Կարասային դամբարաններ (Սյունիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Տեսարան Եղվարդի հելենիստական դամբարանադաշտից
Դամբարան մեկ
Դամբարան երկու

Կարասային դամբարաններ, Սյունիքի մարզ, Եղվարդ գյուղից հյուսիս-արևելք՝ 3 կմ ծառածածկ բլրի լանջին։ Հուշարձանների պեղումների ընթացքում հայտնաբերվել է չորս կարասային և մեկ քարե կառույցում կատարված թաղումներ և պարզվել, որ կարասային թաղումները պատկանում են մ.թ.ա. 1-ին դարին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանադաշտի դամբարանները իջեցվել են կավահողի մեջ. ժամանակի ընթացքում այն ծածկված է եղել հումուսի 20-30 սմ շերտով։ Ձախակողմյան մասում, լանջն ի վեր. հայտնաբերվել են երեք դամբարաններ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարան մեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է հանդամաս տանող ճանապարհի վրա, կարասը վնասված է։ Այս անոթը (բարձրությունը 75 սմ, իրանի տրամագիծը 55 սմ) դրված է հորիզոնական դիրքով, արևելք-արևմուտք ուղղվածությամբ՝ բերանը դեպի արևելք, որի շրթնամասերը չեն պահպանվել։ Կարասային թաղման պեղումներից հայտնաբերվել են բրոնզե փոքրիկ զանգուլակ, մեկ զույգ ոսկյա օղեր, արծաթե մանյակ, մեկ ամբողջական ծորակավոր սափոր, երեք հատ երկաթե կեռիկներ, երկաթե դանակ, երկաթե աղեղնաձև իր և աննշան քանակությամբ ոսկորներ։

Դամբարան երկու[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանը գտնվում է ճանապարհի վրա՝ մակերևույթի մոտ։ Դրված է հորիզոնական դիրքով, կարասի չափերը 100x70 սմ է, արևմուտք - արևելք ուղղվածություն՝ բերանն ուղղված դեպի արևմուտք և փակված հարթ սալաքարով։ Կարասի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ ոսկրաբանական մնացորդներ և բավական հարուստ հնագիտական նյութ՝ բեկոտված փոքր կճուճ, բրոնզե հայելի, արծաթե մանյակ, կնիք, բրոնզից կախազարդեր, դանակ, ոսկյա զույգ ականջօղ, բրոնզե թիակ, արծաթե դրամ՝ պարթևական Միհրդատ արքայի պատկերով, կարմիր սարդիոնից ուլունքներ և այլն։

Դամբարան երեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է 60-70 սմ խորության վրա ճանապարհի ձախակողմյան մասում՝ բլրի թեք լանջին։ Կարասը գտնվում է ջարդված վիճակում։ Կարասի չափերն են 123 x 80 սմ, բերանի տրամագիծը՝ 30 սմ, հատակի տրամագիծը՝ 17 սմ։ Կարասը դրված էր հորիզոնական դիրքով՝ արևելք - արևմուտք ուղղությամբ, փակված հարթ սալաքարով։ Կարասում գտնվել են գանգ ու կմախքի որոշ մասեր՝ շատ վատ վիճակում, հորիզոնական դիրքով տեղադրված՝ վատ պահպանված երկաթե դաշույն։ Կարասի ներսից հայտնաբերվել են բրոնզե երեք օղեր, որոնցից երկուսը հպված էին իրար։ Ինչպես նաև կարասի մեջ հայտնաբերվեց հանգուցյալը զինվորականի կմախք, ինչի մասին են վկայում դաշույնը և զրահի մասեր հանդիսացող օղակները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարություն Բադալյան,, Արման Նալբանդյան,, Տիգրան Ալեքսանյան, (2014-06-23)։ «Նորահայտ դամբարանադաշտ Եղվարդում»։ armstudies.asj-oa.am։ Վերցված է 2016-06-20