Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 47, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Արամ Մանուկյան, Արամ կամ Արամ փաշա (Սարգիս (Սերգեյ) Հարությունի Հովհաննիսյան, ծնունդով Զեյվա, այժմ՝ գյուղ Դավիթ Բեկ), Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։

Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը՝ 1890 թվականին ընդունվել է Շուշիի թեմական դպրոցը։ Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետ վտարվել է դպրոցից, ապա ընդունվել և ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1907 թվական)։ Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903 թվականներին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1903 թվականից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով։ 1904-1908 թվականներին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում։

Արամ Մանուկյանի պետական գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս շրջան՝

  1. Վանի հայկական նահանգապետության շրջան, երբ Վանը որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց, ստեղծվեց պետական-վարչական ապարատ, սահմանվեցին իշխանության գործառույթներ և համակարգվեց նրանց գործունեությունը
  2. Երևանում 1917 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի մայիսի 28-ը՝ Հայաստանի Առա­ջին Հանրապետության հռչակումն ընկած ժամանակաշրջանը, երբ Արամ Մանուկյանի գլխավորությամբ վարչաքաղաքական, ռազմական, տնտեսական բնագավառներում իրականացվեցին նշանակալից միջոցառումներ
  3. 1918 թվականի մայիսի 28-ից մինչև հուլիսի 24-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչև նրա անդրանիկ կառավարության ձևավորումն ընկած ժամանակահատվածը
  4. Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանը, մինչև մահ։

Վանի հայկական նահանգապե­տության 72-օրյա գոյության ընթացքը ինչպես նաև Ռուսական կայսրության նախ­կին Երևանի նահանգի տարածքում 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիսի 28-ը Արամի ծավալած գործունեությունը պետական որակելը հարաբերական է, քանի որ երկու դեպքում էլ պետական միավորներ որպես այդպիսիք, չկային։ Նրանցից առաջինը Ռուսական կայսրությանը ենթակա սահմանափակ ինքնուրույնություն ունեցող վար­չական միավոր էր, իսկ երկրորդը՝ Ռուսական կայսրության քայքայումից հետո բախտի քմահաճույքին թողնված, դեպքերի բերումով նրանից փաստորեն անկախացած, բայց իրականում անորոշ կարգավիճակ ունեցող երկրամաս էր։ Սակայն Արամ Մանուկյանի գործունեությունը պետականությանը բնորոշ մակարդակ և բնույթ էր կրում... Ավելին