Հայկ Ղազարյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում՝ 1941 թվականին նրա հայրը՝ Միրզաջան Ղազարյանը, զորակոչվել է բանակ, նրա գունդը շրջապատվել է և գերի ընկել։ Պատերազմի ավարտից հետո Միրզաջան Ղազարյանը՝ որպես հայրենիքի դավաճան, աքսորվել է և մահացել այնտեղ։ Հայկ Ղազարյանը երկար տարիներ հալածվել է որպես «հայրենիքի դավաճանի որդի»։ 1946 թվականին նա ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընդունվել Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարճական ինստիտուտ, սովորել է գերազանցությամբ։ 1952 թվականին ավարտել է ինստիտուտի պատմության ֆակուլտետը, իսկ 1957 թվականին ընդունվել է Հայկական ԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ։ Որպես պոտմության ուսուցիչ աշխատել է Նորատուս գյուղի ու Կամո քաղաքների դպրոցներում։ 1957-1961 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ կրտսեր, 1961-1976 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1976-1989 թվականներին եղել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1980-1984 թվականներին միաժամանակ եղել է նույն համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետի դեկան։ 1990-1991 թվականներին եղել է Հայկական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, 1992-1996 թվականներին՝ նույն ինստիտուտի Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչ։
Աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի XIX դ. սոցիալ-տնտեսական կյանքի, հայ ազգային-ազատագրական շարժումների, հասարակական-քաղաքական հոսանքների պատմությանը։ «Արևմտահայերի սոցիալտնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ.» (1967) աշխատության մեջ վերլուծել է արևմտահայերի քաղաքային կյանքը, ագրարային հարաբերությունները, պայքարը ազգային սահմանադրության ընդունման համար, լուսաբանել մասնավորապես 1862 թ. Զեյթունի ապստամբության պատմությունը, նրա միջազգային արձագանքները։ «Հայ հասարակականքաղաքական շարժումները XIX դ. 50-60-ական թվականներին և Ռուսաստանը» (1979, ռուս.) աշխատության մեջ այլ հարցերի կողքին տվել է արևմտահայերի ազատագրման՝ նրանց նշած ուղիները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։