Կատարինա Դալտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարինա Դալտոն
Ծնվել էնոյեմբերի 11, 1916(1916-11-11)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 17, 2004(2004-09-17)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՊուլ, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹագավորական անվճար հիվանդանոց
Մասնագիտությունբժիշկ

Կատարինա Դալտոն (անգլ.՝ Katharina Dalton, նոյեմբերի 11, 1916(1916-11-11)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 17, 2004(2004-09-17)[1], Պուլ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բժիշկ և նախադաշտանային համախտանիշի ուսումնասիրման ռահվիրա։ Համարվում է, որ նա է ստեղծել համախտանիշի անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարինա Դորոթեա Կուպերսը ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 11-ին Լոնդոնում։ Մանուկ հասակում ցանկացել է բժիշկ դառնալ և Լոնդոնի Foot Hospital հիվանդանոցում կրթաթոշակի արժանանալուց հետո վերապատրաստվել է որպես ոտքերի բժիշկ[2]։

Առաջին ամուսնու՝ Ուիլֆրեդ Թոմփսոնի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվելուց հետո Դալտոնը որոշել է բժշկական ոլորտում փոխել մասնագիտությունն ու ի վերջո Ռոյալ Ֆրի հիվանդանոցում բժշկի աստիճան ստանալ[3]։

1948 թվականին Բժիշկ Դալտոնը ներգրավվել է նախադաշտանային համախտանիշի ուսումնասիրման աշխատանքներում, երբ որպես բժշկական համալսարանի 32-ամյա հղի ուսանող հասկացել է, որ իր ամենամսյա միգրենային գլխացավն անհետացել է։ Խորհրդակցելով էնդոկրինոլոգ Ռայմոնդ Գրինի հետ[4]՝ նա եզրակացրել է, որ գլխացավերը պրոգեստերոն հորմոնի պակասի հետևանքն են․ հորմոնը նվազում է դաշտանից առաջ, բայց ավելանում հղիության ընթացքում։ Հետագա կլինիկական ուսումնասիրությունից հետո՝ 1953 թվականին, բժիշկ Դալտոնը Գրինի հետ միասին բրիտանական բժշկական ամսագրերում հրապարակել է իր տեսությունը՝ առաջին անգամ օգտագործելով նախադաշտանային համախտանիշ կամ ՆԴՀ տերմինը[5]։

Բժիշկ Դալտոնը, ով իր սեփական գործունեությունն սկսելուց հետո բուժել է բազմաթիվ կանանց, եզրակացրել է, որ ՆԴՀ-ն պարբերական հորմոնային խախտում է, որը տեղի է ունենում օվուլյացիայից 14 օր հետո և որի առավել ծանր ախտանիշներն ի հայտ են գալիս դաշտանից առաջ՝ օվուլյացիայի վերջին 4 օրերի ընթացքում։ Մի շարք տղամարդ գործընկերների տեսակետներին ուղղակիորեն հակասելով՝ նա պնդել է, որ ախտանշաններն ավելի շատ ֆիզիկական բնույթի են, քան թե հոգեբանական, և ներառում են միգրենային գլխացավեր, ասթմա, էպիլեպսիա, մաշկի ախտահարում, դյուրագրգռություն, գերհոգնածություն և դեպրեսիա[5]։

Բացի իր հիվանդներից, նա ուսումնասիրել է դեռահաս դպրոցական աղջիկների, բռնության ենթարկված երեխաների մայրերի և կանանց, ովքեր բանտարկվել են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության համար։ Նրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՆԴՀ-ի ծանր դեպքերում աշակերտուհիների առաջադիմությունը նվազում է, և հավանականությունը մեծանում է, որ կանայք բռնության կենթարկեն իրենց երեխաներին կամ հանցանք կգործեն։ Ելնելով պատմական վկայություններից՝ նա նույնիսկ եզրակացրել է, որ Վիկտորյա թագուհին տառապել է ՆԴՀ-ով, ինչն ի հայտ է եկել ամեն ամիս նրա գոռոցների ու ամուսնու՝ արքայազն Ալբերտի վրա իրեր նետելու մասին զեկույցների մեջ[5]։

Դալտոնին է վերագրվել խանգարման ախտորոշման համար դաշտանային դիագրամներ կազմելը և նաև պնդումները, որ կանանց մոտ ՆԴՀ-ի ժամանակահատվածը բնորոշվում է ինքնասպանության փորձերի ավելի բարձր ցուցանիշներով, ալկոհոլի չարաշահմամբ ու դաժան հանցագործություններ գործելով։

Բժիշկ Դալտոնը պնդել է, որ ՆԴՀ-ը հիմնականում առաջանում է պրոգեստերոնի անբավարարությունից և կարող է բուժվել հորմոնային թերապիայի միջոցով։ Նա նաև կարծել է, որ հորմոնը կարող է օգտագործվել հետծննդյան դեպրեսիան թեթևացնելու համար։ Բայց այսօր շատ փորձագետներ համամիտ չեն այս տեսակետին, փոխարենը ՆԴՀ-ի բուժման հարցում վստահում են սերոտոնինի ընտրողական ընդունման խանգարիչներին և այլ դեղամիջոցներին[6]։

Իր հետագա աշխատանքներում բժիշկ Դալտոնի օգնությամբ ապացուցվել է, որ ՆԴՀ-ն կարող է սրել դեպրեսիան ու այլ խանգարումները, ինչը հատկապես դրսևորվում է դաշտանային ցիկլի վերջին կամ դաշտանի սկզբի մի քանի օրերին[6]։ Նա դարձել է բրիտանական թագավորական բժշկական ընկերության ընդհանուր պրակտիկայի բաժնի առաջին կին նախագահը[5]։

Դոկտոր Դալտոնի մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ՆԴՀ-ի որոշ ախտանիշներ, ինչպիսիք են զարկերակային գերճնշումը, այտուցները և մեզի մեջ ալբումինի առկայությունը, ապացուցում են հղիության ընթացքում պրեէկլամպսիայի առկայությունը։ Ախտանիշներ հայտնաբերելու վաղ շրջանում հիվանդներին տրվել է պրոգեստերոնի նախնական չափաբաժին, իսկ դրանից հետո՝ եթե ախտանիշները դեռևս առկա էին, նրանք շարունակական բուժում են ստացել։ Ծննդատներում պրոգեստերոն օգտագործելու արդյունքում պրեէկլամպսիայի դեպքերի քանակը մակարդակը 9%-ից նվազել է մինչև 1%[7]։

Դալտոնը հրաժարվել է բուժման ընթացքում պրոգեստոգենի (սինթետիկ պրոգեստոգենների) օգտագործումից, որովհետև կարծում էր, որ այն տարբեր կողմնակի ազդեցություններ ունի[8]։ Բուժումների համար ընտրել է բնական պրոգեստերոնը, ինչը հայտնաբերվել է քաղցր կարտոֆիլում[5]։ Բացի դրանից, Դալտոնը կողմնակից էր միայն բնական պրոգեստերոնին, որովհետև նա պնդում էր, թե միայն բնականն է համապատասխանում պրոգեստերոնի ընկալիչներին[7]։ Իր բուժումների մեծամասնության դեպքում օգտագործել է պրոգեստերոնի մեծ չափաբաժիններ, քանի որ կարծել է, թե վտանգավոր չափաբաժին չկա և 400 միլիգրամը նվազագույն չափաբաժինն է։ Պրոգեստերոնի մյուս դրական կողմերից է կանանց մոտ մազերի ինտենսիվ աճն ու գլխուղեղի վնասվածքների բուժումը։

Գրել է բեսթսելլեր դարձած «Ամիսը մեկ անգամ․ նախադաշտանային համախտանիշի բնագիր ձեռնարկ» (1978թ․) և «Դեպրեսիա ծննդաբերությունից հետո․ ինչպես տարբերել, բուժել և կանխել հետծննդյան դեպրեսիան» աշխատությունները։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին ամուսնու մահից հետո ամուսնացել է Թոմ Դալտոնի հետ, որը մահացել է 1992 թվականին։ Ունեցել է 4 երեխա՝ Մայքլ, Թոմաս, Ուենդի և Մաուրին, ու նաև 5 թոռ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտի բրիտանացի անդամ Դանիել Դալտոնը[5]։

Վախճանվել է Բրիտանիայում 2004 թվականի սեպտեմբերի 17-ին՝ 87 տարեկան հասակում․ ընտանիքը չի հստակեցրել նրա մահվան պատճառը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. https://www.telegraph.co.uk/news/obituaries/1472855/Katharina-Dalton.html. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. O'Connor, Anahad. «Katharina Dalton, Expert on PMS, Dies at 87». New York Times. The New York Times Company. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Raymond Greene
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Oliver, Myrna (2004 թ․ սեպտեմբերի 28). «Katharina Dalton, 87; First Doctor to Define, Treat PMS» – via LA Times.
  6. 6,0 6,1 O'Connor, Anahad (2004 թ․ սեպտեմբերի 28). «Katharina Dalton, Expert on PMS, Dies at 87» – via NYTimes.com.
  7. 7,0 7,1 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. «Katharina Dalton and progesterone dangers». The BMJ. 2018 թ․ հունվարի 31.
  9. «PMS Researcher Dies at 87». 2004 թ․ սեպտեմբերի 26 – via nbcnews.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]