Կիրա Սարաջևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրա Սարաջևա
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 15, 1910(1910-08-15)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 8, 2003(2003-07-08) (92 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ և մանկավարժ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կիրա Կոստանդինի Սարաջևա (օգոստոսի 15, 1910(1910-08-15), Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 2003(2003-07-08), Մոսկվա, Ռուսաստան), հայ տավղահարուհի, մանկավարժ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1958), Կոստանդին Սարաջևի դուստրը, Կոնստանտին Սարաջևի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրա Սարաջևան ծնվել է 1910 թվականի օգոստոսի 15(28)-ին Մոսկվայում, հայտնի երաժիշտ, ջութակահար, դիրիժոր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Կոնստանտին Սոլոմոնովիչ Սարաջևի և Զոյա Բորիսովնա Սարաջևայի ընտանիքում։ Քույրերից Ադան տավիղ է նվագել Մեծ թատրոնի նվագախմբում, Թամարան ջութակ է նվագել Մոսկվայի ֆիլհարմոնիայի նվագախմբում։ Կիրան նույնպես վաղ մանկությունից երաժշտական տաղանդ է ցուցաբերել։ Սկզբում նա սովորել է դաշնամուր նվագել, իսկ հետո ընտանիքի ընկերոջ՝ ջութակահար Գեորգի Դուլովի խորհրդով սկսել է սովորել տավիղ նվագել[1]։

Կիրա Սարաջևան սովորել է Մոսկվայի երաժշտական դպրոցում, 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի տավիղի բաժինը, որտեղ սովորել է Նիկոլայ Գավրիլովիչ Պարֆյոնովի[2]՝ հայտնի տավղահար և Ռուսաստանի տավղահարության դպրոցի հիմնադիր Ալեքսանդր Սլեպուշկինի[3] սանի դասարանում։ Սովորելու տարիներին որպես մենակատար հանդես է եկել համերգներով։ 1932 թվականին դարձել է ԽՍՀՄ համամիութենական պետական ռադիոյի, 1934 թվականին՝ Մոսկվայի Կ. Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի, 1936-1971 թվականներին՝ Մեծ թատրոնի նվագախմբերի առաջին տավղահարուհի և մենակատար։ 1937-1939 թվականներին դասավանդել է Մոսկվայի երաժշտական դպրոցում, 1937-1941 թվականներին դրան զուգահեռ դասավանդել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, 1945-1953 թվականին՝ Մոսկվաի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում, 1954-1990 թվականին՝ Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում (1970 թվականից՝ պրոֆեսոր)։ Կիրա Սարաջևայի տասնյակ ուսանողները հետագայում աշխատել են Մոսկվայում, Կրասնոյարսկում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Լուգանսկում, Սարատովում, ինչպես նաև Ուկրաինայում, Հայաստանում, Ղազախստանում, Մակեդոնիայում և Իսրայելում։

Տավիղի համար գործիքավորել է մի շարք կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հեղինակել է «Տավղահարի կատարողական վարպետության մասին» (ռուսերեն, 2001) գիրքը։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով (25 մայիսի, 1976)[4] և «Պատվո նշան» (27 մայիսի, 1951)[5],ինչպես նաև մեդալներով[1]։

Կիրա Սարաջևան մահացել է 2003 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայում, որտեղ էլ թաղվել է[6]։

Մոսկվայում անցկացվում է Կ. Սարաջևայի անվան պատանի տավղահարների բաց մրցույթ[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Կոնստանտին Սարաջև (1877-1954), խորհրդային դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), Աշխատանքի հերոս (1921),
  • Եղբայրը՝ Կոնստանտին Սարաջև, (1900-1942), երաժշտության տեսաբան, կոմպոզիտոր,
  • Քույրը՝ Ադա Սարաջևա (Էլդարովա, 1908-1996), տավղահարուհի, Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի մենակատարուհի,
  • Թոռնուհի՝ Օլգա Ալեքսանդրովա Էլդարովա (ծնվ.՝ 08.10.1956), տավղահարուհի, երկու միջազգային մրցույթների դափնեկիր,
  • Զարմուհին՝ Նատալյա Իվանովնա Պոպովա (1924-2014), տավղահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի մենակատարուհի, 1975-1988 թվականներին դասավանդել է ԵՊԿ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Московский открытый конкурс юных арфистов имени К. К. Сараджевой
  2. Парфёнов Николай Гаврилович
  3. Кира Константиновна Сараджева
  4. «Указ Президиума Верховного Совета СССР от 25 мая 1976 года «О награждении орденами и медалями СССР работников Государственного академического Большого театра СССР»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  5. Указ Президиума Верховного Совета СССР от 27 мая 1951 года «О награждении орденами и медалями СССР артистов и художественно-технических работников Государственного ордена Ленина Академического Большого театра СССР»
  6. «САРАДЖЕВА (Сараджян) Кира Константиновна (1910—2003)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։