Յանըղլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խիլխինաից)
Գյուղ
Խաղխաղ
Yanıqlı
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Այլ անվանումներԽիլխինա, Յանըղլի, Յանըղլու
ԲԾՄ600-650 մ
Բնակչություն2․395 մարդ (2008)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ6039[1]
Յանըղլի (Ադրբեջան)##
Յանըղլի (Ադրբեջան)

Յանըղլի կամ Յանըղլու ադրբ.՝ Yanıqlı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում, նախկինում խոշոր հայկական քաղաք՝ «Խաղխաղ» անունով։ Գտնվում է շրջկենտրոնից 17 կմ հարավ-արևելք՝ Զակամ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 600-650 մ բարձրության վրա[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Խաղխաղը (ներկա Յանըղլի) շրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Եղել է հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոցը.

«...Յայնմ ժամանակի հանդերձեցաւ կազմեցաւ Պարթևն եղբարբն իւրով հանդերձ... ելեալ երթայր հատուածի պատճառաւ ի կողմանս Հայոց, իբրև թէ ապստամբեալ իցէ յարքայէն Պարսից։ Եկեալ յանդիման եղև թագաւորին Խոսրովու յՈւտի գաւառի, ի Խաղխաղ քաղաքի. ի ձմերոցս արքայութեանն հայոց» կամ՝ «...մերձ ի սահմանս Վրաց հանդեպ Խաղխաղ քաղաքի, որ ձմերոց էր թագաւորացն Աղուանից...» կամ՝ «...ի գեօղն, որ կոչի Խաղխաղ, յերկրին Աղուանից։ »[3][4][5]

Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև վրաց աղբյուրներում. «Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»[6]։

Խաղխաղի մոտ 450 թվականին տեղի է ունեցել հայկական և պարսկական զորքերի միջև ճակատամարտ[7][8]։ 450 թվականի ամռանը պարսից հազարապետ Միհրներսեհը խոշոր զորաբանակով մտավ Փայտակարան՝ ճորտ-մարզպանի պարսից զորաբանակին միանալու, աղվանից ու հայոց ապստամբական շարժումները ճնշելու մտադրությամբ։ Աղվանից ապստամբները, պարտվելով ճորտ մարզպան Սեբուխտ Նիխորականից, քաշվեցին Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրեցին Հայոց մարզպանությունից։

Հայկական մի զորամասով Վարդան Մամիկոնյանն արշավեց Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու նպատակով։ Տեղյակ լինլով հայկական զորաշարժին՝ հակառակորդը նրան սպասում էր Լոպնաս գետի (Զակամ) ափին։ Պարսկական բանակը դիրքեր գրավեց Խաղխաղի դաշտում։ Հակառակորդի կենտրոնում և աջ թևում գտնվում էին պարսկական, իսկ ձախ թնում՝ Բաղասկանի և Լփնաց զորքերը։ Վարդան Մամիկոնյանի զորաբանակը Գուգարքով մտավ Աղվանից մարզպանություն և մարտակարգ ընդունեց Խաղխաղի մատույցներում։ Ստանձնելով կենտրոնի հրամանատարությունը՝ Վարդան Մամիկոնյանը աջ թևը հանձնեց իր փեսա Արշավիր Կամսարականին, ձախը՝ Խորեն Խորխոռունուն, թիկունքում տեղավորվեց պահեստազորը։ Վարդան Մամիկոնյանը ջախջախեց հակառակորդի աջ թևը և մղեց Լոպնաս գետի մայրիները։

Թշնամուն հետապնդող հայկական աջ թևի զորամասը թեպետ հայտնվեց մերձկուրյան ճահճուտներում (մորուտներ) և որոշ կորուստներ տվեց, սակայն ընկճեց հակառակորդին, դուրս եկավ Կուրի ափը և շրջապատեց թշնամուն։ Վերջինս մասամբ ոչնչացավ մարտադաշտում, մասամբ խեղդվեց Կուր գետում՝ խուճապահար նահանջի ժամանակ։ V դարի պատմիչ Ղազար Փարպեցին ճակատամարտի ավարտի մասին գրում է.

«Իսկ ոմանք յաւագորերոյ Պարսիցն ելեալք ի նաւս՝ յայնկոյս գետյ՚յն մեծի՝ փախստեայք լինել ճեպէին։ Որ և զԿամսարականն Արշաւիր զիշխանն Արշարունեաց ստիպով փութացուցաներ երանելի զօրավարն Հայոց Վարդան՝ զկնի փախստէից նաւացն նետաձիգ լինել, ի հաստատաձգութիւն և յանվրէպ դիպողութիւն առնն վստաեեալ։ .. .Կամսարականն Արշաւիր... առ ի նմանէ հրամանին՝ զկնի նաւավարացն և փախստէիցն նետաձիգ լինել։ Եւ խոցեալ զնաւավարսն և գայլս բազումս ի նաւսն՝ կարէվէրս առնէր. որոց ընդ տապալել վիրաւորացն՝ կործանէին նաւքն. և բազումք ի նաւավարացն և գլխաւորացն Պարսից գետասոյզ եղեալ կորնչէին»։
- Ղազար Փարպեցի

Աղվանից մարզպանությունը ազատագրելով՝ Վարդան Մամիկոնյանը գրավեց Հոնաց պահակը (Դարբանդ), ոչնչացրեց պարսկական կայազորը, կիրճի հսկողությունը հանձնեց Վահան իշխանին, կնքեց հայ-հոնական զինակցության պայմանագիր և ապահովեց հայերի թիկունքը։

Ուշագրավ է, որ գյուղի պատմական անվանումը փոքր-ինչ աղավաղված տարբերակով՝ Խիլխինա, պահպանվել էր մինչև 20-րդ դարը[2]։

19-րդ դարի վերջում գյուղը պատկանում էր թուրք կալվածատերեր Ալլահյար-բեկ, Մեհրալի-բեկ և Ադիլ-բեկ Զուլղադարովներին[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971։
  • Ղազար Փարպեցի, Պատմութիէն Հայոց և Թուղթ աո Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։
  • Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յանըղլի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.e-gov.az/az/services/readwidenew/3544
  2. 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 299
  3. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1914, էջ 26
  4. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 65
  5. «Եղիշէի վասն Վարդանայ և հայոց պատերազմին», աշխատասիրությամբ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1957, էջ 75
  6. Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 163
  7. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66
  8. Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57
  9. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 9-10
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 715