Jump to content

Լլանվայր Պուլլգուինգիլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լլանվայր Պուլլգուինգիլլ
անգլ.՝ Llanfair Pwllgwyngyll[1]
վալլիերեն՝ Llanfair Pwllgwyngyll[1]
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքLlanfair Pwllgwyngyll?
ԲԾՄ38 մետր
Բնակչություն3107 մարդ
Հեռախոսային կոդ01248
Փոստային դասիչLL61
Պաշտոնական կայքllanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch.co.uk(անգլ.)
Լլանվայր Պուլլգուինգիլլ (Միացյալ Թագավորություն)##
Լլանվայր Պուլլգուինգիլլ (Միացյալ Թագավորություն)

Լլանվայր-Պուլլգուինգիլլ (վալլ.՝ Llanfair Pwllgwyngyll), գյուղ Ուելսում ՝ Անգլսի կղզում, Մենայ նեղուցի մոտակայքում։ Գյուղի ոչ պաշտոնական, սակայն առավել հայտնի անունն է Լլանվայրպուլլգուինգիլլգոգերիխուիրնդրոբուլլլլանտիսիլիոգոգոգոխ (Llan­fair­pwll­gwyn­gyll­go­ge­rych­wyrn­dro­bwll­llan­ty­si­lio­go­go­goch)։ Այն վալլիերեն լեզվից թարգմանվում է այսպես. «Սպիտակ տխլենու ձորակում, փոթորկոտ ջրապտույտի և կարմիր քարանձավին մոտակա Սուրբ Տիսիլիոյի եկեղեցու մոտ գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցի»։ Գյուղի անվանումը ամենաերկար տեղանունն է Եվրոպայում, իսկ աշխարհում այն համարվում է երկրորդը։

Ըստ որոշ աղբյուրների, գյուղի անվանումը հնարել է ոմն դերձակ Մենայից՝ 1860-ական թվականներին։ Այն ամբողջությամբ չի համապատասխանում վալլիերեն անվանակազմության կանոններին և հնարվել է բացառապես տուրիստներին գրավելու համար։ Մինչ այդ, գյուղը կոչվել է Լիանվայրպուլլգուինգիլլ, այսինքն՝ «Սպիտակ տխլենու ձորակում գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցի»։ Ոչ հեռու գտնվել է «Կարմիր քարանձավի մոտ գտնվող Սուրբ Տիսիլիոյի եկեղեցին» (Llantysilio Gogogoch), իսկ նրանց միջև «Փոթորկոտ հորձանուտը՝ ջրապտույտը» (chwyrn drobwll)։ Վալլիերեն անվանումն ունի 51 հնչյուն և 58 տառ, քանի որ վալլիական այբուբենում մի շարք դիգրաֆներ, օրինակ dd, ll և ch, դիտվում են որպես մեկ տառ։

Գյուղում կա երկաթգծի կայարան, որտեղ առկա է ցուցանակ՝ գյուղի անվանումով։ Այն Ուելսի ամենատեսարժան և առավել լուսանկարվող վայրերից մեկն է։ Տեղի բնակչության շրջանում գյուղը հայտնի է պարզապես որպես Լլանվայր-Պուլլգուինգիլլ (Llanfair Pwllgwyngyll) անունով։ Դա գյուղի պաշտոնական անվանումն է քարտեզներում և ճանապարհային ցուցանակներում։ Հաճախ այն գրվում է Llanfairpwll կամ Llanfair PG:

Գյուղի տարածքում մարդիկ բնակվել են դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից (մթա 4000-2000թթ) և զբաղվել գյուղատնտեսությամբ ու ձկնորսությամբ։ Անգլսի կղզի կարողանում էին հասնել միայն մակույկներով, անցնելով Մենայ նեղուցը։

Այժմ գյուղը բաժանվում է Վերին և Ներքին մասերի։ Վերին մասում հիմնականում հին տներն են և ագարակները, իսկ ներքինում ` խանութներն ու արհեստանոցները։ Լլանվայր-Պուլլգուինգիլլը դարձել է յուրահատուկ առևտրի կենտրոն և իրեն է ձգում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լլանվայր Պուլլգուինգիլլ» հոդվածին։