Ծովային քարադր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծովային քարադր
Ծովային քարադր
Ծովային քարադր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Քարադրներ (Charadriidae)
Ցեղ Charadrius
Տեսակ Ծովային քարադր (C. alexandrinus)
Միջազգային անվանում
Charadrius alexandrinus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Ծովային քարադր (լատ.՝ Charadrius alexandrinus), քարադրների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 15-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, կենդանի զանգվածը՝ 38-47,5 գ։ Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն։ Բնադրման շրջանում արուի գագաթի միջին մասը և ծոծրակը դարչնագույն են՝ շիկակարմրավուն երանգով փոփոխական, իսկ հոնքը՝ սպիտակ: Գագաթի առջևի մասի սևը չի հասնում սև ակնաշերտին, կրծքի կողքերը սև բծերով են։ Էգի գագաթը և թիկնոցը միատարր դարչնագույն են, գագաթի առջևի մասը, ակնաշերտը և կրծքի կողքերի բծերը՝ մուգ դարչնագույն։ Չափազանց շարժուն և բավական զգույշ թռչուն է։

Բնակման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում: 1986-1994 թվականներին Արարատյան դաշտի ճահճուտներում ու լճափերին կատարված յուրաքանչյուր հաշվառման արդյունքում՝ 8 կմ տարածության վրա գրանցվել է 1-10, առանձին դեպքերում՝ 24-35 թռչուն։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային ամենավաղ վերադարձը մարտի երկրորդ տասնօրյակի վերջին է։ Բնադրում է չոր, աղքատիկ կիսաանապատային բուսականության պայմաններում։ Հաճախ ոչ մեծ բնադրագաղութներ է կազմում այլ քարադրների և ջրածիծառների հետ համատեղ։

Բույն[խմբագրել | խմբագրել կոդը]

80-90 մմ տրամագծով բույնը ոչ խորը փոսիկ է: Ցամքարը պատրաստված է չոր ջրային բույսերից։ Բնադրում է գետնին։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի երրորդ տասնօրյակից հուլիսի առաջին կեսը։ Դնում է 31 մմ տրամագծով, բաց կանաչավուն-դարչնագույն, մուգ դարչնագույն և բաց կապտամանուշակագույն պտերով 3 ձու։ Երիտասարդ, ձմեռային թարմ փետրածածկով անհատները հասուն թռչունների խմբերում հանդիպում են սեպտեմբերի ընթացքում։ Թխսակալման ժամանակ վտանգի դեպքում քարադրը աշխատում է թաղվել բնի մեջ և հնարավորին չափ մնալ անշարժ, վտանգի անխուսափելիության դեպքում և բույնը փրկելու նպատակով անաղմուկ, գաղտագողի դուրս է սողում բնից, կռացած ու մանրաքայլ, թևերը քարշ տալով անցնում է որոշակի տարածություն և իր վրա հրավիրում վտանգը։ Պաշտպանական ճիչերը սրնգի զրնգուն հնչյուններ են հիշեցնում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Պորտուգալիայից մինչև Ճապոնիա, դեպի հարավ` մինչև Կապյան Երկիր, Ցեյլոն, Տասմանիա, ԱՄՆ, Վեստ Ինդիա ու Չիլիի ափերը:

Բնադրում է Արարատի մարզում` Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, հավանաբար, նաև մասնատված` Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքի շրջակայքում[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ:

Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից: Պոպուլյացիան կազմված է հավանաբար 30-40 զույգից:

Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը և ենթադրվող բնադրավայրերի մոտ անասունների արածեցումը:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png