Հայերենի բառապաշարի ուրարտա-խուռիական շերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերենի բառապաշարի ուրարտա-խուռիական շերտը, այն բառերը, որոնք հայերենին են անցել ուրարտերենից ու խուռիերենից։

Հայերն ուրարտացիների անմիջական ժառանգորդներն են, հետևաբար հայերենը չէր կարող զերծ մնալ ուրարտերեն բառերի ներմուծումից։ Հ. Աճառյանն ենթադրում է, որ հայերեն չստուգաբանված արմատների զգալի մասը խալդական (ուրարտական) ծագում ունի[1]։

Հայերենի ամբողջ՝ մետ 11 հազար արմատներից դուրս հանելով բնիկ (հնդեվրոպական ծագում ունեցող) և ծանոթ լեզուներից բոլոր փոխառյալ բառերը, մնացածը (մոտ 5500 բառ), այսինքն՝ կեսը, ենթադրվում են փոքրասիական (ոչ հնդեվրոպական) և ուրարտական (խալդական) լեզուների բառեր[2]։ Ըստ որում՝ այդ բառերի մեծագույն մասը, ըստ Հ. Աճառյանի, պետք է, որ ուրարտերեն լինի։ Հ. Աճառյանն այդ կարգի բառերը բաժանում է մի քանի խմբերի՝

  • Գույներ ցույց տվող գորշ, երփն, թույր, թուխ, լուրթ, լուրջ, խաժ, խարտյաշ, ծավի, կանաչ, հիր (հակնթագույն կամ երկնագույն), հնդիկ (զուտ սև), շառագույն, շեկ բառերը հնդեվրոպական չեն, և ոչ էլ հայտնի լեզուներից փոխառյալ, ուստի և դրանց մի մասը ուրարտական է ենթադրվում։
  • Մետաղներ ցույց տվող բառերից՝ երկաթ, կապար, ոսկի։
  • Բուսանուններից՝ ցորեն (ցորեան), վարսակ, եղիճ, կոտիմն (կոտեմ), մանդակ, մուճուղեզ, օղին և այլն։
  • Ամանեղեն նշանակող բառերից՝ անոթ, գուշ, խավյակ, խեցի, խուփ, ծափ, կահույր, կայթ, կարաս, կեռլիկ, կճուճ, կուր, հադաղակ, մեսուր, պտուկ, սափոր։
  • Արհեստներին և հատկապես ոստայնանկությանը վերաբերող բառերից՝ ազբ(ն), առէջ, բարաբ, գորգ, թել, իլ, ծոպ, կապերտ, կարժ, կծիծ, կկել, կկոց, կարել, կուր, հյուսել, մանել, շաղամաթ, ոստայն և այլն։
  • Ընտանիք և ընտանեկան ու ազգականական հարաբերություններ ցույց տվող բառերից՝ աղջիկ, աներ, զավակ, զոքանչ, թայրաթոտք, թոռ(ն), լաճ, խնամի, կույս, հոր, փեսա, քեռի, որոնց մեծ մասը իգական գծին են պատկանում։
  • Դրամներից՝ բնիոն, խերևեշ, նաքարակիտ, որոնք մանր տեսակի դրամներ են նշանակում։
  • Գրական-կրթական բառերից՝ գիծ, գծել, էջ, թուղթ, թանաք և այլն։

Ուրարտական բառերը հայերենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ. Աճառյանը ուրարտերենից հայերենին անցած 15 բառ է բերում՝ ընկույզ, ծեփել, ծիրան, ծյուրել, կաղամախ, կարաս, կարասիք, կրթել, կռել (կուռ, կռան), կտավ, փառ (զգեստ, շապիկ), այդ թվում` հաճար, ճակ (էգ), նժար, տող բառերը տալիս է հարցականով[3]։

Գ. Ղափանցյանը[4] և Գ. Ջահուկյանը[5] վերոհիշյալներին ավելացնում են բուրգ, ծես, ծով, հատել (հատանել), հոսել, հույր (պարարտ), շերտ, ուղի բառերը։

Խուռիական բառերը հայերենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմահամեմատական, ծագումնաբանական ուսումնասիրությունների տվյալներով` խուռիերենն ուրարտերենին մերձավոր ցեղակից լեզու է համարվում։ Հայ ժողովրդի կազմավորման մեջ մեծ դեր են խաղացել նաև խուռիտական ցեղերը` կազմելով հայ ժողովրդի բաղադրամասը։ Խուռիական շատ բառեր հայերենի մեջ են մտել որպես նրա մի ենթաշերտ։

Գ. Ղափանցյանի տվյալներով` հայերենին խուռիերենից են անցել խնձոր, խոռ, ծառա, շանթ բառերը[6]։

Ուրարտախուռիական բառերը զգալի մասը լայն կիրառություն ունի նաև ժամանակակից հայերենում և կազմում է նրա բառային հիմնական ֆոնդի անբաժանելի մասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Ա մաս, Երևան, 1951, էջ 180-185։
  2. Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 196-197։
  3. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Ա մաս, Երևան, 1940, էջ 186։
  4. Գ. Ղափանցյան, Հայեց լեզվի պատմություն (հին շրջան), Երևան, 1961, էջ 130-139։
  5. Գ. Ջահուկյան, Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները, Երևան, 1963։
  6. Գ. Ղափանցյան, Հայեց լեզվի պատմություն (հին շրջան), Երևան, 1961, էջ 104-130։