Jump to content

Հայերը Լվովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճար

Հայերը Լվովում բնակվում են շուրջ մեկ հազարամյակ՝ ի սկզբանե հանդիսանալով լեհահայ գաղթօջախի, ապա՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդեն՝ ուկրաինահայ գաղթօջախի մաս։

Լվովի գաղթավայրը եղել է Լեհաստանի և հարավարևելյան Եվրոպայի հայության ճանաչված հոգևոր կենտրոն։ 15-16-րդ դարերում Լվովի արվարձաններում գործել են 5-ից ավելի, իսկ քաղաքի կենտրոնում՝ 4 հայկական եկեղեցիներ՝ սուրբ Աստվածածնի Վերափոխման, սուրբ Աննա եկեղեցին՝ իր վանքով, սուրբ Հակոբ և սուրբ Խաչ եկեղեցիները։ 12-րդ դարի վերջին գոյություն ունեցող փայտաշեն, ապա աղյուսաշեն եկեղեցու տեղում կառուցվել է (շինարարությունն ավարտվել է 1363 թվականին) Օձունի տաճարը հիշեցնող մայր տաճարը, որը դարձել է աթոռանիստ եկեղեցի։ 1381 թվականին մեծ հրդեհի ժամանակ մայր եկեղեցին այրվել է. վերակառուցվել է Անիի մայր տաճարի նմանակությամբ (աշխատանքներն ավարտվել են 1437 թվականին)։ 1364 թվականից Լվովը Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսության կենտրոնն էր, իսկ լեհահայերի կաթոլիկացումից հետո՝ Հայ կաթողիկե արքեպիսկոպոսության կենտրոնը։

Հայերն ունեցել են դպրոցներ, գրադարաններ, տպարան (գործել է 1616-1618 թվականներին)։ Գոյություն է ունեցել Լվովի հայկական թաղամաս, որը գտնվում էր հին քաղաքի հյոաիս-արևելքում՝ Կրակովյան դարպասների և կենտրոնի՝ Ռընեկ կոչվող հրապարակի միջև՝ ընդգրկված Հայկական (Ներքին և Վերին), Սկարբկովյան (այժմ՝ Լեսյա Ուկրաինկայի), Կրակովյան փողոցներով։ 14-15-րդ դարերում բնակելի տները 3-4-հարկանի էին (երբեմն՝ միջնահարկով)։ Պատերազմների և հաճախակի հրդեհների պատճառով թաղամասը կառուցապատվել է քարաշեն տներով, որոնց բնորոշ են հայկական ճարտարապետության ավանդների առանձնահատկություններ։ 1666-1783 թվականին գործել է Լվովի պապական հայկական սեմինարիումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը պատրաստում էր հոգևորականներ Հայ կաթողիկե եկեղեցու համար։ Լվովում տարբեր ժամանակաշրջաններում ապրել և ստեղծագործել են ժամանակագիր Սիմեոն Լեհացին, պատմաբան Սադոկ Բարոնչը, բանաստեղծ Մինաս Թոխաթեցին, մշակույթի և գիտության այլ գործիչներ։

1988 թվականից Լվովում գործում է հայկական մշակութային «Աղբյուր» ընկերությունը։ Նպատակն է Լվովի հայ մշակութային ժառանգության պահպանումը, հայ և ուկրաինական ժողովուրդների բարեկամության ամրապնդումը[1]։

Լվով քաղաքը հիմնադրվել է 1256 թվականին՝ մինչ այդ գոյություն ունեցող Պոդզամչե ավանի տեղում, որտեղ, ըստ լեհական սկզբնաղբյուրների, 1183 թվականին հայերն արդեն ունեին իրենց փայտաշեն եկեղեցին։ Հայերը Լվովի առաջին բնակիչներից էին։ 1360-ական թվականներին Լվովը դարձել է ամբողջ Հարավարևելյան Եվրոպայի հայության հոգևոր կենտրոնը։ 1407 թվականին այստեղ ապրել է շուրջ 300, 1633 թվականին՝ 2000 հայ ընտանիք։ 1356 թվականին հայերը Լեհաստանի թագավոր Կազիմիր III Մեծից ստացել են ներքին ինքնավարության իրավունք։ Համայնքում կիրառվել է ազգային դատաստանագիրք։ 16-րդ դարի վերջին քաղաքի 38 հարուստ ու խոշոր խանութներից 22-ը, իսկ 24 միջին կարողության խանութներից 19-ը պատկանել է հայերին։ Շնորհիվ հայ վաճառականների՝ Լվովը կապող օղակ է դարձել Արևելքի և Արևմուտքի միջև։

Սուրբ Խաչ եկեղեցի

Հայկական առանձին տոհմեր (Բոգդան Դոնավակովիչը, Կժիշտոֆ Ավեդիկ Բեռնատովիչը և այլն) հռչակվել են ամբողջ Լեհաստանում և եղել են լեհ թագավորների վարկատուները։ Քաղաքում մեծ թիվ են կազմել հայ արհեստավորները (ոսկերիչներ, կաշեգործներ, ջուլհակներ, վրանագործներ, ներկարարներ), որոնք միավորված էին առանձին համքարություններում։ Հայերն ունեին նաև կալվածքներ։ Կառուցել են վանք, եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Գործել է «Կտրիճվորաց եղբայրություն» երիտասարդական կազմակերպությունը։ Հայկական առաջին դպրոցը Լվովում հիշատակվում է 1590 թվականից (17-րդ դարի կեսին ունեցել է ավելի քան 80 աշակերտ)։ Հայկական եկեղեցիներին կից գործել են տարրական դպրոցներ, 1860-ական թվականներին գործել է ևս մեկ հայկական և մեկ գիշերօթիկ հոգևոր դպրոց (որբերի համար)։ 1665 թվականին հիմնվել է հայ հոգևոր կաթոլիկ բարձրագույն սեմինարիումը (լեհահայերի մեջ կաթոլիկություն տարածելու և կաթոլիկ հոգևորականներ պատրաստելու նպատակով, փակվել է 1784 թվականին)։ 19-րդ դարի սկզբին հայկական կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց (1820 թվականին՝ 400 աշակերտուհի)։ 1865 թվականին Հովսեփ Թորոսովիչի միջոցներով հիմնվել է հայ կաթոլիկ գիշերօթիկ դպրոց (գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը)։ 16-17-րդ դարերում Լվովի հայերը մեծ դեր են խաղացել Լեհաստանի պետական-քաղաքական, դիվանագիտական կյանքում (Քրիստափոր Սերեբկովիչ, Պյոտր Գրիգորովիչ, Իվան Նիկորովիչ, Սուլեյման Կոստանդին Կոմս դը Սիրի և ուրիշներ)։ Լվովի գաղթավայրը եղել է Ուկրաինայում և Լեհաստանում հայկական մշակույթի խոշոր կենտրոններից, որտեղ ստեղծվել են իրավագիտական, բժշկագիտական, բառարանագրության, մատենագրության (Ստեփանոս Լեհացի), պատմագրության (Հովհաննես Ավագերեց, Բարթլոմեյ, Սիմեոն Լեհացի, Սադոկ Բարոնչ), տաղասացություն (Մինաս Թոխաթեցի, Պարսամ Տրապիզոնցի), ճարտարապետական, նկարչական (Պավել և Շիմոն Բոգուշներ), մանրանկարչական (Գրիգոր Լվովցի, Ղազար Բաբերդացի), ոսկերչական արվեստի (Բեդրոս Զախարիասևիչ) աշխատանքներ։

18-րդ դարի վերջի Լեհաստանի բաժանման, Լվովի տնտեսական անկման, հայերի նկատմամբ կիրառված տնտեսական և կրոնական անհանդուրժողականության պատճառով, ինչպես նաև Լեհաստանի վերաբաժանման հետևանքով Լվովի հայ համայնքն անկում է ապրել։ 1782 թվականին Լվովում մնացել էր շուրջ 200 տուն հայ։ Լվովը գրաված ավստրիացիները 1787 թվականին վերացրել են հայկական ինքնավարությունը։ Շարունակել է գոյատևել միայն հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը։ Լեհաստանի անկախության վերականգնումը (1918) էական ազդեցություն չի ունեցել Լվովի հայ համայնքի համար։ 1939 թվականին Լվովը միացվել է Խորհրդային Ուկրաինային։ 18-19-րդ դարերում Լվովում են գործել հայ պատմաբաններ Յան Տոմաշ Յուզեֆովիչը (1663-1729), Կղեմենս Խոդիկևիչը (1715-1797), քանդակագործ Տ. Բարոնչը (1842-1905), արվեստաբան Յան Բոլոզ Անտոնևիչը (1858-1922) և ուրիշներ։ 1930-ական թվականներին Լվովի հայերը հրատարակել են լեհերեն պարբերականներ։ Հայկական եկեղեցիներն ու այլ կազմակերպություններն իրենց գործունեությունը դադարեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 590-591։