Կոպի լուվակ
Կոպի լուվակ | |
---|---|
Ծագման երկիր | ![]() |
![]() |

Կոպի լուվակ[1] կամ կոպի լյուվակ (ինդոն.՝ kopi luwak[2]), սուրճի տեսակ, որն արտադրվում է մուսանգներին սուրճի հատիկները կերակրելով և դրանք նրանց արտաթորանքից զատելով։ Այս սուրճն արդյունաբերական ծավալներով արտադրվում է Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում (որտեղ կոչվում է նաև «Կապե Ալամիդ»), Հարավային Հնդկաստանում և Վիետնամում[3] (վիետ․՝ Cà phê chồn [չոն սուրճ][4])։ Կոպի լուվակն աշխարհի ամենաթանկ սուրճերից մեկն է․ նրա մեկ կիլոգրամն արժե մոտ 550 եվրո/700 դոլար։
Արտադրության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպի լուվակ սուրճի հատիկների արտադրության գործընթացը հետևյալն է․ մուսանգները (Paradoxurus hermaphroditus, վիվերների ընտանիքի կենդանի) ուտում են սրճենու հասած պտուղները (սուրճի բալեր), մարսում են սուրճի հատիկները շրջապատող միջուկը և արտաթորում սուրճի հատիկները, որոնք այնուհետև հավաքում են մարդիկ, լվանում և չորացնում արևի տակ[5]։
Կոպի լուվակի յուրահատուկ համը բացատրվում է թթվային և ֆերմենտային ազդեցության համադրությամբ։ Մուսանգների ստամոքսաղիքային համակարգով պտուղների անցնելու ժամանակ նրանց ստամոքսահյութը և մարսողական ֆերմենտները թափանցում են պտուղի էնդոկարպի միջով և քայքայում պահուստային սպիտակուցները։ Այս ազդեցության արդյունքում պեպտիդային շղթաները կրճատվում են, ինչը հանգեցնում է ամինաթթվային բաղադրության փոփոխության և ազդում սուրճի հատիկների բույրի վրա։ Բովելու ընթացքում հատիկների սպիտակուցները ենթարկվում են Մայարի ռեակցիային։ Հատիկների վրա կարող են ազդել նաև ստամոքսաղիքային համակարգի բակտերիաները և մուսանգի գեղձերի անջատումները, որոնց կազմի մեջ կա ցիբետին[6]։ Քանի որ համարվում է, որ մուսանգն ընտրում է սուրճի միայն ամենահասած և համեղ պտուղները, դա կարող է նվազեցնել վերջնական արտադրանքի դառնությունը ածիկացման գործընթացի հաշվին։ Կաթնասունների մարսողական համակարգի միջով անցնում է նաև որոշ այլ էլիտար ապրանքանիշերի (օրինակ՝ «Սև փղոսկր») սուրճը։
Համարվում է, որ մուսանգներն ընտրում են սուրճի միայն ամենահասած և համեղ բալերը, իսկ այս սուրճի արտադրությունը չի գերազանցում տարեկան մի քանի հարյուր կիլոգրամը։ Այնուամենայնիվ, ներկայում սուրճի այս տեսակը հաճախ արտադրվում է արդյունաբերական մասշտաբներով հատուկ ֆերմաներում։ Նման ֆերմաներում կենդանիներին պահում են վանդակներում և զրկում են ճյուղերով ազատ տեղաշարժվելու և սուրճի լավագույն պտուղները փնտրելու հնարավորությունից[7][8][9]։ Ակնհայտ է, որ անազատության մեջ մուսանգները, որոնք նաև գիշատիչներ են, չեն կարողանում ընտրել ամենահասած պտուղները և ստիպված են ուտել այն, ինչ նրանց տալիս է աշխատակազմը։ Ֆերմաների պայմաններում մուսանգների սննդակարգը տարբերվում է բնականից, ինչը կարող է ազդել նաև ըմպելիքի համի վրա։ Բացի այդ, մշակվել են սուրճին ցիբետինով արհեստական բույր հաղորդելու մեթոդներ[10]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մուսանգը սրճենու ճյուղերի վրա պտուղներն ուտելիս
-
Կոպի լուվակի հատիկները չորանում են արևի տակ
-
Փաթեթավորված կոպի լուվակը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Много творчества ради пары глотков: самый дорогой кофе в мире | РИА Новости»։ Արխիվացված օրիգինալից 2016-02-16-ին։ Վերցված է 2016-02-11
- ↑ «Կոպի» բառը մալայերենի ինդոնեզական բարբառով նշանակում է «սուրճ», իսկ «լուվակ» բառը մուսանգի տեղի անվանումն է
- ↑ «Кофе Лювак во Вьетнаме»։ tt.guru։ Արխիվացված օրիգինալից 2019-12-13-ին։ Վերցված է 2019-06-05
- ↑ Cà phê chồn(վիետ.) // Wikipedia tiếng Việt. — 2017-05-17.
- ↑ «What is Kopi Luwak? — Kaya Kopi Luwak (Civet Cat Coffee)»։ Kaya Kopi (en-US)։ Վերցված է 2023-08-20
- ↑ «Экскременты животных делают кофе самым дорогим в мире»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-11-ին։ Վերցված է 2012-12-12
- ↑ «Coffee at a price difficult to digest — Los Angeles Times»։ Արխիվացված օրիգինալից 2008-04-24-ին։ Վերցված է 2008-05-04
- ↑ «YouTube — Extreme Coffee — Sumatra»։ Արխիվացված օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2017-10-02
- ↑ «Гурманы или живодёры? Как делают самый дорогой кофе мира»։ Русская служба Би-би-си։ 2013-09-17։ Արխիվացված օրիգինալից 2013-09-19-ին։ Վերցված է 2013-09-17
- ↑ «Kopi Luwak coffee FAQ’s | Real Kopi Luwak»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-12-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Гурманы или живодеры? Как делают самый дорогой кофе мира»։ Русская служба Би-би-си։ 2013-09-17։ Վերցված է 2013-09-17