Կարմիր բլուրի պեղումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարմիր բլուր, հնավայր Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, մոտ 100 հա տարածքի վրա սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։

1936 թվականին երկրաբան Ա․ Պ․ Դեմյոխինը բլրի հարավարևելյան լանջին պատահաբար գտավ մի բազալտե քարի բեկոր, որի վրա պահպանվել էր հինգ տող սեպագիր արձանագրության մի մասը։ Նա այդ քարը տեղափոխեց Հայաստանի պատմության պետական թանգարան, և այն վերծանվեց Կ․ Գ․ Ղաֆադարյանի կողմից։ Պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ․ թ․ ա․ VII դարի կեսերին, քանի որ պարզ կարդացվում էր ուրարտական Ռուսայի՝ Արգիշտիի որդու անունը։ Հայտնագործությունից հետո Կ․ Գ․ Ղաֆադարյանի ղեկավարությամբ կատարվեցին տեղանքի հետախուզական աշխատանքներ և բացահայտվեց, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված էին հնագույն շինությունների փլված պատերի քարերով և կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել էր հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետևանքով բլուրն անվանվեց Կարմիր բլուր։

Երկար տարիներ մոտակա գյուղերի բնակիչները քարերն օգտագործում էին շինարարական նպատակներով, իսկ այրված ու մոխրացած հողը՝ դաշտը պարարտացնելու համար։ Այդ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են և բլրի մակերեսից դուրս եկել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կոտրված անոթներ և ոսկորներ, երկաթե և բրոնզե առարկաներ[1]։

Միջնաբերդի պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին երեք արշավախումբ միասին սկսեցին Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները․ Պետական Էրմիտաժի (արշավախմբի ղեկավար՝ Բ․ Բ․ Պիոտրովսկի), Պատմական հուշարձանների կոմիտեի և ՍՍՀՄ ԳԱ հայակական մասնաճյուղի արշավախումբը (արշավախմբի ղեկավարներ՝ Կ․ Ղաֆադարյան՝ 1939 թ․ և Ս․ Տեր֊Ավետիսյան՝ 1940֊41թթ)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պեղումներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1945 թվականին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի (1959թ․), ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Էրմիտաժի միացյալ արշավախմբի ուժերով՝ Բ․ Բ․ Պիոտրովսկու ընդհանուր ղեկավարությամբ։ Պեղումներն ավարտվեցին 1971 թվականին։ Երկարամյա պեղումների արդյունքում պարզվեց, որ Կարմիր բլուրն ուրարտական ուշ ժամանակաշրջանին պատկանող (մ․թ․ա․ VII֊VI դդ․) մի հուշարձան է, որն իրենից ներկայացնում է հզոր ուրարտական ամրոցի և քաղաքի միացյալ համալիր և զբաղեցնում է մոտ 100 հա տարածություն։ Ամրոցը, որն ընդգրկում է բլրի գագաթը, մի մոնումենտալ շինություն է և զբաղեցնում է 4 հա տարածություն։ Ամրոցի միջնաբերդը երկհարկանի մի հսկա շենք է, որի պահպանված նկուղային հարկը բաղկացած է 150 սենյակներից։ Այդ շինության արևելյան և հյուսիսային ճակատները աստիճանաձև են և ամրացված են մեծ քանակությամբ ոչ բարձր աշտարակներով, իսկ անկյուններն՝ ավելի խոշոր աշտարակներով։ Շենքի արևմտյան ճակատը նայում է դեպի ընդարձակ բակը, որն ամրացված է կրկնակի պարիսպներով և ունի երկու մուտք։ Հիմնական, հարավային մուտքն ունի լավ պաշտպանված դարպասներ, որոնց երկու կողմից բարձրանում են մեկական հսկայական աշտարակ, իսկ երկրորդ՝ հյուիսարևմտյան կողմի մուտքն ավելի փոքր է, որով անցնում էին մարտակառքերը։ Հզոր պարիսպները, որոնք կառուցված են քարե հիմքի վրա բարձրացող հում աղյուսե պատերով և ամրացված են աշտարակներով ու կոնտրֆորսերով, ապահովում էին ամրոցի պաշտշպանությունը։ Բացի դրանից, ամրոցի պաշտպանողական համակարգն ունի մի առանձնահատկություն ևս. եթե հակառակորդը ներխուժեր ամրոցի բակը, նա կհանդիպեր միջնաբերդի առանց որևէ մուտքի երկրորդ հզոր պարսպին։ Ոչ բակից, ոչ էլ մի այլ տեղից հնարավոր չէր մտնել միջնաբերդ։ Ամրոցի բնակիչները միջնաբերդ մտնելու համար բարձրանում էին հատուկ պանդուսով, որը կենտրոնական մուտքի մոտից դռնապանի սենյակի ետևից տանում էր դեպի առաջին հարկի տանիքի մակարդակին կառուցված հարթակները։ Այստեղից կարելի էր անմիջապես մտնել երկրորդ հարկի սենյակները, կամ աստիճաններով իջնել նկուղային հարկ[2]։

Պեղումներից պարզ դարձավ նաև, որ նախնական հատակագծում ամրոցը փոքր է եղել և հետո մի քանի անգամ լայնացվել է հարավարևելյան ուղղությամբ, նախկին պարիսպները և կոնտրֆորսերը մնացել են սենյակների ներսում՝ կազմելով յուրահատուկ ելուստներ։ Նշված նկուղային սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ։ Երկրորդ հարկում գտնվել են նահանգապետի, բարձրաստիճան զինվորականների և այլ աստիճանավորների, քրմերի պալատներ, սենյակներ ու տաճարներ[2]։

1946 թվականին արշավախմբի կողմից հաջողվեց որոշել ամրոցի անունը, երբ N 11 կացարանի դռան մոտ գտնվեց բրոնզե դռան փականը՝ սեպագիր արձանագրությամբ․ «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ մի քաղաք, որը կառուցվել է ի պատիվ ուրարտական պատերազմի և տարերքի աստված Թեյշեբայի։ Մինչ այդ փականի գյուտը՝ դեռ 1941 թվականին, գտնվել էր այդ աստծո բրոնզե արձանը։ Պեղումները բացահայտեցին Ուրարտուի թեև ոչ կենտրոնական, բայց կարևորագույն նահանգներից մեկի քաղաքի արտադրության հոյակերտ պատկերը։

Հայտնաբերված կարասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների ժամանակ հատնաբերվեցին մեծ քանակությամբ մառաններ, խոշոր կարասներ, որոնք կիսով չափ թաղված էին հողի մեջ[3]։ Հավանական է դրանք տեղադրվել են մառաններում նախքան դրանց կառուցումը կամ պատրաստվել են հենց տեղում, քանի որ մառանների դռները շատ նեղ էին։ Միջնաբերդի 1949֊1955 թթ․ պեղումների ժամանակ բացվեցին յոթ մառաններ։ Դրանցից ամենախոշորն ուներ ավելի քան 300 ք․ մ․ տարածություն, նախատեսված էր 82 կարաս տեղադրելու համար, իսկ երկրորդ մառանում՝ 72 կարաս։ Մինչև պեղումների վերջը բացվեցին մոտ 400 կարաս՝ 400.000 լիտր տարողությամբ։ Այդ թիվը հստակեցվում է նաև այն հանգամանքով, որ կարասների վրա սեպագիր և հիերոգլիֆիկ գրով նշված էր դրանց տարողությունը։ Ուրարտական չափի միավորներն էին ակարկին ու տերուսին, ակարկին հավասար էր մոտ 240 լիտրի, իսկ տերուսին՝ մոտ 24 լիտրի։ Միջնաբերդի սենյակներից մեկում գտնվեցին դեռ հողում չթաղված կարասներ և ծծումբի կտորներ, որոնք վկայում են այն մասին, որ դեռ ուրարտական ժամանակաշրջանում կարասները ծխարկում էին ծծմբով։

Խաղողի արտադրություն և գինեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինու պաշարների համար անհրաժեշտ էին խաղողի հսկայական այգիներ։ Դրան պետք է ավելացնել նաև այն այգիները, որոնցից ստացված խաղողը քաղաքի բնակիչների համար օգտագործվում էր ուտելու և գինի պատրաստելու համար։ Այնտեղ մի շարք տներում նույնպես գտնվել են գինու պահեստներ։

Պեղումներից հայտնաբերվեցին նաև մեծ քանակությամբ խաղողի վառված վազեր, կորիզներ, փայտե մատուցարան՝ չամիչով։ Դրանք հնարավորություն տվեցին պարզել, թե 2500 տարի առաջ խաղողի ինչ տեսակներ են այդտեղ աճեցվել։ Հայտնաբերվել են Ոսկեհատի (Խարջի), Մսխալի, Արարատի, Քիշմիշ, ինչպես նաև սև խաղողի մի քանի տեսակներ[3]։Պեղումներից գտնվել են նաև կավե ձագարներ՝ գինի լցնելու համար։ Գինու մառանները մութ, խոնավ նկուղներ էին, որոնց լուսավորման համար օգտագործվում էին մեծ քանակությամբ տեղում գտնված ձիթաճրագներ։ Թեյշեբաինիում պահվել է շուրջ 400.000 լիտր գինի։ Ըստ երևույթին, գինու համար օգտագործվել է մի մասը, մյուս մասն օգտագործել են ամրոցի բնակիչներն ուտելու և չամիչ պատրաստելու համար։ Կարելի է ասել, որ Թեյշեբաինին հնարավորություն ուներ ստանալ մոտ մեկ միլիոն լիտր գինի, որը, վերածվելով խաղողի, կկազմեր մոտ մեկուկես միլիոն կիլոգրամ խաղող։ Մենուան և նրան հաջորդած թագավորները մեծ աշխատանք էին տանում Վանի շրջանը խաղողագործության կենտրոն դարձնելու համար։

Այգեգործություն և երկրագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյշեբաինիում զբաղվել են նաև այգեգործությամբ և բանջարանոցային կուլտուրաների մշակմամբ։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ամրոցի տարբեր սենյակներում գտնվել են սալորի, նռան, խնձորի, ծիրանի, բալի, ընկույզի և ձմերուկի սերմեր, կորիզներ և պտուղների ածխացած մնացորդներ։ Այգեգործության հետ մեկտեղ մեծ թափով զարգանում էր նաև երկրագործությունը։ Սակայն պետք է նշել, որ հացահատիկը կարող էր մուտք գործել ինչպես սեփական դաշտերից, այնպես էլ լեռնային մարգերից՝ տուրքի ձևով։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ շտեմարաններ։ Միայն ամրոցի հարավային մասում պեղվել են ավելի քան 10 այսպիսի շտեմարան, որոնց տարողությունը հասնում էր 80֊100 խոր․ մետրի։ Միայն այդ շտեմարաններում պահվում էր մոտավորապես 750 տոննա հացահատիկ։ Հացահատիկի շտեմարաններում մնացորդներն այնքան շատ էին, որ հանվում էին դույլերով։ Այստեղ գտնվել են փափուկ և մանրահատիկ ցորեն, գարի և կորեկ։ Գտնվել են կորեկի կլոր հաց և բլիթ, կորեկաձավարից շիլայի և խոշոր աղացված ալյուրի մնացորդներ։

Գարեջրի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյշեբաինիում պատրաստել են նաև գարեջուր, որի համար օգտագործել եբն գարի և կորեկ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում 1958 թվականին ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում գարեջուր պատրաստելու շինության հայտնաբերումը։ Այստեղ գտնվեցին տուֆից պատրաստված խոշոր տաշտ, որի մեջ թրջվում էր գարին կամ կորեկը, օգտագործված ջուրը ամրոցից դուրս բերելու խողովակներ, ավելի քան 40 անոթ՝ գարեջուր պահելու համար։ Գարեջուր պատրաստելու ավանդույթը պահպանվել է նաև Ուրարտուի անկումից հետո։ Հույն զորավար և պատմիչ Քսենոփոնը հայտնում է, ո Հայաստանում հաճախակի է տեսել գարուց պատրաստված գինի, որը պահվում էր հողում թաղված անոթների մեջ, երեսին լողում էին գարու հատիկներ։

Տարածված է եղել քունջութի արտադրությունը։ Պեղումներից հայտնաբերվել են քունջութի բազմաթիվ հատիկներ[2]։

Անասնապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բլուրի պեղումները բացահայտեցին, որ բացի երկրագործությունից, բարձր մակարդակի էր հասել նաև անասնապահությունը։ Այստեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ կենդանիների ոսկորներ։ Ուրարտական աղբյուրները վկայում են այն մասին, որ յուրաքանչյուր արշավից հետո, որպես ավար նրանք իրենց երկիրն են քշել տասնյակ հազարավոր խոշոր ու մանր եղջերավոր անասուններ և ձիեր։ Նման օրինակները շատ են աղբյուրներում։ Այս ամենը խոսում է Հայկական լեռնաշխարհում զարգացած անասնապահության մասին։ Հսկայական քանակությամբ ավար բերված կենդանիները նպաստում էին երկրի հարստացմանն ու զարգացմանը։ Հայտնաբերվել են ձիու, ավանակի, գառու, հորթի և այլ կենդանիների ոսկորներ։

Գործվածքի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բլուրում գտնվել են մեծ քանակությամբ իլիկների ոսկրե և քարե գլխիկներ, ջուլհակի դազգահների կավե և երկաթե ծանրոցներ, որոնք վկայում են, որ Կարմիր բլուրում գտնված բազմաթիվ տարբեր տեսակի թելերի և գործվածք֊կտորների մնացորդները պատրաստվել են տեղում։ Հայտնաբերված կտորները հիմնականում բրդից էին։ Այնտեղ պատրաստել էին կոպիտ, միջին հաստության և բարակ, թափանցիկ գործվածքներ։

Կարմիր բլուրում զարգացած էր նաև կաշեգործությունը։ Կաշվից պատրաստում էին կոշկեղեն, դաշույնների պատյաններ և այլն[2]։

Մետաղագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազում մետաղյա իրեր՝ տարբեր գործիքներ ու զենքեր, զարդեր և կենցաղային առարկաներ։ Դրանց գերակշռող մասը պատրաստված է երկաթից, միայն պաշտպանողական սպառազինությունը, անոթներն ու զարդերը, իսկ զենքերից՝ նետասլաքների մի մասը բրոնզից։ Բրոնզե իրերի զգալի մասի վրա պահպանվել են Մենուա, Արգիշտի և Սարդուրի թագավորների անունները։ Հայտնաբերված մետաղե առարկաները բազմազան են։ Մեծ քանակությամբ երկաթե մանգաղներ ու դանակներ, տափակ կացիններ, ուրագներ, սղոցներ, բահեր դռան օղակաձև փականներ, ջրի խողովակներ, զենքեր և այլն գտնվել են պալատի նկուղային սենյակներում՝ հացահատիկի հորերի մոտ։ Զենքերից առավել տարածված էին՝ դաշույնները, թրերը, նետասլաքները, նիզակի ծայրերը և կացինները։

Խեցեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բլուրում խեցեգործությունը մուտք էր գործել տնտեսության և կենցաղի բոլոր ճյուղերը և օգտագործվում էր նաև ծիսակատարությունների ժամանակ։ Վարպետ խեցեգործները կավից պատրաստում էին տարբեր առարկաներ, սկսած փոքր արձանիկներից և անուշահոտ յուղեր պահելու համար սափորիկներից։ Պատրաստում էին գինի լցնելու համար ձագարներ, ձիթաճրագներ, գարեջուր պատրաստելու համար հատուկ քամոց֊անոթներ, հաց թխելու և բույսեր տապակելու համար սաջ֊տապակներ և այլն։ Հայտնաբերվել են նաև զարդարուն, գունազարդ անոթներ։

Կարմիր բլուրում հայտնաբերվել են նաև բազում փայտե առարկաներ։ Դրանց թվին են պատկանում գդալները, շերեփները, կահույքի մասեր և այլն։ Պեղվել են նաև գոտիներ, ոսկերչական իրեր, արծաթյա իրեր։

Թեյշեբաինիի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյշեբաինի քաղաքը, որն Ուրարտուի կարևորագույն ռազմավարական և տնտեսական կենտրոններից մեկն էր, կործանվեց մ․թ․ա․ VI դ․ սկզբին։ Ինչպես ցույց են տվել պեղումները՝ քաղաքը հանձնվել է առանց կռվի։ Բնակչության մի մասը տեղափոխվել է միջնաբերդ և կառուցել ժամանակավոր կացարաններ։ Պեղումներից պարզ դարձավ, որ թշնամու գրավումից առաջ Թեյշեբաինին արդեն անկում էր ապրել, պահեստները և շտեմարանները կամ դատարկ էին կամ կիսադատարկ։ Ըստ Բ․ Բ․ Պիոտրովսկու՝ սկյութները հարձակվել են հանկարծակի, գրավել միջնաբերդը և ավերել այն։

Մ․թ․ա․ VI դարի սկզբին Թեյշեբաինի քաղաքի և նրա միջնաբերդի ավերումից հետո, այստեղ կյանքը չի վերականգնվել[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր հինգերորդ, Երևան, 1979
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ս․ Ա․ Եսայան, «Կարմիր բլուր», Երևան, 1982
  3. 3,0 3,1 «Կարմիր բլուր, Պեղումներ և արժեքավոր գտածոներ»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-25-ին։ Վերցված է 2018-09-30 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png