Սայաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սայաններ
Саяны
Altay-Sayan map ru.png
Տեսակ լեռնաշղթա
Երկիր Ռուսաստան
Աշխարհագրական
տեղադրություն
Ռուսաստան Ռուսաստան
Բարձրություն (ԲԾՄ) 3492 մետր և 1087 մետր
Բարձրագույն գագաթ Մունկու սարդիկ
##Սայաններ (Ռուսաստան)
RedMountain.svg
Կոորդինատներ: 53°15′7.0000000983992″ հս․ լ. 94°58′28.000000098412″ ավ. ե. / 53.251944444471774887° հս․. լ. 94.97444444447178569° ավ. ե. / 53.251944444471774887; 94.97444444447178569 և Կոորդինատներ: 52°45′ հս․ լ. 96°0′ ավ. ե. / 52.750° հս․. լ. 96.000° ավ. ե. / 52.750; 96.000{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Սայաններ, լեռնային երկիր Հարավային Սիբիրում։ Կազմված է 150-200 կմ լայնությամբ, 500-900 մ-ից մինչև 2500-3000 մ բարձրություններով մի շարք զուգահեռ լեռնաշղթաներից։ Բաժանվում են Արևմտյան Սայաններ և Արևելյան Սայաններ լեռնային համակարգերի։

Արևմտյան Սայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Փոքր Աբական գետի վերին հոսանքի շրջանից (Տելեցկոյե լճից արևելք) և տարածվում մինչև Ուդ և Կազիր գետերի ակունքները շուրջ 600 կմ երկարությամբ։ Ձևավորվել է կալեդոնյան ծալքավորության ժամանակ։ Առավել տարածված են քեմբրիի նստվածքները։ Արևմտյան Սայանները ձևավորել են եզրային երկու անտիկլինորիումները և նրանց միջև գտնվող սինկլինորիումը։ Լեռնային համակարգի կառուցվածքում մեծ դեր են խաղացել բեկվածքները։ Կան երկաթի, պղինձ-կոբալտային, ոսկու, նիկելի, քրոմի, ասբեստի, արծաթի, մոլիբդենի, կապարի, ցինկի և այլ հանքավայրեր։ Արևմտյան Սայանի ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է նեոգեն-անթրոպոգենում կամարաձև բարձրացման հետևանքով, որն ուղեկցվել է առանձին բլոկների դիֆերենցված շարժումներով, ինտենսիվ էրոզիոն մասնատումներով և լեռնային շրջանների հաճախակի սառցապատումներով։ Արևմտյան Սայանի գլխավոր (ջրբաժան) լեռնաշղթան արևմտյան մասում ունի տիպիկ ալպյան ռելիեֆ (2800-3000 մ բարձրություններով, առավելագույնը՝ 3121 մ, Կզըլ տայգա)։ Ենիսեյից արևելք ջրբաժան լեռնաշղթան բարձրանում է, փոխարինվում միջին բարձրության լեռնային ռելիեֆով (բացառությամբ Օյսկի լեռնաշղթայի կենտրոնական մասի, Արադանի և Երգակներ լեռնաշղթաների)։ Արևելյան Սայանի համակարգին միանալիս լեռնաշղթան աստիճանաբար բարձրանում և հասնում է մինչև 3000 մ-ի։ Ջրբաժան լեռնաշղթայից տարածվում են հյուսիս-արևելք Կանտեգիրի, Սաբինի, Զեբաշի, Բորուս, դեպի հարավ-արևելք՝ Խեմչիկի և Կուրտուշիբինի լեռնաճյուղերը։

Արևելյան Սայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում է Ենիսեյի ձախափնյա մասից (Կրասնոյարսկից հարավ-արևելք) և ավելի քան 1000 կմ երկարությամբ ձգվում հարավ-արևելք, մինչև Բայկալ լիճը։ Անհամաչափ ծալքավոր կառուցվածք է՝ կազմված մինչքեմբրյան բյուրեղային, քեմբրյան հրաբխանստվածքային ապարներից և ստորին պալեոզոյան ներժայթուկներից։ Խորքային բեկվածքներով բաժանվում է հյուսիս-արևելք ուշքեմբրյան և հարավ-արևմուտք վաղկալեդոնյան ծալքավոր մասերի։ Միջին պալեոզոյում մինչքեմբրյան և վաղկալեդոնյան հիմքերի վրա սկսել են ձևավորվել Մինուսինսկի, Ռիբինսկի և այլ իջվածքները։ Օգտակար հանածոներից կան փայլար, ոսկի, գրաֆիտ, երկաթային քվարց, բոքսիտներ, ասբեստ, ֆոսֆորիտներ, հարավ-արևելքում՝ հանքային ջրեր։ Արևելյան Սայանի արևմտյան մասում տիրապետում են հարթագագաթ լեռնաշղթաները, որոնք դեպի հարավ-արևելք բարձրանալով առաջանում են «բելոգորիեներ» (Մանայի բելոգորիե, Կանի բելոգորիե և այլն) և «բելկիներ»՝ Կիզիր ու Կազիր գետերի վերին հոսանքների շրջանում (Ազուլի բելկիներ), վերջիններս Կրիժինա և Երգակ Տարգակ տայգա (Տազարամա) լեռնաշղթաների հետ կազմում են Արևելյան Սայանի առավել խոշոր և բարձր լեռնային հանգույցը, մինչև 3000 մ բարձրություններով և լավ արտահայտված ալպյան ռելիեֆի ձևերով։ Այդ հանգույցից էլ սկսվում է ջրբաժան Ուդայի լեռնաշղթան։ Հարավ-արևելքում Արևելյան Սայանի ջրբաժան լեռնաշղթան կազմված է հարթագագաթ լեռնազանգվածներից, բայց Տիսա գետից արևելք նորից բարձրանում (առավելագույնը՝ 3491 մ. Մունկու Սարդիկ լեռ) և փոխարինվում է ռելիեֆի ալպյան ձևերով (Մեծ Սայան լեռնաշղթա)։

Սայանների կլիման խիստ ցամաքային է՝ երկարատև ցուրտ ձմեռներով, կարճ ու զով ամառներով։ Լեռնալանջերին, 900-1400 մ բարձրությունների վրա, հունվարի միջին ջերմաստիճանը -17°C-ից մինչև -25°C է, միջլեռնային գոգավորություններում՝ մինչև -30°C։ Լեռներում հուլիսի միջին ջերմաստիճանը 10-14 °C է, միջլեռնային գոգավորություններում՝ մինչև 20 °C։ Տարեկան տեղումները լեռներում 300-1200 մմ են, գոգավորություններում՝ 350-500 մմ։ Կան կարային սառցադաշտեր (Մունկու Սարդիկ, Տոպոգրաֆների պիկ)։ Հայտնի է շուրջ 100 սառցադաշտ, մոտ 30 կմ² ընդհանուր տարածությամբ։ Գետային ցանցը պատկանում է Ենիսեյի ավազանին։ Առավել նշանավոր գետերն են՝ Ենիսեյը, Աբականը, Կանտեգիրը, Ալաշան, Ակ Սուգան, Ույուկը, Սիստիգ խեմը, Տուբան, Սիդան, Սիսիմը, Մանան, Կանը, Բիրյուսան և այլն։ Գետերն ունեն տիպիկ լեռնային բնույթ, սնվում են հալոցքային և անձրևային ջրերից, սառցակալում են հոկտեմբերից մայիս, հարուստ են հիդրոէներգիայի պաշարներով (գործում են Կրասնոյարսկի և Սայանյան ՀէԿ-երը, 1975-ից կառուցվում է Սայանո—Շուշենսկոյեի ՀԷԿ-ը)։ Լճերի մեծ մասը գտնվում է լեռնաշղթաների կատարային գոտում և ունի սառցադաշտային ծագում։ Առավել մեծ լճերն են Կարա խոլը, Սուտ խոլը, էմգեն խոլը, Խալետ խոլը, Ագուլին, Տիբերկուլը, Մոժարին։ Տիրապետում են լեռնատայգային, լեռնաանտառատափաստանային (մարգագետնաճահճայինի հետ) և բարձրլեռնային լանդշաֆտները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 165 CC-BY-SA-icon-80x15.png