Հայաստանի բուսաշխարհագրական շրջանացում
Արտաքին տեսք
Բուսաշխարհագրական շրջանացում, լանդշաֆտի, ռելիեֆի, հողերի, կլիմայի և այլ աշխարհագրական բաղադրիչներով պայմանավորված բուսատեսակների համախումբ բաշխման տարածքներ։ Հայաստանի և շրջակա երկրամասերի ժամանակակից երկրաբուսաբանական շրջանացման սխեմաներ մշակել են Ն. Կուզնեցովը, Ա. Գրոսհեյմը, Հ. Մաղաքյանը և Ա. Թախտաջյանը։
Ըստ Հ. Մաղաքյանի սխեմայի (1941)՝ Հայաստանի ֆլորան և բուսականությունը պատկանում են չորս բուսաաշխարհագրական նահանգների.
- Հայկական լեռնաշխարհի ֆլորիստիկական նահանգ, ընդգրկում է Շիրակի մարզի մի մասը (Ամասիա, Աշոցք և Ախուրյան) և Սևանի ավազանը։ Նահանգի ամենաբնորոշ բուսաաշխարհագրական առանձնահատկությունը խոնավասեր անտառային բուսականության բացակայությունն է։ Տիրապետողը լեռնաչորասեր և տափաստանային բուսական ֆորմացիաներն են՝ ասեղնատերև նոսրանտառևերի մասնակցությամբ։
- Կենտրոնական Կովկասի ֆլորիստիկական նահանգ, ընդգրկում է Ադրբեջանի ու Վրաստանի անտառները և Հայաստանի հյուսիսարևելյան մի մասը։ Անտառներում տիրապետող տեսակը վրացական կաղնին է, որն ավելի վեր փոխարինվում է հաճարենիով և արևելյան կաղնիով, էնդեմիկները սակավաթիվ են, երբեմն հանդիպում են մնացորդային ծառաթփատեսակներ՝ կենի և մրտավարդ։
- Իրանական ֆլորիստիկական նահանգ. ընդգրկում է ամբողջ Արարատյան գոգավորությունը, Գեղամա լեռնավահանի հարավային լանջերը, Վայքը, Մեղրին և Զանգեզուրի հյուսիսարևմտյան մասը։ Նահանգի բուսական կազմն ինքնատիպ է. աչքի է ընկնում լեռնաչորասեր բուսատեսակների բազմազանությունը, որոնց զգալի մասը էնդեմիկներ են. բնորոշ են տրագականտային կենսաձևերը։ Մեծ տոկոս են կազմում նաև Առաջավորասիական, Հայկ-իրանական, Փոքրասիա-իրանական տարածքները։ Արարատյան դաշտում տիրապետում են նաև Արալա-կասպյան ձևերը։
- Ղարաբաղի ֆլորիստիկական նահանգ, ընդգրկում է ԼՂՀ և ՀՀ Զանգեզուրի հյուսիսարևելյան և արևելյան մասերը։ Նահանգը հիմնականում անտառային է, գերիշխող ծառատեսակները՝ կաղնին ու հաճարենին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |