Կաթողիկոսասարի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթողիկոսասարի վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանքային համալիր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՄարտակերտի շրջան
ՀասցեՎարնկաթաղ համայնքի վարչական տարածքում
ԴավանանքՀայ առաքելական
ԹեմԱրցախի թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակՀիմնավեր
Ժառանգության կարգավիճակԱյո
ՀիմնադիրՏեր Հովհաննես
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ6-րդ դար
Հիմնադրված6-րդ դար
Առաջին հիշատակում551 թվական

Կաթողիկոսասարի վանք, Թղկասար կամ Մեծ Թղկասար, վանք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքի վարչական տարածքում, Թարթառ գետի աջ ափին, Տոնաշեն գյուղին արևելքից հանդիպակաց Կաթողիկոսասարի լեռնաշղթայի արևմտյան լանջին առանձնացող անտառապատ բարձունքի հարթ կատարին։ Վանքին մոտենալ հնարավոր է Մատաղիսից դեպի Ջրաբերդ–Երիցմանկանց վանք տանող ավտոճանապարհից, ոտքով պետք է անցնել խիստ թեք, անտառապատ տարածք։ Ճարտարապետական հորինվածքով այն միան բազիլիկ է, խորը նստած կիսաշրջան խորանով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվանից կաթողիկոսությունը, մասնավորապես Տեր Հովհաննեսը, Պարտավից տեղափոխել է Արցախ՝ Թարթառի աջափնյա «Կաթողիկոսի Քար» կոչվող վայրը, որը նախկինում որպես ամառանոց է ծառայել։ 551 թվականից այս վայրը ծառայել է որպես կաթողիկոսական ամառանոց։ Այդ տարիներին Պարտավում արաբական իշխանության տարիներից մուսուլմաններն ամեն կերպ ցանկացել են հավատափոխ անել հայերին։ Տեր Հովհաննեսը կաթողիկոսությունը փրկելու նպատակով այն տեղափոխել է Դյուտականից ոչ հեռու վանքը (Դյուտականը կոչվել է նաև մայրաքաղաք կամ Բերդակ)։ Պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը հաստատել է, որ Վարնկաթաղ և Տոնաշեն գյուղերի արանքում գտնվող Կաթողիկոսի քար կոչվող վայրը եղել է Աղվանից կաթողիկոսների ամառանոցը։ Այս հանգամանքը ևս հաստաել է, որ եթե հարթավայրերում իշխել են նվաճողները, ապա լեռներում տիրապետել են բնիկ հայ իշխանները, որտեղ իրենց ժողովրդի հետ հայերը պահպանել են իրենց ազգային մշակույթը, գիրն ու գրականությունը, հավատքը և այլն։ Վանքի ճակատագրի մասին ստույգ տեղեկություններ է տվել Մխիթար Գոշը իր «Դատաստանագիրք» հիշատակարանում։ Մխիթար Գոշը իր աշխատությունը սկսել է Սբ․ Եղիշեից սկիզբ առնող Աղվանի կաթողիկոսներից, ապա նկարագրել է Գարդմանքում և Արցախում տեղի ունեցած երկրաշարժը։ Երկրաշարժը ամբողջովին ավերել էր Գանձակ քաղաքը։ Երկրաշարժի մասին տեղեկություններ է տվել նաև պատմիչ Կիրակոս Գանձակեցին[1]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը մեզ է հասել հիմնավեր վիճակում, պատված փլատակներով, հողածածկույթի հաստ շերտով, խիտ բուսականությամբ ու անտառով։ Ավերածությունները այնքան շատ են եղել, որ ներկայումս դժվար է խոսել վանական համալիրի շրջանում եղած շինությունների, քանակի և զբաղեցրած տեղի մասին։ Համալիրը բաղկացած է եղել առնվազն երկու եկեղեցիներից, նրանց միջնամասում մեծ ուղղանկյունաձև շինությունից՝ գերեզմանոցից, կենցաղային տարբեր կառույցներից, իսկ այս ամենը եղել է ներսից փակված պարիսպով։ Համալիրի կենտրոնական մասում եղել է գերեզմանոցը, որից այժմ գետնի մակերեսին մնացել են մի քանի տապանաքարեր, տեղահանված ու ծառին հենված մի ամբողջական խաչքար և մի մեծ, խաչքարի քանդակներով պատված ճակտոն։ Այժմ գերեզմանոցը ծածկված է հողաշերտով, գետնի մակերեսի խոտածածկույթի տարբերանշաններից կարելի է ենթադրել, որ այն բավականին խիտ ու ընդարձակ է եղել։ Հարթակի արևմտյան կողմում երևում են իրար հաջորդող, շուրջ 20–25 մետր երկարությամբ երկու շինությունների ավերակներ։ Վերջիններս ուրվագծվում են սենյակներից մնացած բնորոշ փոսորակների ու բլրակների տեսքով, որից կարելի է եզրակացնել, որ համալիրները բաղկացած են եղել իրար կից բազմասենյականոց կացարաններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Բակուր. ԿԱԹՈՂԻԿՈՍԱՍԱՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՎԱՆՔԸ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ.