Կարագի ճգնաժամ Նորվեգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի սահմանադրության օրը որպես սփրեդ ծառայել է մի ափսե նորվեգական կարագը

Կարագի ճգնաժամը Նորվեգիայում (նորվ.՝ Smørkrisa i Norge) սկսվել է 2011 թվականի վերջին կարագի սուր պակասով և նորվեգական շուկաներում դրա գնի աճով։ Դեֆիցիտը դարձել է գնաճի պատճառ, և խանութներում կարագի պաշարները սպառվել են առաքումից րոպեներ անց[1]։ Ըստ դանիական BT տաբլոիդի՝ կարագի պակասի հետևանքով Նորվեգիան ապրել է «smør-panik» («կարագային խուճապ»)[2]։

Դեֆիցիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգական ավանդական Սուրբծննդյան քաղցր հացը, որը կոչվում է julebrød կամ julekake («Սուրբծննդյան հաց/տորթ»), կտրտվում է և պատվում կարագով։ Կարագը նորվեգական Սուրբծննդյան ավանդական ուտեստ է։ Նրա գինը ամենաբարձրն է եղել 2011 թվականի դեկտեմբերին

Ամռանը տեղացած հորդառատ անձրևներն ազդել են կովերի արածեցման վրա, և ամռան ամիսներին կաթի արտադրությունը կրճատվել է մոտ 20 միլիոն լիտրով, ինչը հանգեցրել է կարագի գների բարձրացմանը[1]։ Միևնույն ժամանակ, պահանջարկն արագորեն աճել է՝ 2011 թվականի հոկտեմբերին 20 տոկոսով, նոյեմբերին՝ 30-տոկոսով[3]։ Սուր պակասը հանգեցրել է գնաճի. մինչև 2011 թվականի դեկտեմբերի կեսերը 250-գրամանոց ներկրված Lurpak կարագի մեկ տուփն արժեցել է 300 նորվեգական կրոն (€39, £32, $50)[4]։ Նորվեգացիների համար կարագը Սուրբծննդյան սեղանի հիմնական մասն է[5] և հատկապես տարածված է որպես ճարպերով հարուստ, բայց ածխաջրածինների քիչ պարունակությամբ դիետայի մի մաս[3]։

Դեֆիցիտը պահպանվել է կարագի ներմուծման բարձր մաքսատուրքերի պատճառով, որոնք կոչված են կաթնամթերքի ներքին արդյունաբերությունը պաշտպանելու արտաքին մրցակցությունից[6], ինչը նշանակում էր, որ Նորվեգիայում վաճառվող կարագի 90 տոկոսն արտադրվել էր երկրի ներսում[7]։ Կաթնամթերքի արդյունաբերությունը դեֆիցիտը գնահատել էր 500-ից 1000 տոննա[8], մինչդեռ կարագի պահանջարկն աճել էր 30 տոկոսով՝ սկսած 2010 թվականից[9]։ Tine ընկերությունը, որն այն ժամանակ արտադրել է նորվեգական կարագի 90 տոկոսը և միևնույն ժամանակ երկրի կաթնամթերքի ամենամեծ կոոպերատիվն էր և շուկան կարգավորող մարմինը, մեղադրվում էր կաթնամթերքի ֆերմերների կողմից, որ իրենք չէին տեղեկացվել պահանջարկի ավելի բարձր քվոտաների մասին և չափազանց շատ կարագ էր արտահանվել՝ չնայած մոտեցող ներքին դեֆիցիտին[1]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատասխան աճող քննադատության՝ Tine-ն խնդրել է կառավարությանը նվազեցնել մաքսատուրքերը՝ հարևան երկրներից ավելի էժան կարագ ներկրելով պահանջարկը բավարարելու համար[10]։ Կառավարությունն արձագանքել է՝ ներմուծման մաքսատուրքը կրճատելով 80 տոկոսով[11]՝ մեկ կիլոգրամի համար դարձնելով 4 նորվեգական կրոն (€0,51, £0,43, $0,66) նախկին 25-ի փոխարեն (€3,22, £2,69, $4,18)[12]։ Այնուամենայնիվ, ըստ Tine-ի խոսնակի, այդ քայլը դժվար թե հանգեցներ նրան, որ կարագի մատակարարումները մեծ քանակությամբ հասանելի դառնային մինչև 2012 թվականի հունվար[7]։ Կարագի ճգնաժամի պատճառով Նորվեգիայի պետական մենաշնորհը բարեփոխելու կոչեր եղան։ Կաթնամթերքի արդյունաբերության կառուցվածքը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի գները բարձր պահեն՝ փոքր տնտեսությունները պաշտպանելու համար, սակայն, ըստ քննադատների, դա փաստացի մենաշնորհ է, որը չի կարողացել բավարարել սպառողների կարիքները[13]։

Ճգնաժամն առաջացրել է Նորվեգիայի և հարևան երկրների անհատների և կազմակերպությունների տարաբնույթ արձագանքներ։ Նորվեգական թերթերից մեկը փորձել է նոր բաժանորդներ ներգրավել՝ նրանց առաջարկելով կես կիլոգրամ կարագ, իսկ ուսանողները կարագը աճուրդի են հանել համացանցում՝ փորձելով միջոցներ հավաքել ավարտական երեկույթների համար[14]։ Մի շարք անձինք ձերբակալվել են՝ սահմանով մաքսանենգ ճանապարհով կարագ տեղափոխելու փորձի համար[15], մինչդեռ շվեդները առցանց գովազդեր են տեղադրել՝ առաջարկելով կարագը նորվեգացիներին առաքել փաթեթի համար մինչև 460 նորվեգական կրոն (€59, £50, $77) արժեքով[16]։

Կաթնամթերք արտադրող դանիացի գործարար Կառլ Քրիստիան Լունդը փորձել է մեծացնել սեփական կարագի պահանջարկը՝ հազարավոր տուփեր բաժանելով Քրիստիանսանդում և Օսլոյում[1], մինչդեռ շվեդական սուպերմարկետները նորվեգացի հաճախորդներին անվճար կարագ են առաջարկել՝ նրանց դրդելով իրենց գնումներն անել սահմանից այն կողմ[17]։ Միջպետական սահմանի հարավարևելյան հատվածի շվեդական կողմում Սվինեսունդի խանութները վաճառել են սովորականից քսան անգամ ավելի շատ կարագ, ընդ որում՝ տասը գնորդներից ինը եղել են նորվեգացիներ[18]։

Դանիական հեռուստատեսային շոուն հեռարձակել է հեռուստադիտողներին ուղղված կարագ ուղարկելու «հրատապ կոչ» և հավաքել 4000 փաթեթ, որոնք պետք է բաժանվեն նորվեգացիներին[7]։ Դանիայի օդանավակայանները և երկու երկրների միջև գտնվող նեղուցները հատող լաստանավերը կարագի պաշար են պահել իրենց անմաքս խանութներում[19]։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարագի ճգնաժամի հետևանքով նորվեգական մանրածախ առևտրականները կորցրել են մոտավորապես 43 միլիոն նորվեգական կրոն[20]։ Առաջադիմական կուսակցությունը Tine-ից պահանջել է փոխհատուցել մանրածախ առևտրով զբաղվողների կրած վնասները[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Andersen, Audrey (2011 թ․ դեկտեմբերի 14). «Butter shortage puts the knife into Norwegian Christmas plans». The Guardian. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  2. Bakalus, Silla (2011 թ․ դեկտեմբերի 5). «Norge i smør-panik: Sælges for 600 kroner kiloet på nettet». B.T․ (դանիերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 «Norway butter shortage: 'margarine is just not the same'». The Daily Telegraph. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  4. Kirkbak, Jesper (2011 թ․ դեկտեմբերի 11). «Et kilo smør koster nu over 1000 kroner». B.T. (դանիերեն). Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  5. Taylor, Adam (2011 թ․ դեկտեմբերի 19). «The Incredible Norwegian Butter Shortage Is A Result Of 'Soviet Conditions' In The Industry». The Business Insider. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. Hovland, Kjetil Malkenes (2011 թ․ դեկտեմբերի 19). «Norway: Embarrassed By Butter Shortage». The Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Spreading butter crisis forces cut in import tax». The Scotsman. 2011 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  8. Langton, James (2011 թ․ դեկտեմբերի 17). «Norwegian butter crisis churns up Christmas shortages». The National. Abu Dhabi. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Norway butter crisis spreads as nation consumes entire stock». Metro. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. Berglund, Nina (2011 թ․ դեկտեմբերի 8). «Calls rise to bust butter 'monopoly'». newsinenglish.no. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. Myklebost, Nils (2011 թ․ դեկտեմբերի 14). «Norwegians battle butter shortage in peak season». Associated Press. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. Malkenes Hovland, Kjetil (2011 թ․ դեկտեմբերի 19). «As National Butter Shortage Bites, Norwegians Get Churning». The Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. Charter, David (2011 թ․ դեկտեմբերի 14). «A bitter search for butter». The Times. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
  14. Ode, Kim (2011 թ․ դեկտեմբերի 19). «Brother, could you spare some smor?». Star Tribune. Minnesota. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  15. «Swedish butter hustlers arrested in Norway». The Local. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  16. Orange, Richard (2011 թ․ դեկտեմբերի 19). «Swedes arrested for butter smuggling». The Daily Telegraph. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  17. Andersen, Audrey (2011 թ․ դեկտեմբերի 20). «Butter shortage takes the biscuit in Norway». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  18. «Swedes in Norwegian butter smuggling bust». The Local. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  19. Mellingsater, Olaf (2011 թ․ դեկտեմբերի 13). «Prices spike as butter shortage spreads through Norway». CNN. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  20. 20,0 20,1 FrP Requires Tine to Pay for Butter Crisis in Norway, 12 March 2012