Ծովափին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովափին
կինը ծովափին
տեսակնկար
նկարիչԿարապետ Ադամյան
տարի1910
ստեղծման երկիրՀայաստան
ուղղությունԻմպրեսիոնիզմ
ժանրԳեղանկարչություն
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
քաղաքԵրևան
Ծանոթագրություններ

Ծովափին, գեղանկարիչ Կարապետ Ադամյանի բնագիր գործերից մեկը, որում գերակշռում են նրբերանգները։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերը ներկայացնում է ալեկոծ ծովի տեսարան` ավազոտ մի փոքր հարթությամբ, որտեղ մեջքը դեպի դիտողը կանգնած է մտքերով տարված, ինքնամփոփ տրամադրությամբ մի մանկամարդ աղջիկ։ Տպավորությամբ ստեղծված ծովը չի ստեղծում ջրի առարկայական պատրանք, բայց ալեկոծ ծովի տպավորությունը համոզիչ է և գրավում է դիտողին իր բազմերանգ, մեղմ գունաշարով, քնքուշ, օդառատ, լուսավոր, թափանցիկ կոլորիտով։ Դա երկնքի ցոլացումով շաղախված մոխրավունի, դեղնավունի, մանուշակավունի աննկատելի երանգների խառնուրդ է, որում հնարավոր չէ գտնել գույների սահմանը, բայց որով ստեղծված է բնության բացօթյա կոլորիտի կատարյալ տպավորություն։

Արտահայտիչ են հատկապես դեղինի տվող սպիտակափրփուր ալիքները` ձգված պատկերի ամբողջ հորիզոնականով` իրար հետևից դեպի ափ գրոհելիս։ Մոխրակապտավուն երկինքը խստաշունչ է թվում, ամպերը մի քանիսն են, երկարավուն, սպիտակ, հորիզոնում` մի փոքր մշուշված։

Ադամյանին հետաքրքրել է լույսի ազդեցությամբ ծովի մակերեսին գոյացած գունափոխումների գեղեցկությունը.նա չի ձգտել ջրին կշիռ տալ։

Պատկերված է իմպրեսիոնիստական ընկալումով . ծովին հակադրված է ափին պատկերված աղջկա ֆիգուրը` միանգամայն ռեալ մարմնաձևերով, կենդանի տպավորությամբ, կերպարային ճանաչելիության հասցված դիմանկարով։ Ինչպես նմանատիպ այլ գործերում, այստեղ ևս ֆիգուրները մշակված են հանգամանորեն, շոշափելի ձևով, դասական արվեստի մեթոդի օգտագործումով։ Աղջկա ֆիգուրը գեղանկարված է երանգների նուրբ տատանումներով և ներշնչմամբ։ Մասնավորապես աղջկա դեղին զգեստը ներկայացնում է գեղանկարչական մի շողշողուն հմայք։ Համատարած արտացոլումի հետևանքով դրա վրա առաջացել են դեղինի բազմազան երանգավորումներ` միացած կապույտի, կանաչի, օխրայի հազիվ նկատելի գուներանգներին։ Աղջկա առկայությունը իր մեղմերանգ փողփողումներով կարող էր ձուլվել շրջապատի հետ և դիտվել լոկ գունային բիծ, եթե մի քանի մանրամասներ չընդգծեին նրա առարկայական գոյությունը։ Անեզր օվկիանոսի տարածքում աղջկա մարմնի մուգ մասերը որոշակի և շոշափելի են դարձնում նրա ֆիգուրը։ Այս պատկերը բացօթյա գեղանկարչության օրինակ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987