Կոխ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոխ (այլ կիրառումներ)
Կոխ, հայկական ազգային ըմբշամարտի տեսակ։ Ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։ Հայաստանի կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն 2000 թվականից «Հայաստանի «ազգային կոխ» ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ անցկացնում է հայկական ազգային կոխ ըմբշամարտի մեծահասակների հանրապետական առաջնություններ[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզիկները մրցությանը մասնակցում են մարզաչուխաներով։ Նախքան գոտեմարտի սկիզբը ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը։ «Կոխ» ռազմապարում պարային ռիթմիկ շարժումներով ներկայացվում է ըմբշամարտի տեսարան։
Կոխը մարզական ունակությունները ներկայացնելու լավ հնարավորություն էր երիտասարդների համար տարվա տարբեր եղանակներին։ Սեբաստիայում մենամարտողները մրցել են նաև ձմռանը՝ մինչև գոտկատեղը առանց հագուստի։ Մենամարտը տեղի է ունեցել հասարակական վայրերում դհոլ-զուռնայի նվագակցությամբ։
Կոխը կարևոր տեղ է ունեցել նաև ժողովրդական տոնախմբությունների, ուխտագնացությունների ընթացքում, բանահյուսության մեջ և պատմական բազմաթիվ աղբյուրներում պահպանվել են հիշատակումներ այս մարզաձևի մասին՝ Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Փավստոս Բյուզանդի, Ագաթանգեղոսի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ստեփան Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Կիրակոս Գանձակեցու և այլոց աշխատություններում։
Մարտի տևողությունը 8 րոպե է։ Մաքուր հաղթանակի է հասնում այն ըմբիշը, որն իր մրցակցին գցում է թիակների վրա կամ մրցակցի թիկունքի և մրցագորգի միջև եղած անկյունը հասնում է 90 աստիճանի, կամ մրցակցին դնում է «կամուրջ» դրության մեջ, կամ մրցակցի նկատմամբ ձեռք է բերում 10 և ավելի միավոր։ Եթե մինչև մարտի ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկին։
Ըմբիշները գոտեմարտում են 7-9 մետր տրամագիծ ունեցող մրցագորգի վրա[3]։
Շուլավերում կոխը ուներ երկու տեսակ՝
- Կռնակոխ, երբ ըմբշամարտիկները բռնում էին իրար օձիքից, թևերից, ոտքրն ու իրանը միմյանցի հետռու էին պահում։
Սարմա տալ հնարը մենամարտելիս ոտ գցել, կեռ տալով դիմացինի հավասարակշռությունը թուլացնելն էր, ապաև տապալել գետնին։
Քամանդ բերել հնարը այսպես էր՝ օձիքից բռնելով քաշում էին դեպի թիկունք, ապա ուսի վրայով տապալում գետնին։
- Խտտակրի, երբ կոխ բռնողները իրար խտտում էին, իրար կիպ մոտեցած սեղմում։ Այս կոխն արդեն առավելպես ուժի հարց էր, ոչ թե ճարպկության։
Շատ մասնակիցներ թևը մրցակցի թևի տակ էին անցկացնում, որպեսզի բարձրից բերեին վար ու այդպես գետնեին։
Բարձրից բերողը հակառակորդին բարձրացնում է իր գավակը և գլխի վրա բերելով տապալում է գետին - Վ․ Բդոյան, Հայ ժողովրդական խաղեր,հ․2, Երևան, 1980, էջ 84
|
Կոխ մարզաձևն ունի երկու տեսակ՝ Լոռվա և Շիրակի։
Շիրակի կոխ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրակի կոխի դեպքում ըմբիշները մրցում էին միայն հատուկ վարտիքով, կարելի էր բռնել մրցակցի միայն ոտքերը։
Կոխի ընթացքում մարզիկները կատարում են տարբեր հնարներ, նկարագրված է Շիրակի կոխի 13 հնար[4]՝
- Պոկում առաջ
- Հակադարձ պոկում
- Պոկում ետ
- Փոխադրում պարտեր սուզումով
- Ուսագետնում
- Ուսագետնում վերկանգով
- Շրջում վերկանգով
- Ոտգցում
- Շալակում ոտգցումով
- Կառչում ներսից
- Խփում թաթով
- Թևարգելք
- Շրջում սուզումով
Յուրաքանչյուր հնար ունի իր հստակ նկարագրությունն ու կատարման տեխնիկան, օրինակ՝ Հնար 1։ Պոկում առաջ Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ մրցակիցը՝
- հարձակվում է մրցակցի վրա,
- ուղղվելով ընդունում է բարձր կանգնվածք։
Այդ դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝
- ետ նահանջել՝մրցակցին հարկադրել դիմելու հարձակման,
- աշխատել հակառակորդին թեքել առաջ։
Լոռվա կոխ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոռվա կոխի ժամանակ ըմբիշները հագնում էին հատուկ հանդերձանք և գետնելու կամ հրելու հնարքների ժամանակ թույլատրվում էր բռնել մրցակցի հագուստից։
Այս դեպքում էլ մրցակիցները կատարում են բազմատեսակ հնարքներ, յուրաքանչյուր հնար ունի հստակ նկարագրուոթյուն և կատարման տեխնիկա։ Լոռվա կոխ ըմբշամարտում կատարվում է ընդհանուր 12 հնար[5], դրանք են՝
- Ոտգցում
- Կառչում դրսից
- Կառչում ներսից
- Կառչում ոտնաթաթով՝ ներսից
- Կառչում ոտնաթաթով՝ դրսից
- Փաթաթում ներսից
- Փաթաթում դրսից
- Փաթաթում և կառչում՝ թաթով ներսից
- Խփում ներսից
- Խփում դրսից
- Խփում թաթով
- Շալակում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Ս. Թումանյան, Կոխ։ Հայկական գոտեմարտ։ Ուսումն. ձեռնարկ, Երևան, Հայպետհրատ, 1957, 108 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://krtaditak.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%AD%D5%A8/, Հայկական կոխը
- Հայկական կոխ մարտարվեստը
- Հայկական կոխ ըմբշամարտ
- kokh.info Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- https://www.irtek.am/views/act.aspx?aid=90615, ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ ՄԱՐԶԱՁԵՎԻ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ
- http://www.armnoc.am/arm/news/2489/vaxinak-galustyan-cankanum-enqmer-azgayin-kokh-ymbshamarty-hayastanum-ev-ashkharhum-mets-taratsum-unena.html, Կոխ ըմբշամարտ, ՀԱՕԿ կայք։
- http://rma.zorakn.org/?s=%D5%AF%D5%B8%D5%AD, Հայկական կոխ ըմբշամարտ, Զորակն գիտակրթական հիմնադրամ։
- https://sport.mediamax.am/am/news/articles/24488, Հայկական ավանդական կոխը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://int-heritage.am/ich-list-of-ra/, ՀՀ ՈՆՄԺ արժեքների ցանկ
- ↑ https://escs.am/am/news/5716,Հայկական ազգային կոխ ըմբշամարտ
- ↑ Մ. Ս. Իսպիրյան (1984). Մարզանունների բացատրական բառարան. Երևան: «Հայաստան». էջ էջ 68.
- ↑ http://rma.zorakn.org/416, Շիրակի կոխ
- ↑ http://rma.zorakn.org/230, Լոռվա կոխ գոտեմարտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 525)։ |