Կաշվե կոշիկի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաշվե կոշիկի արդյունաբերություն, թեթև արդյունաբերության ճյուղ, կենդանիների մորթուց արտադրում է փափուկ և կոշտ կաշի, բնական ու արհեստական կաշվից՝ կոշիկ, հագուստ, թամբագործական և արդուզարդի իրեր, տեքստիլ և այլ մեքենաների համար՝ կաշեմասեր։

Կաշեգործությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում կաշեգործությունը հին և զարգացած արհեստ էր։ 10-րդ դարում այն բաժանվեց մի քանի ինքնուրույն արհեստների՝ կաշվի մշակում, կոշկակարություն, թամբագործություն, մագաղաթի պատրաստում։ Դեռևս Հին Հայաստանում հայտնի էր կոշկեղենի՝ կարմիր, կանաչ և այլ գունավորմամբ բարձրորակ սեկը, որը պատրաստվում էր այծի մորթուց, և քիմուխտը՝ միասմբակավորների մշակված կաշին։ Կաշվի մշակումը բարդ աշխատանք էր, այն տևում էր մեկից մինչև մի քանի ամիս և հայտնի էր խաղախորդություն անունով։ Կաշեգործության հետ կապված մի առանձին արհեստ էր թամբագործությունը (սառաճությունը)։ Սառաճը, ձեռք բերելով ձիասարքի մետաղե մասերը, պատրաստում էր թամբը, հաճախ ներկում և ձևավորում էր մետաղե, ոսկրե, սադափե զարդերով։ Կաշվից պատրաստվում էր նաև մագաղաթ, լկամ (սանձ), ձիասարք և այլ սարքերի փդկեմասեր, տիկ, կաշվե տոպրակներ, երաժշտական գործիքների կաշեմասեր, զարդեր և այլն։ 20-րդ դարի սկզբին կաշվի վերամշակման արհեստանոցների թիվը հասնում էր 37-ի, որից Երևանում (Ձորագյուղի շրջանում)՝ 22, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ 2, Նախիջևանում՝ 2, Նոր Բայազետում (այժմ՝ Կամո)՝ 5, մնացած շրջաններում՝ 6։ Մշակվում էր տեղական, Մակուից (Իրան) ու Հին Բայազետից ներմուծված կաշեհումքը։ Հայաստանում վերամշակվող կաշին (մասնավորապես հայկական սեկը) մեծ համարում ուներ Կովկասի առավել խոշոր շուկաներում։ Խորհրդային ռեժիմի առաջին տարիներին Հայաստանում կաշի մշակող ձեռնարկություններ գրեթե չկային։ 1922 թվականին գործող երկու ձեռնարկություններն ազգայնացվեցին և միավորվեցին։ Այդ տարիներին ՀԽՍՀ կաշվե կոշիկի արդյունաբերությունը ներկայացնում էին Երևանի կաշվի գործարանը, կոշիկի և ձիասարքի մեկական արհեստանոցները։

Կաշեգործությունը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշվի արդյունաբերությունն սկսեց զարգանալ նախապատերազմյան հնգամյակների տարիներին. բարելավվեց կաշվի մշակման տեխնոլոգիան, զգալիորեն աճեց փափուկ և կոշտ կաշիների արտադրությունը (1940 թվականին, 1927 թվականի համեմատությամբ, համապատասխանաբար՝ 1, 6 և 3, 7 անգամ)։ Ետպատերազմյան տարիներին ներդրվեց նոր, բարձրարտադրողական տեխնիկա և առաջավոր տեխնոլոգիա։ 1977 թվականին կաշվի արտադրությունը կենտրոնացված էր Ստեփան Շահումյանի անվան կաշվի արտադրական միավորման ձեռնարկություններում։ Կոշկակարությունը Հայաստանում ինքնուրույն արհեստ է դարձել միջնադարում։ Կոշկակարոցներում պատրաստվում էին ասիական ոտնամաններ, երկարաճիտ կոշիկներ, կիսակոշիկներ, կնոջ ու տղամարդու հողաթափեր են։ 12-13-րդ դարերում կոշկակարությունը, մյուս արհեստների նման, արդեն առավելապես շուկայի համար էր արտադրում։ Քաղաքի և շրջակա գյուղերի աղքատ բնակչությունը, մասնավորապես կանայք, գործածում էին ավելի հասարակ կոշիկներ՝ մուճակներ։ Կարում էին նաև մաշիկներ, անկրունկ ոտնամաններ, մույկեր։ 20-րդ դարի սկզբին Երևանում, Ալեքսանդրապոլում և մի քանի այլ քաղաքներում կոշկակարոցների թիվը հասնում էր 52-ի։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին կոշիկի մանր արհեստանոցների բազայի վրա կազմակերպվեցին մի շարք արտելներ։ 1936 թվականին «Եր-կոշ» արտելի բազայի վրա ստեղծվեց Երևանի կոշիկի առաջին ֆաբրիկան, «Լեն-կոշի» բազայի վրա՝ Լենինականի կոշիկի երկրորդ ֆաբրիկան։ 1941 թվականին Երևանի կոշիկի ֆաբրիկայի նորաձևության արտադրամասն անջատվեց և վերածվեց ինքնուրույն ֆաբրիկայի (1944 թվականից՝ Երևանի կոշիկի երրորդ ֆաբրիկա), 1947 թվականին Քանաքեռում կազմակերպվեց կոշիկի «Արաքս» արտելը (1951 թվականից՝ Քանաքեռի կոշիկի չորրորդ ֆաբրիկա), իսկ 1957 թվականին թեթև արդյունաբերության կազմի մեջ մտավ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) արհեստագործական կոոպերացիայի կոշիկի ֆաբրիկան, կազմակերպվեց Հայաստանի կոշիկի արդյունաբերությունը։ 1979 թվականին կոշիկի արտադրությունն իրականացվում էր Երևանի՝ կոշիկի «Մասիս» արտադրական միավորման՝ 10, տեղական արդյունաբերության մինիստրության՝ 3, «Նաիրի» արտադրական միավորման 4 ձեռնարկություններում։ Արտադրության մեխանիկական տեխնոլոգիան, կարային, պտուտակային, փայտաշպիլային, մեխային և ռանտային եղանակներն աստիճանաբար փոխարինվում են քիմիական ներգործման մեթոդներով (սոսնձային, տաք վուլկանացման, ճնշման և այլն)։ Հայաստանում թողարկվող կոշիկները մեծ համարում են ունեցել Խորհրդային Միությունում և դրա սահմաններից դուրս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 246