Կարապետ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Մուրադյան
Ծնվել էմարտի 5, 1938(1938-03-05) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1960)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա

Կարապետ Մուրադի Մուրադյան (մարտի 5, 1938(1938-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Մուրադյանը ծնվել է 1938 թվականի մարտի 5-ին, Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը և աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) օգտակար հանածոների և մետաղագոյացման բաժնում։ Անցած տարիների ընթացքում նա հաջորդաբար զբաղեցրել է ինժեների, ասպիրանտի, կրտսեր գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, առաջատար գիտաշխատողի, լաբորատորիայի վարիչի պաշտոնները։ 1962 թվականին Մուրադյանն ընդունվել է ասպիրանտուրա և գործուղվել Մոսկվա՝ ուսանելու գիտական ղեկավար պրոֆեսոր Վ. Ն. Կոտլյարի մոտ։ 1967 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Բազումի միջին էոցենի սուբհրաբխային համալիրի երկրաբանությունը և հանքաբերությունը» թեմայով[1]։ Մուրադյանի հետագա գիտական ուսումնասիրությունները շարունակվել են Վիրահայոց-Տավուշ (Շամշադին), Արցախ-Կապանի և Ամասիա-Սևան-Հագարի հրաբխածնա-մետաղագոյացման գոտիներում՝ նրանց հանքային շրջաններում։ Այդ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են նրա «Փոքր Կովկասի կենտրոնական մասի հրաբխածին ֆորմացիաների հանքաբերությունը» դոկտորական ատենախոսությունում, որը նա պաշտպանել է 1987 թվականին Թբիլիսիում՝ Կովկասի հանքային ռեսուրսների ինստիտուտում։

1988-1994 թվականներին Մուրադյանը մասնակցել է Սպիտակի երկրաշարժային տարածքի 1:50000 և ՀՀ 1:200000 մասշտաբի մագմայական ու մետաղագոյացման քարտեզների կազմման աշխատանքներին։ Նրա կողմից առաջին անգամ կազմվել են Բազումի և Տավուշի (Շամշադինի) հանքային շրջանների էտապային հնաֆացիալ-հնահրաբխածնական և այդ հիմքի վրա կանխագուշակումա-մետաղագոյացման խոշորամասշտաբ (1:50000) քարտեզներ, որոնք հնարավորություն են տվել նորովի գնահատել այդ շրջանների հանքաբերության հեռանկարները։

Մուրադյանը մասնակցել է նախկին Խորհրդային Միության, Կովկասի և Հայաստանի հնահրաբխածնական և մետաղագոյացման եզակի ատլասների՝ 1:5000000, 1:1000000 և 1:500000 մասշտաբների էտապային քարտեզների կազմման աշխատանքներին (ակադեմիկոս Ռ. Ջրբաշյանի հետ համատեղ)։ Մուրադյանը մասնակցել է ՀՀ բնատարածքի մագմատիզմի, մետամորֆիզմի և հանքային ֆորմացիաների 1:300000 մասշտաբի քարտեզի կազմման աշխատանքներին, մշակել է Փոքր Կովկասի տարածքի երկրադինամիկական զարգացման մոդելը, վերհանել է նրա կիրառական նշանակությունը։

Մուրադյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, դասավանդել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադյանն ավելի քան 152 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք նվիրված են Փոքր Կովկասի և Միջերկրածովային (Ալպ-Հիմալայան) գոտու կենտրոնական հատվածի բնատարածքին բնորոշ օգտակար հանածոների հանքավայրերի կարևոր հիմնախնդիրներին։ Զեկուցումներով հանդես է եկել տարբեր հանրապետական, համամիութենական, միջազգային խորհրդակցություններում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնական գիտությունների Ռուսաստանի ակադեմիայի իսկական անդամ (2001)։
  • Բնության և հասարակության մասին Գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (2009)։
  • Հանքավայրերի ծագումնաբանական միջազգային ասոցիացիայի անդամ (IAGOD, 1991):
  • ԵԳԻ-ում գործող թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների աստիճանաշնորհման 054 գիտական խորհրդի անդամ։
  • ԽՍՀՄ ԳԱ հնահրաբխածնական-մետաղագոյացման հանձնաժողովի անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Базумский рудный раион Армянской ССР геология и рудоносность, Е., 1971.
  • Рудоносность вулканогенных формаций Малого Кавказа, Е., 1994.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 177
  2. «Կարապետ Մուրադի Մուրադյան ծննդյան 80-ամյակին). ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Գիտություններ Երկրի մասին, 71 (1), էջ 93-95. ISSN 0515-961X». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.