Հայ-վրացական գրական կապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ-վրացական գրական կապեր, սկիզբ են առել 5-րդ դարում, աշխուժացել են 19-րդ դարում, երբ Թիֆլիսը դարձել կովկասահայերի գիտական, գրական ու մշակութային կենտրոնը։ Վրացալեզու հայազգի շատ գործիչներ դարերի ընթացքում հարստացրել են վրաց ժողովրդի հոգևոր գանձարանը։ Վրաց գրականության պատմության մեջ իրենց պատվավոր տեղն ունեն Սայաթ-Նովան, հրապարակախոս, գրաքննադատ և հրատարակիչ Գեորգի Թումանովը, արձակագիր և ժուռնալիստ Ա. Հախնազարովը։ Հայ և վրաց գրական կապերի պայծառ էջերից են Խաչատուր Աբովյանի և վրաց գործիչների, Հովհաննես Թումանյանի և Իոսիֆ Գրիշաշվիլու, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Կոնստանտին Գամսախուրդիայի, Եղիշե Չարենցի ու Տ. Տաբիձեի մտերմությունը։ Խորհրդային իշխանության տարիներին հայերեն և վրացերեն հրապարակվել են երկու տասնյակից ավելի ժողովածուներ, առանձին գրքերով լույս են տեսել հայ և վրաց դասական գրողների, ավագ ու կրտսեր սերնդի արձակագիրների և բանաստեղծների ստեղծագործությունները։ Հայ և վրաց գրականագետները քննադատական և բանասիրական ուսումնասիրություններով շարունակվում են հարստացնել երկու ժողովուրդների գրական - մշակութային կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։