Հակոբ Բ Նալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Բ Նալյան
Ծնվել է1706
ԾննդավայրՏևրիկ, Սեբաստիայի նահանգ, Թուրքիա
Մահացել էհուլիսի 19, 1764(1764-07-19)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքահանա

Հակոբ Բ Նալյան, 18-րդ դարի հայ լուսավորական-հոգևորական, 1741–48, 1762–64 թթ. գլխավորել է Պոլսո Հայոց պատրիարքարանը։ Նալյանի ապրած ժամանակահատվածում պոլսահայության մեջ բազմաթիվ վեճեր էին տեղի ունենում հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև, որոնք առիթ ու պատճառ էին դառնում կաթոլիկ հայերին հալածելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Նալյանը ծնվել է Ակնա, հետագայում Զիմարրա (Զմմառ) գյուղաքաղաքում, որը գտնվում է Տիվրիկից դեպի հյուսիս արևելք ընկած Եփրատ գետի աջ ափին։ Ծննդավայրի հին անվան հետ է կապված այն փաստը, որ Նալյանը աղբյուրների մեջ հիշատակվում է նաև որպես «Ակնեցի»[1]։ Ծննդյան թվականի մասին կան երկու տարբերակներ։ Համաձայն Սարգիս դպիր Սարրաֆ-Հովհաննիսյանի՝[2] Նալյանը ծնվել է 1701 թվականին, իսկ Մաշտոցյան Մատենադարանի թիվ 4575 ձեռագրի /թ.12 բ./՝ 1706 թվականին։ Նալյանի հայրն է եղել Պողոս Նալօղլին, իսկ մայրը՝ Թամամը։ Նալյանը մինչև 14 տարեկանը մնացել է իր ծննդյավայրում, իսկ այնուհետև եկել Պոլիս և իր ուշիմության պատճառով ընդունվել Կոլոտ պատրիարքի կողմից հիմնած Սկյուտարի դպրատունը։

Ձեռնադրություն և հոգևորական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նալյանի աբեղա ձեռնադրության թվականը հայտնի չէ, իսկ վարդապետության թվականը հայտնի է շնորհիվ կենսագիր Աբրահամ Այվազյանի՝[3], 1728 թվական։ Նալյանն իբրև եպիսկոպոս առաջին անգամ հիշատակվում է 1730 թվականին։ Չորս տարի անց, Կոլոտ պատրիարքի կողմից Նալյանն ուղևորվում է Երուսաղեմ, որպեսզի օգնի Շղթայակակիր պատրիարքին, ով դժվարությամբ էր կարողանում հաղթահարել Երուսաղեմի Հաննա արքեպիսկոպոսի մահվան վիշտը։ Այս կապակցությամբ Նալյանին շնորհիվում է վարդապետության ծայրագույն աստիճանը՝ «Աստվածաբան» կոչումը[4]։

Պոլսո Պատրիարք[խմբագրել | խմբագրել կոդը]

1741 թվականին, երբ մահանում է Հովհաննես Կոլոտ պատրիարքը, համաձայն վերջինիս կտակի, Նալյանը գլխավորում է Պոլսո հայոց պատրիարքությունը։ Դառնալով պատրիարք՝ Նալյանը գահակալում է մինչև 1749 թվականը։ Գահակալման ընդհատման պատճառ է դառնում 1749 թվականի մարտի 26-ին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Երուսաղեմի միաբան Պրոխորոն վրդ. Սիլիստրեցին կամ Ռուսճուքցին մի քանի հայ իշխանների համաձայնությամբ, ինչպես նաև արքունի սպասավորների հովանավորությամբ մայր եկեղեցի է գալիս, որպես պատրիարք և բռնությամբ պարտադրում հեռանալ Նալյանին։ Երկրորդ անգամ Կ. Պոլսի պատրիարք Նալյանն ընտրվել է 1762 թվականին ու գահակալել միայն երկու տարի՝ 1764 թվականը։ Երկրորդ պատրիարքության կարճ ժամանակահատվածը պատճառաբանվում է Նալյանի հիվանդությամբ։ 1764 թվականին գումարված եկեղեցական ժողովում, Հակոբ Նալյանն ինքնակամ հրաժարվում է պատրիարքության աթոռից։ Նալյանը մահանում է 1764 թվականի հուլիսի 19-ին և թաղվում Պոլսո Պերա (Բերա) թաղամասի գերեզմանատանը, Հակոբ Դ Ջուղայեցու գերեզմանի հարևանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մրմըրեան - Ստուերք հին դէմքերու (1635-1900), Կ. Պոլիս, 1907, էջ 23
  2. Գ. Բամբուճեան, Հակոբ Պատիարք Նալյան, Առաջաբան գրված Շնորհք արքպսկ. Գալուստեանի կողմից, Ստամպուլ, 1981
  3. Ա. Այվազյան, Նալեան պատրիարքէ կյանքէն,- «Արևելյան մամուլ», Իզմիր, 1894 թվական, թիվ 15
  4. Գ. Բամբուճեան, Հակոբ Պատիարք Նալյան, Առաջաբան գրված Շնորհք արքպսկ. Գալուստեանի կողմից, Ստամպուլ, 1981, էջ 19