Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 49, 2020 թ.
Ջիլ Թրեյսի Ջեյքոբս Բայդեն (անգլ.՝ Jill Tracy Jacobs Biden, ի ծնե Ջեյքոբս, նախկինում՝ Սթիվենսոն), ամերիկացի մանկավարժ, որը 2009-2017 թվականներին եղել է ԱՄՆ-ի երկրորդ տիկինը։ ԱՄՆ 47-րդ փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրությունների Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենի կինն է։
Ծնվել է Նյու Ջերսի նահանգի Հեմոնթոն քաղաքում, հասակ առել Փենսիլվանիայի Վիլոու Գրուվ համայնքում։ 1977 թվականին ամուսնացել է Ջո Բայդենի հետ և դարձել առաջին ամուսնությունից ունեցած նրա երկու որդիների՝ Բո և Հանթեր Բայդենների խորթ մայրը․ տղաների մայրն ու մանկահասակ քույրիկը մահացել էին ավտովթարից 1972 թվականին։ Ջո և Ջիլ Բայդեններն ունեն մեկ դուստր՝ Էշլին, որը ծնվել է 1981 թվականին։
Բայդենը բակալավրի կոչում է ստացել Դելավերի համալսարանում, մագիստրոսի կոչումներ Վեսթ Չեսթերի և Վիլանովա համալսարաններում, և դոկտորական աստիճան Դելավերի համալսարանում։ Տասներեք տարի ավագ դպրոցում անգլերեն ու ընթերցանություն է դասավանդել, նաև հոգեբուժարանում դասավանդել հուզական խնդիրներ ունեցող դեռահասների։ 1993 - 2008 թվականների ընթացքում Դելավերի տեխնիկական հանրային քոլեջում դասավանդել է անգլերեն ու գրավոր խոսք։ 2009 թվականից ի վեր Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջում անգլերենի պրոֆեսոր է և համարվում է երկրորդ տիկնանցից առաջինը, որը վարձատրվող աշխատանք է կատարել իր ամուսնու փոխնախագահության ընթացքում։ «Բայդեն կրծքի առողջության նախաձեռնություն» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրն է, «Book Buddies» ծրագրի և «Բայդեն հիմնադրամի» համահիմնադիրը և Միշել Օբամայի հետ հանդիսանում է «Joining Forces» կազմակերպության համահիմնադիր։
Ջիլ Թրեյսի Ջեյքոբսը ծնվել է 1951 թվականի հունիսի 3-ին Նյու Ջերսի նահանգի Հեմոնթոն քաղաքում։ Մի քանի անգամ տեղափոխվելուց հետո իր չորս կրտսեր քույրերի հետ մանկության մեծ մասն անցկացրել է Փենսիլվանիայի Վիլոու Գրուվ համայնքում։ Հայրը՝ Դոնալդ Կառլ Ջեյքոբսը (1927–1999), բանկի գանձապահ էր, որը հետագայում Ֆիլադելֆիայի շրջակայքում գտնվող Չեսթնաթ Հիլ համայնքում դարձել է խնայողության և փոխատվության ընկերակցության կառավարիչ։ Ընտանեկան ազգանունն սկզբնապես եղել է Ջիակոպա, սակայն իր իտալացի պապիկը փոխել է այն։ Մայրը՝ Բոննի Ջին Ջեյքոբսը (1930–2008), տնային տնտեսուհի էր և ուներ անգլիական և շոտլանդական արմատներ։
Մեծանալով Դելավերի հովտում՝ ձեռք է բերել մասնակի ֆիլադելֆիական առոգանություն և ցմահ հետաքրքրություն Ֆիլադելֆիայի սպորտային թիմերի նկատմամբ... Ավելին⇒