Հազարան Բըլբուլ (Հովհաննես Թումանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարան Բըլբուլ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ժանրպոեմ
Ստեղծման տարեթիվ1898-1914
ՎիքիդարանՀազարան Բըլբուլ

«Հազարան Բըլբուլ», համանուն ժողովրդական հեքիաթի անավարտ մշակումն ըստ Հովհաննես Թումանյանի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազարան Բլըբուլ» պոեմը Հովհաննես Թումանյանը գրել է 1898-1914 թվականներին, սակայն մնացել է կիսատ։ Ստեղծագործական մշակման մղումը ծագել է այն բանից հետո, երբ 1894 թվականի ամռանը Լոռու Վարդաբլուր գյուղում Թումանյանը լսում և գրի է առնում հեքիաթի մի տարբերակ, որը նա մինչև վերջ էլ համարում էր «ամենահինն ու ամենալավը»[1]։ Դրանից հետո հավաքել է հեքիաթի վաթսուն տարբերակներ[2]։

Հեքիաթը փորձել է մշակել երեք ձևերով. պոեմի հատվածներից բացի պահպանվել են նաև դրամատիկական մշակման նմուշներ, արձակ երգախառն տարբերակներ։ Մշակման երեք տարբերակներն էլ մնացել են անավարտ։ Դրամատիկական ստեղծագործությունից պահպանվել են սկզբի հատ ու կենտ էջեր։ Արձակ մշակումը ավարտվել է սյուժետային ամենալարված կետում։ Չափածոյից մնացել են մեծ ու փոքր հատվածներ, որոնք սյուժետային կապակցվածություն չունեն։ Սակայն պոեմից պահպանվել են մշակված և հեղինակի կենդանության օրոք լույս տեսած երկու գլուխներ՝ «Երգչի վիշտը», «Արեգը սև աշխարհքում»(«Հասկեր» ամսագրում)[3]։ «Հազարան բըլբուլի» ծրագիրն ու սահմանները աշխատանքի տարբեր փուլերում փոխվել են։ Մի ծրագրային գրառումից երևում է, որ որոշակի շրջանում բանաստեղծը ցանկացել է իր այս ստեղծագործությունն անվանել «Երգ. արևելյան վիպերգ», որի երեք մասերը կոչվելու էին. Ա. Հազարան բյուլբյուլ, Բ. Սինամ թագավորի գաղտնիքը, Գ. Անթառամ այգի։ Սակայն ինչպես նշվեց Թումանյանն իր ծրագրի փոքր մասն է իրագործել և պատճառը Առաջին աշխարհամարտն էր ու դրան հաջորդած դեպքերը[1]։

Կյանքի վերջին տարիներին, ողբերգորեն գիտակցելով իր ծրագրածն իրագործելու անհնարինությունը, Թումանյանն ավելի ու ավելի մեծ սիրով ու ափսոսանքով է խոսել «Հազարան բըլբուլի» մասին.

«Ափսո՜ս իմ «Հազարան բըլբուլ». ինձ չորս ամիս է հարկավոր, չո՛րս ամիս հանգիստ թողնեն, չխանգարեն, և իմ «Հազարան բըլբուլը» կգրեմ»
- Նվարդ Թումանյան, էջ 286։

Գաղափարական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազարան բլբուլ» ժողովրդական հեքիաթին՝ որպես թափառող սյուժե շատերն են անդրադարձել թե՛ հայ գրականության մեջ, թե՛ համաշխարհային։ Թումանյանը քաջատեղյակ էր դրա մասին։ Բայց այս իմանալով՝ մշակման մեջ ցանկանում էր դնել մի գաղափար, որը կառանձնացներ իր ստեղծագործությունը մնացածներից.

«Դու գիտես, որ ես մի հեքիաթ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը» - նյութ առած ուզում եմ հորինել մի արևելյան պոեմա։ Դրանով հետաքրքրվելով գտա-որ շատ անգամ տպված է, բոլոր ազգերն ունեն, պատմված է հազար ու մի ձևով, մինչև անգամ գիտնականները մեկնություն են տվել, թե գարնան գալն է հեքիաթի առարկան, բայց այդ բոլորից հետո ես ոչ միայն թողի իմ հեքիաթը, այլ ավելի պինդ բռնեցի, ավելի ոգևորվեցի այդ նյութով - ով ինչպես ուզում է գրած լինի, ես էլ ինձ պես եմ ասելու, և մինչև անգամ հանդգնություն ունեցա գիտնականների հակառակ իմ ունեցած մեկնությունը, միտքը նկատել հեքիաթի մեջ և այն զարգացնել ու երգել։ Ինչպես դու գիտես - իմ կարծիքով բանաստեղծության ու մուզիկայի ծնունդն է հեքիաթի առարկան»։
- Երկերի ժողովածու, 5-րդ հատոր, էջ 158։

Այսինքն, ըստ Թումանյանի հեքիաթը այլաբանորեն արտահայտում է «բանաստեղծության ու մուզիկայի ծնունդը»։ Սակայն հեքիաթի այս ըմբռնումը, ըստ որի այն խորհրդանշում է գեղարվեստի ծագումը, հետագայում խորացավ ու լրացվեց նոր կողմերով[1]

Ալամ արքայի այգին այլաբանորեն ամբողջ աշխարհն է։ «Ալամ» հենց նշանակում է «աշխարհ»։ Գազանների վերափոխված պահապանները ժամանակիկց մարդիկ են, որ կորցրել են իրենց մարդկային էությունը, դարձել մանր, գազանային կրքերի գերին։ Եվ միայն հազարան բլբուլի երգը կարող էր բուժել նրանց, և որը խորհրդանշում է արվեստը։ Այսպես ժողովրդական հեքիաթի նվիրական իմաստը արվեստի միջոցով մարդու վերածնման և կատարելագործման գաղափարն է[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալամ արքան թագավորում էր դրախտային ու գեղեցիկ արևլուսի կողմերում։ Բայց մի օր որդեկորույս մի մայր անիծում է և երկիրը վերածվում է տատասկոտ ու փշոտ մի վայրի, իսկ թագավորի ծառաները՝ գազանների։ Թագավորը խորհրդի հրավիրեց փորձառու մարդկանց։ Նրանք խորհուրդ տվին ապավինել գիտությանը։ Թագավորը աշխարհի բոլոր ծայրերից հրավիրում է գիտունների։ Սակայն նրանք էլ չգտան պատճառը, թե ինչպես են մարդիկ գազան դարձել։ Պատասխան չգտնելով՝ արքան մտածումների մեջ էր, երբ հայտնվում է սպիտակամորուս մի ծերունի և ցույց տալիս կախարդանքը վերացնելու ուղին։ Պարզվում է, որ պետք է ձեռք բերվի Հազարան բլբուլը, որ երգի ու թագավորությունը նույն դրախտավայրը դառնա։

Թագավորը ուներ երեք տղա։ Կանչում է նրանց ու հայտնում լուրը։ Ավագ և միջնեկ որդիները գոռոզաբար խոստանում են բերել Հազարան բլբուլը, իսկ պալատականները հիանում էին նրանցով։ Միայն փոքր որդուն՝ Արեգին էին ծաղրում, որ քնարը ձեռքին իջնում էր շրջապատված ոգիներով։

Երկար տարիների ճամփորդության ժամանակ Արեգի համար հանգրվան է դառնում մի երգիչի տունը։ Նա երգչին հիշեցնում է նրա ցավը։ Պարզվում է, որ մինարեի տակ երգելիս երգչին բռնել են հավքերը ու տարել ոգեղեն աշխարհ։ Այդ աշխարհում երգչին փորձության են ենթարկում փերիները։ Երգիչը գայթակղվում է նրանցով ու չի դիմանում փորձությանը։ Նրան կրկին գցում են մահկանացուների աշխարհը, որ ողջ կյանքում տառապի։

Արեգին հայտնվում է նույն ալևորը, ինչ հորը։ Արեգը հարցնում է Հազարաբ բլբուլի մոտ տանող ճանապարհը։ Ծերը խուսափում է ճանապարհը հուշելուց՝ ասելով, որ վտանգներ են սպառնում նրան, առաջարկում է վայելքների ճանապարհներն ասել։ Սակայն Արեգը հրաժարվում է։ Ալևորը օրհնում ու խրատում է խիզախ պատանուն՝ ճանապարհը ցույց տալով։

Արեգը հայտնվում է Սև աշխարհում։ Տեսնում է մի գեղուհի փակված է այնտեղ։ Իմանում է, որ նրան շղթայել է Սև Դևը։ Արեգը նետով զարկում է դևին ու սպանում։

Արեգը ծովերի արքայից խնդրում է Քամի ձին, որ տանի նրան Հազարան Բլբուլի աշխարհ։ Ձին հայտնվում է, չի ենթարկվում Արեգին, բայց Արեգը հնազանդեցնում է նրան։ Քամի ձին հասցնում է նրան դրախտային աշխարհի սահմանը։ Սահմանով անցնում է մի գետ։ Նա, ով կկարողանա խմել գետի դառը ջրերից, կանցնի փշոտ մի դաշտ։ Դաշտը անցնողին սպասում է մի նոր փորձություն. խեղկատակները շրջապատում են մարդուն ու ծիծաղեցնելով մոլորեցնում։ Եթե ուշադրություն չդարձնի նրանց, կհասնի Հազարան Բլբուլի տիրուհու ապարանք, որը հսկում են խոյն ու առյուծը։ Միայն նրանց կերակրելուց հետո Արեգը կհասնի Հազարան Բլբուլին։ Բայց այստեղ էլ պետք է զգուշանալ տիրուհու գեղեցկությունից։ Այսպես էլ ավարտվում է մշակումը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալամ թագավոր
  • Ալեհեր ծերունի
  • Ավագ և միջնեկ որդիներ
  • Արեգ
  • Սև Դև
  • Քամի ձի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1991 թ.). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայաստանի ԳԱ հրատարակչություն. էջ 566.
  2. 2,0 2,1 Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծսգործությունը. Երևան: Սովետական գրող հրատարակչություն. էջ 173.
  3. Ջրբաշյան, Էդվարդ (1986). Թումանյանի պոեմները (Երկրորդ, վերամշակված հրատարակություն ed.). Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 390.