Խեժափիճի սիբիրական
| Խեժափիճի սիբիրական | |
Խեժափիճի սիբիրական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
| Դաս | Pinopsida |
| Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
| Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
| Ենթաընտանիք | Խեժափիճայիններ (Laricoideae) |
| Ցեղ | Խեժափիճի (Larix) |
| Տեսակ | Խեժափիճի սիբիրական (L. sibirica) |
| Միջազգային անվանում | |
| Larix sibirica | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Խեժափիճի սիբիրական (լատիներեն՝ larix sibirica), սոճազգիների ընտանիքի, խեժափիճի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր ծառ է՝ 30-45 մ բարձրությամբ և 80 - 180 սմ բնի տրամագծով։ Աճում է չափազանց արագ։ Լավագույն հողերում 100 տարեկան հասակում հասնում է 30 - 33, 350 տարեկանում՝ 45 մ բարձրության։ Հողի ճահճակալման դեպքում առաջացնում է երկրորդական կարգի կողմնային արմատներ։ Փշատերևներն ունեն 13-45 մմ երկարություն և 0․6 -1,6 մմ լայնություն, բաց կանաչավուն են, կապտավուն խավով։ Կարճացած ընձյուղների վրա հավաքված են փնջերով՝ 25-65-ական հատ։ Աշնանը դեղնում և թափվում են ավելի վաղ, քան մյուս խեժափիճիների փշատերևները։
Կոների երկարությունը կազմում է 22-30 մմ, դրանք սովորաբար ձվաձև են և երկարավուն օվալաձև, մինչև հասունանալը ամուր սեղմված, հասունացման ժամանակ լայն բացված, կազմված են 22-38 թեփուկներից, որոնք դասավորված են 5-7 շարքերով։ Սերմնային թեփուկները բարակ են, հաճախ կաշվեկերպ, ձվաձև կամ լայն-ձվաձև, ամբողջաեզր։ Ծածկող թեփուկները ծածկված են սերմնային թեփուկների տակ։ Սովորաբար բացվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Հյուսիսային Ուրալի անտառներում, Արևմտյան Սիբիրում, Ալթայում և Սայաններում։
Երևանի բուսաբանական այգում այս ծառատեսակի մշակության բոլոր փորձերը անհաջողության են մատնվել։ Այստեղ 9-10 տարեկան հասակում հասնում է 1․0-1․5 մ բարձրության, ընդ որում միջին աճը չի անցնում 10-15 սմ-ից։ Հավանաբար բույսի ճնշվածության և վատ աճելու պատճառը օրվա կարճատևությունն է, ինչպես նաև նրա աճման և տեղի կլիմայական ռիթմի անհամապատասխանությունը։ Երևանի պայմաններում ընձյուղների աճը շատ վաղ է սկսվում (ապրիլին) և շարունակվում է մեկ ամիս (հյուսիսային շրջաններում սիբիրական խեժափիճու աճը տևում է 3 ամիս)։
Համեմատաբար լավ է աճում Վանաձորում, որտեղ հանդիպում են մինչև 42 տարեկան ծառեր, որոնք 1937 թվականին բերվել են Պյատիգորսկից։ Ներկայումս այդ բույսերի բարձրությունը կազմում է 12 մ, բնի տրամագիծը՝ 30-40 սմ։ Տարեկան միջին աճը անցնում է 25-30 սմ-ից։
Վանաձորի պայմաններում բավականին երաշտադիմացկուն է և բարձր դեկորատիվ, սակայն խիստ դանդաղ է աճում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհուրդ է տրվում միջին լեռնային անտառային գոտու համար, որտեղ կանաչապատման բնագավառում կարող է գտնել սահմանափակ կիրառություն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեժափիճի սիբիրական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեժափիճի սիբիրական» հոդվածին։ |
| ||||||||||||||