Կարաբանչել (բանտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաբանչել
Տեսակբանտ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ
Կարաբանչել (բանտ)ը գտնվում է Իսպանիաում
Կարաբանչել (բանտ)

Կարաբանչել բանտ (իսպ.՝ Cárcel de Carabanchel или Prisión Provincial de Madrid), բանտ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Կառուցվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի քաղբանտարկյալների համար Մադրիդի Կարաբանչել արվարձանում 1940-1944 թվականներին։ Պաշտոնական անունը եղել է «Մադրիդի գավառի բանտ»։ Բանտը գոյություն է ունեցել 55 տարի, փակվել է 1998 թվականին, համարվել է Եվրոպայի խոշորագույն բանտերից մեկը։ Գեներալ Ֆրանկոյի դիկտատուրայից հետո (1939-1975) և Բունկերին հաջորդող շրջանում (1975-1981), երբ ֆրանկոյականները շարունակում էին ամրապնդել իրենց քաղաքական իշխանությունը, բանտում բանտարկվել էին մեծ թվով քաղբանտարկյալներ և իրականացվել են մահապատիժներ։ Իր կառուցվածքով Կարաբանչելը հիշեցնում էր պանոկտիկում` մոդել, որ մշակել էր Ջերեմի Բենթամը 1785 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջապես քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, պայմանավորված այն հանգամանքով, որ մադրիդյան նախկին բանտը` Մոդելոն, հայտնվել էր ռազմական գործողությունների շրջանում և գրեթե ամբողջությամբ ավերվել, գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն կարգադրել է կառուցել նոր բանտ։ Մինչև շինարարական աշխատանքների ավարտը Կարաբանչելում Ֆրանկոյի ռեժիմի քաղբանտարկյալները պահվում էին Պորլիերի գերծանրաբեռնված բանտում։ Բանտային նոր համալիրի կառուցման համար 1940 թվականի հունվարի 16-ին Կարաբանչել Ալտո բնակավայրում (գտնվում է Մադրիդի ծայրամասում) ձեռք է բերվել եռանկյունաձև հողատարածք` 200.000 մ² մակերեսով, որը պատկանել էր Խոսե Մեսիային և Ստյուարտին` Տամանեսի և Գալիստեոյի հերցոգներին։ Քառակուսի մետրի արժեքը կազմել է 5.25 պեսետ, իսկ հողատարածքն ընդհանուր առմամբ` 700.000 պեսետ։

Կարաբանչել բանտի կենտրոնական հատվածը

Շինարարական աշխատանքները սկսվել են 1940 թվականի ապրիլի 20-ին։ Դրանցում ընդգրկվել են մոտ 1.000 քաղբանտարկյալ, որոնց դատապարտել են հարկադիր աշխատանքի։ Նախագծի ճարտարապետները եղել են Վիսենտե Ագուստի Էլգուերոն, Խոսե Մարիա դե լա Վեգա Սամպերը և Լուիս դե լա Իկմանը։ Բանտը կառուցվել է երկու փուլով։ Առաջին փուլը 1940-1944 թվականներն էին, երբ կառույցը բաժանվել են չորս հատվածների.

  1. Նախնական կալանքի մեկուսարան (շառավղային հատված, որ ներառում էր չորս թևերը, որոնք, հետագայում ընդարձակվելով, դարձել են ութ, և դուրս էին գալիս գլանաձև մասնաշենքից, որ պսակված էր երկաթբետոնե գմբեթով)։
  2. Ուղղիչ գաղութ կամ վարպետանոց (չորս հատվածներից բաղկացած ֆաբրիկա, որոնցից մեկը հետագայում այլ նպատակով է կիրառվել)։
  3. Վարչական հատված
  4. Բնակելի հատված աշխատակիցների համար։

Բանտի կառուցման նախատիպը եղել է Բարսելոնայի Մոդելո բանտը, սակայն կիրառվել են շինարարական նոր լուծումներ, իսկ շինության աստղային ձևը կրկնում էր իսպանական սանիտարաան հաստատությունների, օրինակ` ճարտարապետ Անտոնիո Պալասիոսի նախագծած Մաուդես հիվանդանոցի ուրվագծերը։ Բանտը կառուցված է երկաթբետոնե կոնստրուկցիաներով և աղյուսով, ճակատամասը համեստորեն երեսպատված է սալիկներով։ Առկա են նեոէրերյանական ոճի տարրեր, որոնք ավելացված են կայսերական պաշտոնական գաղափարախոսությանը համապատասխան։ Կենտրոնական մուտքը ձևավորված է դորիական սյուներով և պատշգամբով, որի վրա խոյանում է եռանկյուն ճակտոնը։

Գործող բանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաբանչել բանտը բացվել է 1944 թվականի հունիսի 22-ին արդարադատության նախարար, Իսպանական ֆալանգայի անդամ Էդուարդո Անուասի կողմից։ Redemption թերթը գրել է, որ «բանտը օրինակելի է իր տեսակով և կարող է տեղավորել մինչև 2.000 բանտարկյալ»։ Շուտով այնտեղ տեղավորել են առաջին բանտարկյալների, սակայն շինարարական աշխատանքները շարունակվել են ևս շատ տարիներ, իսկ բաց սյունաշարերից մեկի կառուցումը նույնիսկ ավարտին չի հասցվել։ Քաղաքային տարածքի ընդարձակումով պայմանավորված` քաղաքամերձ բնակավայրերն ընդգրկվել են Մադրիդի կազմում (այդ թվում` Կարաբանչել Ալտոն 1948 թվականին), և բանտը հայտնվել է քաղաքի տարածքում։ Երբ արվարձաններում մետրոյի գիծ են անցկացրել, այն հայտնվել է Ալյուչե և Կարաբանչել կայարանների միջև։ Բանտային յոթ գալերիաներից գործել են միայն չորսը` երրորդը, հինգերորդը, վեցերորդը և յոթերորդը։

Քաղբանտարկյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին քաղբանտարկյալների հանդիպումը բանտում

Գեներալ Ֆրանկոյի ռեժիմի ժամանակ բանտում պահվել են մեծ թվով քաղբանտարկյալներ, այդ թվում` դեմոկրատական ու ձախ քաղաքական կուսակցությունների անդամներ, արհմիությունների առաջնորդներ։

Քաղբանտարկյալերը գերազանցապես պահվում էին հատուկ նրանց համար նախատեսված վեցերորդ բաժանմունքում։ Ամենահայտնի խղճի բանտարկյալը ընդհատակյա կոմունիստական արհմիության առաջնորդ Մարսելինո Կամաչոն էր, որի նկատմամբ իրականացված դատավարությունը 20-րդ դարի 70-ական թվականներին բողոքի ալիք է բարձրացրել ողջ աշխարհում[1]։

Այս բանտում իրենց պատիժն են կրել նաև այնպիսի ձախ քաղաքական ակտիվիստներ, ինչպիսիք են Խուլիան Արիսան (Իսպանիայի կոմունիստական կուսակցության անդամ)[2], Նիկոլաս Ռեդոնդոն (Աշխատավորների համընդհանուր միության առաջնորդ)[3], Էդուարդո Սաբորիդոն (Իսպանիայի կոմունիստական կուսակցության անդամ), Սիմոն Սանչես Մոնտերոն (կոմունիստների առաջնորդ, բանտում անց է կացրել 25 տարի)[4], Խոսե Մարիա Գալյարդոնը (դիկտատորայի եկեղեցական հակառակորդ, արդարադատության ապագա նախարար Ալբերտո Ռուիս Գալյարդոնի հայրը), Նիկոլաս Սարտորիուսը (Իսպանիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ)[5], Ռամոն Տամամեսը (նշանավոր տնտեսագետ, ԻԿԿ անդամ)[6], Էնրիկե Մուխիկան (Երիտասարդ գրողների համալսարանական կոնգրեսի համահիմնադիր, ԻԿԿ անդամ, բանտարկության վերջում մտել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության շարքերը)[7], Ինրիկե Կուրիելը (Ուսանողների դեմոկրատական միության ակտիվիստ, ԻԿԿ անդամ)[7], Միգել Բոյերը (սեցիալիստական ակտիվիստ, հետագայում` տնտեսության նախարար)[8], Ֆերնանդո Սանչես-Դրագոն (գրող, ԻԿԿ անդամ, հետագայում` անարխիստ)[9], Միգել Գիլան (կոմիկ դերասան)[10], Ֆերնանդո Սավատարը (փիլիսոփա), Խորխե Արտախոն (նկարիչ և գրող)[11], Ֆերնանդո Արաբելը (կինոռեժիսոր, դրամատուրգ)[12], Լուիս Անդրես Էդոն (Աշխատանքի ազգային համադաշնության անդամ)[13], Մարկուս Անան (անաստեղծ, բանտում անցկացրել է 23 տարի)[14], Խավիեր Օրտիսը (լրագրող)[15], ինչպես նաև Ֆրանկոյի մահափորձի կազմակերպիչներ շոտլանդացի անարխիստ Ստյուարտ Քրիստին և նրա իսպանացի գործընկեր Ֆերնանդո Կարբալիո Բլանկոն[16][17][17]։

Մահապատիժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտի տարածքում իրականացվել են մահապատիժներ։ 1639 թվականին այստեղ միջնադարյան խեղդող գործիքի միջոցով մահապատժի են ենթարկել երկու անարխիստների` Ֆրանսիսկո Գրանադոսին և Խոակին Դելգադոյին` դիկտատոր Ֆրանկոյի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։ Ավելի վաղ` 1959 թվականի հուլիսի 4-ին, այս նույն գործիքի օգնությամբ մահապատժի են ենթարկել հայտնի հանցագործ Խոսե Մարիա Խարաբոյին, ով մեղադրվում էր չորս սպանությունների համար։ 1963 թվականին ապրիլի 20-ին բանտից ոչ հեռու գտնվող զորանոցներում գնդակահարվել է Կարաբանչելի հայտնի քաղբանտարկյալ, Իսպանիայի կոմունիստական կուսակցության անդամ, ընդհատակյա հեղափոխական գործիչ Խուլիան Գրիմաուն[18][19][20]։ 1975 թվականին այստեղ իրենց վերջին ժամերն են անցկացրել Հեղափոխական հակաֆաշիստական հայրենասիրական ճակատի անդամներ Խոսե Ումբերտո Բաեն Ալոնսոն, Խոսե Լուիս Սանչես Բրավոն, Ռամոն Գարսիա Սանսը։ Մահապատիժն իրականացվել է Օյո դե Մանսանարեսում. դա ֆրանկոյական ռեժիմի վերջին մահապատիժն է եղել։

Ֆրանկոյի մահից և Բունկերի ժամանակաշրջանի ավարտից հետո քաղբանտարկյալներն ազատ են արձակվել, բանտում մնացել են միայն քրեական հանցագործները, ինչպես նաև բասկյան ծայրահեղ ազգայնական ԷՏԱ կազմակերպության և ռազմականացված այլ խմբաավորումների անդամները։

Բանտարկյալների խռովություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիկտատուրայի վերջին և անցումային շրջանի առաջին տարիներին Կարաբանչել բանտում մի քանի ընդվզում է եղել, որոնք կազմակերպել էր Պայքարող բանտարկյալների կոորդինացիոն կենտրոնը (COPEL): Նա պահանջում էր համաներում, սոցիալական վտանգավորության, ահաբեկչության և բանդիտիզմի օրենքի փոփոխություն, քրեական օրենսգրքի բարեփոխում, ինչպես նաև բանտային ազգայնամոլ պաշտոնյաների հեռացում։ Կոմիտեն ձևավորվել էր բաց հանդիպումների արդյունքում, նրա նախաձեռնություններն աջակցություն գտան Կարաբանչելի և իսպանական շատ այլ բանտերի բանտարկյալների մեծ մասի շրջանում։ Նրանք համաձայնում էին ընդունել կոմիտեի հապավումը, խռովությունների ժամանակացույցը, կոլեկտիվ ինքնավնասումը, բանտերի տանիքներ բարձրանալը` հասարակության ուշադրությունը իրենց գրավելու նպատակով։

Պատկեր:Motín de la COPEL en la cárcel de Carabanchel (1977).jpg
Խռովություն բանտի տանիքին (1977)

Նրանց հիմնական պահանջը ոչ միայն քաղբանտարկյալների, այլև շարքային բանտարկյալների համաներումն էր։ Այդ պահանջը հիմնավորվում էր հետևյալ կերպ. պատիժ կրող մարդկանց մեծ մասը ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական բանտարկյլաներ էին, որոնք սոցիալական հանգամանքների ու Ֆրակոյի ռեժիմի անարդարությունների զոհ էին։

1977 թվականի հուլիսի 18-ին մոտ հազար բանտարկյալ, որոնք առաջնորդվում էին COPEL-ի ցուցումներով, բարձրացել են բանտի տանիք, որպեսզի հրապարակայնորեն հայտարարեն իրենց պայքարի ու պահանջների մասին։ Նույն օրը և հաջորդ մի քանի օրերին իսպանական մոտ քսան բանտերի մի քանի հազար բանտարկյալներ ձեռնարկել են համանման գործողություններ։ 1978 թվականին բանտարկյալ Ագուստին Ռեուդան` 25-ամյա երիտասարդ մի անարխիստ, ով COPEL-ի անդամ էր, մահացել է բանտային հսկիչների ծեծից, ովքեր Ռեուդայից պահանջում էին տեղեկություններ կազմակերպվող փախուստի մասին[21][22]։ Դեպքի արդյունքում բանտապետ Էդուարդո Ռեուդա Կանտոսը պաշտոնանկ է արվել և կանգնել դատարանի առաջ։ Նրա դատավճիռը կայացվել է 1988 թվականին[23]. Приговор по его делу был вынесен в 1988 году[24]:

Փախուստի փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտից փախուստները կանխելու նպատակով պահակներն իրավունք ունեին կրակելու փախչողների վրա, սակայն միևնույն է, տարբեր ժամանակներում փախուստի մի քանի փորձեր են կազմակերպվել։

Քաղաքացիական պատերազմի վետերան, հանրապետական Աբրահամ Գիլիենը Կարաբանչել բանտում հայտնվել էր 1943 թվականին։ Ամանորի գիշերը նա փախուստի հաջող փորձ է կազմակերպել, ինչից հետո լքել է Իսպանիայի սահմանը` անցնելով Ֆրանսիա[25]։ 12 տարվա ազատազրկման դատապարտված անարխիստ, հանրապետական Ժոան Կատալա Բալանիան Կարաբանչելից փախել է բանտում մեկ տարի անցկացնելուց հետո` 1947 թվականի մարտին[26]։ Նրան նույնպես հաջողվում է անցնել Ֆրանսիա։

«Իսպանիայի № 1 թշնամին»` Ռաֆայել Բուենո Լատորեն, ով քրեական հանցագործ էր, հայտնի է դարձել բանկի դաժան թալանով և առավել դաժան փախուստով։ 1978 թվականի մայիսի 26-ին նա իր առաջին փախուստն է կատարել Կարաբանչել բանտից, ինչից հետո մի քանի անգամ հայտնվել է ճաղերի հետևում ու նորից փախուստի դիմել[27]։ Նրա փախուստի փորձերից մեկը կատարվել է 1983 թվականի սեպտեմբերին, երբ Աշխատանքի ազգային համադաշնություն բասկյան բաժանմունքի ակտիվիստ Իգնասիո Ալոնսո Մարտինը հանդիպումների սենյակում փոխել է իր հագուստը երկվորյակ եղբոր հետ և բարեհաջող թաքնվել։ Պահակները փախուստը հայտնաբերել են միայն բանտարկյալի մատնահետքերի ստուգումից հետո[28]։

1985 թվականի հուլիսի 10-ին բանտից փախել է 29-ամյա բանտարկյալը` Մանուել Կիերո Մենդեսը, որը պատիժ էր կրում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Նա տեղավորվել է ստվարաթղթե արկղի մեջ, որը մյուս բանտարկյալները բեռնել են բանտից դուրս եկող ավտոմեքենայի մեջ։ Լքելով հաստատության սահմանը` նա քանդել է արկղը և վարորդին դանակով սպառնալով` թաքնվել[29]։ 1986 թվականի գարնանը, օգտվելով գվարդիականների միջամտությունից, բանտից փախել է բանտարկյալ Սանտյագո Մարտոսը[30]։

1981 թվականի մայիսին ոստիկանությունը ձերբակալել է ԷՏԱ-ի մարտիկների, որոնք կասկածվում էին Կարաբանչել բանտի վրա գրոհի փորձ կազմակերպելու մեջ` իրենց ընկերներին և այլ բանտարկյալների ազատելու նպատակով։ Ոստիկանության տեղեկությամբ գրոհի գործողությունը կազմակերպել էր ԷՏԱ-ի ռազմաքաղաքական թևը անարխիստական մի քանի կազմակերպությունների հետ համատեղ[31]։

Փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտի ինտերիերը այն քանդելուց առաջ

1998 թվականին՝ վարչապետ Խոսե Մարիա Ասնարի կառավարման օրոք, երբ արդարադատության նախարարը Խայմե Մայոր Օրեխան էր, Կարաբանչել բանտը գոյության 55 տարիներից հետո փակել է իր դռները[7]։ Այդ նույն թվականին նաև որոշում է ընդունվել բանտը բաց պահել այցելությունների համար։ Կարաբանչելի վերջին բանտարկյալները եղել են 2.000 տղամարդ և 500 կին։

Բանտի փակումից հետո մի քանի հաստատությունների ու տեղի համայնքի միջև բանավեճ է սկսվել բանտի հետագա շահագործման հարցի շուրջ։ Հիմնականում խոսվում էր բանտի շենքի տեղում հիվանդանոց կառուցելու մասին։ Սակայն այդ ժամանակներից ի վեր տարածքը լքվել է։ 2000-ական թվականներին բանտ-ուրվականը լցվել է գրաֆիտիներով, հայտնվել են ինքնակոչ բնակիչներ, աստիճանաբար անհետացել են դռներն ու պատուհանները, աստիճանները, որոնք հանձնվել են որպես մետաղի ջարդոն։

Լքված տարածք և ապամոնտաժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսկավատորը քանդում է Կարաբանչել բանտի գմբեթը, 2008
Բանտի փակումից հետո նրա պատերին հայտնվել են բազմաթիվ գրաֆիտիներ

Տեղի բնակիչները պնդել են, որ բանտի շենքի տեղում կառուցվի հիվանդանոց և սոցիալական ծառայությունների կենտրոն։ 2008 թվականին Իսպանիայի` Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհուրդը առաջարկել է բանտի տեղում ստեղծել պատմական հիշողության կենտրոն[32]։

Ժամանակը, վանդալիզմը, ապօրինի բնակությունները, խնամքի բացակայությունը Կարաբանչել բանտը վերածել էին վտանգավոր տեղանքի և շրջանում ամենատարբեր խնդիրների կենտրոնի։ Ավելի ու ավելի հաճախ էին լսվում բանտի շենքը քանդելու, տեղանքի մաքրման առաջարկներ։ Չնայած տեղի բնակիչների պահանջներին` պահպանել շենքի գմբեթը որպես պատմական հիշողություն, ներքին գործերի նախարարությունը մերժում է այդ առաջարկը։

Շենքի քանդման հիմնավորումներից մեկը նրա բանտային վատ համբավն էր, ինչի պատճառով ողջ Կարաբանչել շրջանն ասոցացվում էր իսպանական պատմության մութ էջերին։ Այս հիմնավորումով Կարաբանչել շրջանի տեղական խորհուրդը որոշում է ընդունել շինությունը քանդելու մասին։

2008 թվականի հուլիսի 16-ին Մադրիդի քաղաքային խորհուրդը և ներքին գործերի նախարարությունը համաձայնագիր են ստորագրել, որով նախկին բանտի տարածքում պետք է կառուցվեր բնակելի համալիր` 650 բնակարանով։ Նախագծվել էին կանաչ տարածքներ, պետական հաստատություններ, իսկ բնակարանների 30 %-ը` որպես սոցիալական կացարան, պետք է հատկացվեր քաղաքային կարիքներին։ Շինությունների մնացած մասի 90 %-ը նախատեսված էր կոմերցիոն նպատակների համար, իսկ 10 %-ը մնալու էր քաղաքային խորհրդին[33]։

Կոմերցիոն շինությունների կառուցումը դժգոհություն է հարուցել հարակից շրջանների` Լատինայի, Ալյուչեի և Կարաբանչել Ալտոյի բնակիչների մոտ, ովքեր պնդում էին բանտի շենքը պահպանելու և այնտեղ հուշահամալիր ձևավորելու միտքը։ Բնակիչների ու կազմակերպությունների միավորումը, ովքեր ցանկանում էին պահպանել ֆրանկիզմին ընդդիմանալու պատմական հիշողությունը, ձևավորել են հարթակ` ստեղծելու համար «Կարաբանչել բանտի հիշողության ու խաղաղության կենտրոն»։ Սակայն չնայած բազնաթիվ բողոքներին` 2008 թվականի հոկտեմբերի 23-ին սկսվել են բանտային համալիրի ապամոնտաժման աշխատանքները[34][35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Черецкий, Виктор (2008 թ․ նոյեմբերի 11). «Старая рана. В Мадриде сносят символ франкистской диктатуры». Радио Свобода. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Jesús Duva / F. Javier Barroso (2006 թ․ հոկտեմբերի 15). «Regreso al purgatorio» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Foro por la Memoria - Una placa conmemorativa en la antigua cárcel de Carabanchel recordará a las víctimas de la represión franquista» (իսպաներեն). www.foroporlamemoria.info. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Europa Press. «Una placa conmemorativa en la antigua cárcel de Carabanchel recordará a las víctimas de la represión franquista» (իսպաներեն). europapress.es. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. El Mundo. «La Revista: Los últimos de Carabanchel» (իսպաներեն). www.elmundo.es. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «El Defensor del Pueblo empieza a defenderlo» (իսպաներեն). блог Рамона Тамамеса. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 Pablo Ordaz (1998 թ․ նոյեմբերի 19). «Prisión de Carabanchel: un pasado en blanco y negro» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. El Mundo. «Muere Miguel Boyer, ex ministro socialista de Economía y Hacienda». www.elmundo.es. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. Santiago Velázquez. «"Antes que padre, soy escritor"» (իսպաներեն). El Huffington Post. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. Eugenia Redondo. «La cárcel de Carabanchel pide un hueco en la memoria histórica | soitu.es» (իսպաներեն). www.soitu.es. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. «Jorge Artajo Explained» (անգլերեն). everything.explained.today. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Antonio Benet (1985 թ․ մարտի 15). «En defensa de Arrabal» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Antoni Segura (2009 թ․ փետրվարի 15). «Luis Andrés Edo, histórico anarquista» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. «Piden un centro de memoria histórica en la cárcel de Carabanchel | soitu.es» (իսպաներեն). www.soitu.es. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. Javier Ortiz. «Carabanchel - Apuntes del Natural» (իսպաներեն). персональный сайт журналиста. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  16. Redacción BBC Mundo. «El británico que quiso asesinar a Franco - BBC Mundo» (իսպաներեն). BBC Mundo. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. 17,0 17,1 Stuart Christie My Granny Made Me an Anarchist: The Cultural and Political Formation of a West of Scotland "baby-boomer". — ChristieBooks.com, 2002-01-01. — 266 с. — ISBN 9781873976142
  18. Марклен Мещеряков «Я жил и умру коммунистом» // Жизнь, отданная борьбе. — Москва: Наука, 1964.
  19. «Julián Grimau, el último ejecutado de la Guerra Civil» (իսպաներեն). La Vanguardia. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  20. José Antonio Novais (1978 թ․ հունվարի 22). «Julián Grimau, el último muerto de la guerra civil» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  21. Joaquina Prades (1980 թ․ հունվարի 27). «La extraña muerte de Agustín Rueda» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  22. Ediciones El País (1987 թ․ դեկտեմբերի 22). «Los reclusos de la acusación explican el grave estado en que encontraron a Rueda» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. Ediciones El País (1979 թ․ փետրվարի 21). «Vista del recurso contra el procesamiento del director de la cárcel de Carabanchel» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  24. Ediciones El País (1988 թ․ փետրվարի 11). «Una sentencia leve» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. «Biografía de Abraham Guillén: un economista libertario - Portal Libertario OACA» (իսպաներեն). www.portaloaca.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  26. «In Memoriam: Жоан Катала | Международная ассоциация трудящихся». www.aitrus.info. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  27. Черецкий, Виктор. «Пистолет из мыла. Неуловимый налетчик – антигерой Испании». Радио Свобода (Russian). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Javier Valenzuela (1983 թ․ սեպտեմբերի 25). «Una evasión por la cara» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  29. Ediciones El País (1985 թ․ հուլիսի 11). «Un recluso se fuga de Carabanchel escondido en una caja de cartón» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  30. Jesus de las Heras (1986 թ․ մայիսի 3). «Fuga de un preso en la cárcel de Carabanchel cuando era conducido por la Guardia Civil» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  31. Ediciones El País (1981 թ․ մայիսի 12). «La policía aborta un intento de fuga de Carabanchel planificado por ETApm» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  32. «La cárcel de Carabanchel como modelo de represión / Noticias / SINC» (իսպաներեն). www.agenciasinc.es. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  33. Daniel Borasteros (2008 թ․ հունիսի 17). «Interior obtendrá cerca de 70 millones con la cárcel de Carabanchel» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  34. Javier Sanchez del Moral (2008 թ․ հոկտեմբերի 24). «Comienza el fin de Carabanchel» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  35. Javier Sánchez del Moral (2008 թ․ հոկտեմբերի 25). «Viernes noche: cae la cúpula de la cárcel de Carabanchel» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարաբանչել (բանտ)» հոդվածին։