Կտրիճվորաց եղբայրություններ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կտրիճվորաց եղբայրություններ, Եղբարց միաբանություններ, երիտասարդական կազմակերպություններ Հայաստանում և հայկական գաղութներում, 12-19-րդ դարերում։ Կազմավորվել են հավքագործակցության, փոխադարձ օգնության և օժանդակության հիման վրա՝ հայ երիտասարդությանը համախմբելու, միավորելու, նրանց աշխարհիկ ու հոգևոր դաստիարակությանը նպաստելու հիմնական նպատակով։ Ունեցել են նաև կիսառազմական բնույթ, երիտասարդությանը վարժեցրել են կարգ ու կանոնի, զինվորական գործին, որպեսզի անհրաժեշտության դեպքում մասնակցեն իրենց քաղաքների պաշտպանությանը, ուղեկցեն առևտրական քարավաններին։ Կտրիճվորաց եղբայրությունները հիմնականում միավորել են ավագ տարիքի պատանիներին և ամուրի երիտասարդներին։ Կտրիճվորաց եղբայրությունների անդամների համար պարտադիր չի եղել առևտրի կամ արհեստի որևէ մասնաճյուղի հետ կապված լինելը։ Կտրիճվորաց եղբայրությունները ունեցել են կանոնադրություն և դրամարկղ։ Ղեկավարել են ավագները, որոնք տարբեր տեղերում կրել են զանազան անվանումներ («գլուխ եղբայրության», «ավագ եղբայր», «պատանեկապետ», «վատահ», «պրեֆեկտ», «դիրեքդոր», «սթարշըյ», «սդարեսդա». ամենատարածվածը՝ «մանկտավագ»)։
Հայաստանում Կտրիճվորաց եղբայրություններ են եղել Անիում, Երզնկայում, Կարինում, Վանում, գաղթավայրերում՝ Սուլթանիեում (Իրա), 14-րդ դար), Կաֆայում (Ղրիմ, 14-րդ դար, լեհական տիրապետության տակ գտնված ուկրաինական մի շարք քաղաքներում (Կամենեց-Պոդոլսկ, 16-17-րդ դարեր, Լվով, Յազլովեց, Ստանիսլավ, 17-րդ դար, Ռաշկով, Տիսմենիցա, 18-րդ դար), Ռումինիայում (Ռաշ, Ռոման, Բոտոշան, Գեռլա, Եղիսաբեթուպոլիս, 17-19-րդ դարեր) ևն։ Գոյություն է ունեցել նաև աղջիկների կամ օրիորդաց եղբայրություն (Գեռլա), որ գլխավորել է «ավագ քույր»-ը։ Պահպանվել են մի քանի Կտրիճվորաց եղբայրությունների կանոնադրությունները (Երզնկայի՝ 1280, Յազլովեցի՝ 1680, Բոտոշանի, Յաշի, Ռոմանի՝ 1690, վերամշակված՝ 1790, Գեռլայի, Եղիսաբեթուպոլսի, քաղվածաբար՝ նաև Ռաշկովի), որոնք արժեքավոր տեղեկություններ են պարունակում այդ կազմակերպությունների ներքին կառուցվածքի, նպատակների, առանձնահատկությունների, տարբեր վայրերում կրած փոփոխությունների, անդամների պարտականությունների, իրավունքների մասին են։
Ըստ Երզնկայի Կտրիճվորաց եղբայրության «Սահմանք և կանոնք»-ի (կազմող՝ Հովհաննես Երզնկացի Պլուզ), կազմակերպության մեջ ընդգրկվել են արհեստներով և առևտրով զբաղվող ամուրի երիտասարդներ, որոնք կազմել են տասնյակներ՝ տասնապետի («տասին գլուխն») գլխավորությամբ։ Չորս տասնյակներից բաղկացած խումբը վարել է «քառասունին մեծն»։ Կազմակերպության ընդհանուր ղեկավարությունն իրականացրել են «գլխավոր եղբայրքն», որոնց ավագը կամ նախագահը կոչվել է «գլուխ եղբայրության»։ Ընկերության անդամները պարտավոր էին նյութապես օգնել կարիքավոր կտրիճներին (եղբայրներ), այցելել հիվանդներին, ցույց տալ բուժօգնություն, կազմակերպել մեռած եղբայրների թաղումը։ Կրտսեր անդամները պետք է ենթարկվեին ավագներին։ Կանոնադրությունը պարտադիր էր բոլորի համար, չենթարկվողները հեռացվում էին կազմակերպությունից։
Ըստ Յազլովեցի Կտրիճվորաց եղբայրության կանոնադրության, ընկերության անդամ կարող էին լինել հիմնականում ամուրի երիտասարդները, որոնք ամուսնանալուց հետո մեկ տարի կարող էին մնալ կազմակերպության մեջ. հեռանալը կախված էր տվյալ անձի ցանկությունից։ Կազմակերպությունը կապված չի եղել արհեստի և առևտրի որևէ մասնաճյուղի հետ։ Ունեցել է գանձանակ՝ գոյացած անդամավճարներից ու զանցանքների համար գանձվող տուգանքներից։ Դա, փաստորեն, փոխօգնության դրամարկղ էր։ Կազմակերպությունը գլխավորել են ավագները, իսկ ընդհանուր ղեկավարն էր գաղութի վոյթը։ Ընկերությունը նույնպես կիսազինվորական կազմակերպության տեսք է ունեցել, նրա խնդիրների մեջ ևս մտել են երիտասարդների կրոնահասարակական դաստիարակությունը, կարգ ու կանոնի վարժեցնելը, հրամանատար-ավագների կարգադրություններին ենթարկվելը։ Կարգը խախտողները պատժվել են տուգանքով կամ բանտարկությամբ։ Ժողովների ժամանակ հարցերը լուծվել են քվեարկությամբ։ Արշավներին կտրիճները մասնակցելու էին նաև իրենց ձիերով, չունեցողներին ձիեր էին տրվում կազմակերպության միջոցների հաշվին։ Կտրիճները մասնակցելու էին եկեղեցիների նորոգմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել եկեղեցական ծեսերին կազմակերպված մասնակցելու հարցին։ Ռումինահայ Կտրիճվորաց եղբայրությունների կանոնադրությունը, որը հաստատվել է Հայոց կաթողիկոս Եղիազար Ա Այնթափցին, մշակել է Ստեփանոս Ռոշքան՝ օգտվելով լեհահայ կանոնադրություններից։
Ըստ ուսումնասիրությունների, Կտրիճվորաց եղբայրությունը նմանություններ են ունեցել Փոքր Ասիայի քաղաքներում XIII դ. առաջացած «Ախի» («Եղբայր») միությունների հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչիկյան Լ. Ս., 1280 թվականին Երզնկայում կազմակերպված «Եղբայրությունը», «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1951, № 12:
- Նույնի, Երզնկա քաղաքի «Եղբարց միաբանութեան» կանոնադրությունը (1280 թ.), «ԲՄ», 1962, № 6:
- Գրիգորյան Վ.Ռ., Արևմտյան Ուկրաինայի հայկական գաղութների «Կտրիճվորաց եղբայրությունների» մասին, «ՊԲՀ», 1963, № 2:
- Նույնի, Յազլովեց քաղաքի հայկական գաղութի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը, «ԼՀԳ», 1973, № 9:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 670)։ |