Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի ճանաչումը Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին կին պատգամավորները Թուրքիայի ազգային մեծ ժողովում (1935 թվական)

Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի ճանաչում, 1930-ական թվականներին Թուրքիայում կանանց քաղաքական իրավունքներ շնորհելու համար անհրաժեշտ օրենքների ընդունում։ Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի շնորհումը սոցիալական շրջանակներում իրականացվող Աթաթյուրքի բարեփոխումներից մեկն է։

1930 թվականից ի վեր ընդունված մի շարք օրենքներով կանայք նախևառաջ իրավունք են ստացել մասնակցել ՏԻՄ ընտրություններին, այնուհետև ստացել են գյուղական խորհուրդներում ընտրվելու իրավունք, իսկ 1934 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի մեջ կատարված փոփոխությունների համաձայն կանայք ստացել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և պատգամավոր ընտրվելու իրավունք։

ՏԻՄ ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի ապրիլի 3-ին ընդունվել է Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը, ըստ որի` կանայք ստացել են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և թեկնածու լինելու իրավունք։

Կանանց մասնակցությամբ ՏԻՄ առաջին ընտրություններ

Կանայք իրենց քաղաքական իրավունքներն առաջին անգամ կիրառել են 1930 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Ընտրություններն սկսվել են սեպտեմբերի սկզբին և շարունակվել մինչև հոկտեմբերի 20-ը։ Քաղաքային խորհուրդներում ընտրված կանանցից են Իզմիրի ընտրություններում Հանրապետաժողովրդական կուսակցության (ՀԺԿ) երկու կին թեկնածուները՝ Հասանե Նալանը և Բենալ Նևզաթը, իսկ Ստամբուլի ընտրություններում ՀԺԿ թեկնածուներ Ռանա Սանի Յավերը (Էմինոնյու), Սենիյե Իսմայիլ հանըմը (Բեյքոզ), Այշե Ռեմզի հանըմը (Բեյօղլու), Նաքիյեն (Բեյօղլու), Լաթիֆե Բեքիրը (Բեյօղլու)[1]։

Այս ընտրություններում Արդվինի մարզի Յուսուֆելի գավառի մեջ մտնող Քըլըչքայա քաղաքի քաղաքապետ ընտրված Սադիյե հանըմը դարձել է «Թուրքիայի առաջին կին քաղաքապետը» և այս պաշտոնը զբաղեցրել է երկու տարի։ Իսկ Թուրքիայի առաջին կին մարզպետը ընտրվել է բազմակուսակցական համակարգին անցնելուց հետո։ 1950 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում 27 անդամից բաղկացած Մերսինի քաղաքային խորհրդում ընտրված Մուֆիդե Իլհանը դարձել է Թուրքիայի առաջին կին մարզպետը[2]։

Գյուղապետ ընտրելու և ընտրվելու իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղական բնակավայրերի մասին օրենքի 20-րդ հոդվածի փոփոխության վերաբերյալ 1933 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 2329 օրենքով ճանաչվել է կանանց՝ գյուղապետ և պատվիրակության անդամ ընտրվելու իրավունքը։

Առաջին կին գյուղապետի ընտրություն

Այդընի մարզի Չինե գավառի մեջ մտնող Դեմիրդերե գյուղում (ներկայիս Քարբուզլու գավառ) հավաքելով շուրջ 500 ձայն՝ Գյուլ Էսինը դարձել է Թուրքիայի Հանրապետության առաջին կին գյուղապետը[1]։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ընտրվելու իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում կանանց՝ պատգամավոր ընտրվելու իրավունքի ուղղությամբ առաջին քայլը կատարվել է 1923 թվականին։ Առաջին քայլը եղել է այն, որ 1923 թվականին կանայք Նեզիհե Մուհիդդինի գլխավորությամբ ցանկություն են հայտնել ստեղծել կանանց առաջին կուսակցությունը՝ «Կանանց ժողովրդական կուսակցությունը»։  Սակայն 1909 թվականի Ընտրական օրենսգրքի պատճառով կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունն ավարտվել է Կանանց ժողովրդական կուսակցության փոխարեն Թուրք կանանց միություն կոչվող ասոցիացիայի ստեղծմամբ[1]։

1924 թվականի սահմանադրության նախապատրաստման ժամանակ օրակարգ է բերվել նաև կանանց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ընտրվելու հարցը, սակայն ԹԱՄԺ-ում մեծամասնության որոշմամբ այդ իրավունքը տրվել է միայն տղամարդկանց[1]։

Անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունն իրականացվել է 1934 թվականին վարչապետ Իսմեթ Ինյոնյուի և 191 պատգամավորների կողմից ներկայացված Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխության օրինագծով։ Առաջարկը քննարկվել է 1934 թվականի դեկտեմբերի 5-ին մեջլիսում։ Տեղի ունեցած քվեարկությանը մասնակցել է մեջլիսի 317 անդամներից 258 պատգամավոր, որոնց միաձայն քվեարկությամբ օրինագիծը ընդունվել է։ Փոփոխելով Սահմանադրության 10-րդ և 11-րդ հոդվածները՝ սահմանվել է, որ 22 տարեկանում կանայք կարող են ընտրել, իսկ 30 տարեկանում՝ ընտրվել[3]։ Սահմանադրական այս փոփոխությունների շրջանակներում 1934 թվականի դեկտեմբերի 11-ին Խորհրդարանական ընտրությունների մասին օրենքում համապատասխան փոփոխություններն են կատարվել։

Օրենքի ընդունումից հետո՝ 1934 թվականի դեկտեմբերի 7-ին, Թուրք կանանց միությունը Ստամբուլում՝ Բայազեդ հրապարակում մեծ տոնախմբություն է կազմակերպել և երթ կատարել Բայազեդի հրապարակից դեպի Թաքսիմ։

Կանանց մասնակցությամբ խորհրդարանական առաջին ընտրություններ

Թուրքիայում կանանց մասնակցությամբ խորհրդարանական առաջին ընտրությունները 1935 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցած 5-րդ գումարման ԹԱՄԺ-ի ընտրություններն են եղել։ Այս ընտրությունների արդյունքում պատգամավոր է դարձել 17 կին։ 1936 թվականի սկզբին պատգամավորական թափուր տեղերի համար կազմակերպված միջանկյալ ընտրություններում թոշակի անցած ուսուցչուհի Հաթիջե Օզգենելը պատգամավոր է դարձել Չանքըրըի մարզից՝ կին պատգամավորների թիվը ԹԱՄԺ-ում հասցնելով 18-ի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Türk kadınının seçme ve seçilme hakkını kazandığı gün! 5 Aralık Kadın Hakları Günü kutlu olsun!». www.sozcu.com.tr (թուրքերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Türkiye ve Dünyada Kadınların Seçme ve Seçilme Hakkı Tarihine Bir Bakış». m.bianet.org. 05 Aralık 2018. Վերցված է 26/12/2019-ին.
  3. 3,0 3,1 Koyuncu, Hüseyin (2019 թ․ դեկտեմբերի 5). «Türkiye'de kadınlar ilk kez 1934'te oy verdi, Avrupa'da durum ne?». euronews (թուրքերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.