Կարմրան բազմաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրան բազմաճյուղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Կարմրանածաղկավորներ
Ընտանիք Կարմրանազգիներ
Ցեղ Կարմրան
Տեսակ Կարմրան բազմաճյուղ
Լատիներեն անվանում
Támarix florida Bge


Կարմրան բազմաճյուղ (լատին․՝ Támarix florida Bge), կարմրանազգիների ընտանիքի, կարմրան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ փոքր ծառ կամ թուփ է՝ բազմամյա ճյուղերը ծածկված են մուգմոխրագույն, իսկ երիտասարդ ճյուղերը կարմրավուն կամ նարնջակարմրավուն կեղևով։ Միամյա ընձյուղների տերևները նշտարաձև են, կարճ ցողունը որոշ չափով ընդգրկող հիմքով։ Կանաչ ընձյուղների տերևները կարճ-օվալաձև են կամ դելտայաձև սրտանման,ցողունը որոշ չափով ընդգրկող հիմքով։ Ծաղիկները գտնվում են ծայրային հուրաններում։ 5 անդամանի են։ Ծաղկակիցը նշտարաձև է կամ ձվաձև-նշտարաձև, ծաղկակոթին հավասար է կամ նրանից մի փոքր երկար։ Բաժակաթերթիկները օվալաձվաձև են, սրածայր կամ բթավուն, կիսաթափանցիկ, թաղանթանման եզրերով, առանց քթիկի։ Պսակաթերթիկները վարդագույն են, վառ մանուշակագույն կամ սպիտակ,հակառակ-ձվաձև, թեք, մինչև 1,5 մմ երկարությամբ, որոնք առաջացնում են հավաքված, բաժականման պսակ, որը մնում է պտուղների վրա։ Ենթավարսանդային սկավառակը 5 մասանի է, յուրաքանչյուր գագաթին փոքրիկ փոսիկներով, երբեմն՝ առանց դրանց։ Առէջները 5-ն են։ Վարսանդը ունի 3 սռնակ։ Պտուղը տուփիկ է մինչև 5 մմ երկարությամբ, միջին հաշվով պարունակում է 17 սերմ, որոնք ծլունակությունը պահպանում են 3-10ամիս։ Ծաղկում է գարնանից մինչև խոր աշուն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, նախկին ԽՍՀՄ-ի Եվրոպական մասում Միջին Ասիայում, Ղազախստանում, Մոնղոլիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Աֆղանստանում, Իրանում, Փոքր Ասիայում, Բալկաններում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Արաքս գետի հովտում, Լոռիում, հազվադեպՍևանի ավազանում, որտեղ աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, աղուտներում, ծովի մակերևույթից 1600- 1800 մ (երբեմն' 1950 մ) բարձրության վրա։ Արտակարգ ցրտադիմացկուն տեսակ է. դիմանում է մինչև -45 °C-ի սառնամանիքների։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց արժեքավոր դեկորատիվ տեսակ է, որը կարելի է առաջարկել հանրապետության բոլոր դենդրոլոգիական շրջաններում մշակելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 233։