի ծանր նոպաներից՝ զառանցանքներից և մտապատրանքներից։ Նրա վիճակը այնքան է վատանում, որ որդին՝ Չարլին «չէր կարողանում նայել նրան»։

Կյանքի մայրամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննայի որդու՝ Չարլիի կարիերան սկսում է զարգանալ, երբ նա 14 տարեկան էր։ Նրա խորթ եղնայրը՝ Սիդնեյը օգնում էր նրան աշխատանք գտնել թատերական ընկերությունների միջոցով։ Շուտով նրանց վիճակը այնքան է բարելավվում, որ նրանք ի վիճակի են լինում կրկին օգնել իրենց մորը՝ տուն բերելով նրան։ Սակայն նրա ժամանակավոր ապաքինումը երկար չի շարունակվում և երբ նրան գտնում են փողոցներում թափառելիս, ստիպված են լինում հետ ուղարկել հիվանդանոց։ Մինչև 21 տարեկան դառնալը Չարլին արդեն բավականաչափ վաստակում էր իր ներկայացումներից և կարողանում է ճանապարհորդել Միացյալ Նահանգներ, որտեղ, մինչև 1921 թվականը նրա կարիերան սկսում է ծաղկել։ Իսկ մոր առողջությունը վատթարանալով վերածվում է թուլամտության։ Հուսահատված Չարլին մորը տեղափոխում է Հոլիվուդ, որտեղ այդ ժամանակ ապրում էր Սիդնեյի և մյուս խորթ եղբոր՝ Ուիլլեր Դրայդենի հետ։ Այնտեղ որդիները Հաննա Չապլինի համար նոր տուն են գտնում Կալիֆորնիա նահանգի Սան Ֆերնանդո Վալիում, տեղավորում նրան այնտեղ և ապահովում շուրջօրյա խնամքով։ Յոթ տարի անց՝ 1928 թվականի օգոստոսի 28-ին, Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի մի հիվանդանոցում Հաննան մահանում է։ Չարլին նրա կողքին էր[3][7]։ Նա թաղված է Հոլիվուդի Ֆորևեր գերեզմանոցում[2][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hannah Harriet Pedlingham Chaplin». Geni. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  2. 2,0 2,1 «Charlie's Mother: Hannah Chaplin». Charlie Chaplin – Official Website. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,0 3,1 Weissman, Stephen (2013 թ․ դեկտեմբերի 13). Chaplin: A Life. Skyhorse Publishing Company, Incorporated. էջեր 14–. ISBN 978-1-62872-185-0.
  4. Anthony, Barry; Chaplin, Michael (2012). Chaplin's Music Hall: The Chaplins and Their Circle in the Limelight. I.B.Tauris. էջեր 30–. ISBN 978-1-78076-314-9.
  5. Roberts, Glenys (2009 թ․ դեկտեմբերի 7). «Revealed: The dark secrets about Charlie Chaplin's mother that fired his genius». Daily Mail. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  6. Milton, Joyce (2014). Tramp: The Life of Charlie Chaplin. Open Road Media. էջեր 10–. ISBN 978-1-4976-5916-2.
  7. Bailey, Stanley (1928 թ․ օգոստոսի 29). «Death Takes Mrs. Chaplin». The Pittsburgh Press. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  8. «Life Stories – Hannah Chaplin». Hollywood Forever Cemetery. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.