Լիդիա Կոյդուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Լիդիա Կոյդուլա
Lydia Koidula
Lydia Koidula A-37-3152.jpg
Ծնվել է դեկտեմբերի 12 (24), 1843[1]
Ծննդավայր Վենդռա, Պյարնումաա, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է հուլիսի 30 (օգոստոսի 11), 1886[1] (42 տարեկանում)
Վախճանի վայր Կրոնշտադտ, Ռուսական կայսրություն[2]
Մասնագիտություն բանաստեղծ, գրող և լրագրող
Լեզու Էստոներեն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Lydia Koidula Վիքիպահեստում

Լիդիա Կոյդուլա (էստոներեն՝ Lydia Koidula, իսկական անունը՝ Լիդիա Էմիլիե Ֆլորենտինե Յանսեն, դեկտենբերի 12 (24), 1843, Վյանդրա, Լիֆլյանդյան նահանգ - հուլիսի 30 (օգոստոսի 11), 1886, Կրոնշտադտ, Ռուսական կայսրություն), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր, էստոնական դրամատուրգիայի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Կոյդուլան գրող և լուսավորիչ Յոհան Վոլդեմար Յանսենի դուստրն է։ Դպրոցական տարիներից Լիդիան հորն օգնել է «Պյառնույան փոստատար» (էստոներեն՝ Perno postimees) թերթի հրատարակման գործում. կատարել է թարգմանություններ, հրատարակման է հարմարեցրել գեղարվեստական ստեղծագործություններ և այլն։ Այդ ժամանակ էլ նա գրել է իր առաջին բանաստեղծությունները. նախապես նա ստեղծագործել է գերմաներենով։ «Կոյդուլա» կեղծանունը նրան տվել է Կառլ Ռոբերտ Յակոբսոնը, երբ Լիդիայի բանստեղծությունները տպագրել է իր այբբենարանում։ Թերթում աշխատելու տարիներին Լիդիա Կոյդուլան ծանոթանում է 19-րդ դարի կեսերին Էստոնիայում ծավալված ազգային շարժման մասնակից հասարակական գործիչների հետ, որոնց ազդեցությամբ էլ ձևավորվում են Լիդիայի հայացքներն ու համոզմունքները։ 1860-ական թթ. երկրորդ կեսին Լիդիա Կոյդուլան արդեն հայտնի բանստեղծուհի էր, քաղաքական ու հայրենասիրական թեմաներով մի շարք բանաստեղծությունների հեղինակ։

1873 թ. Լիդիա Կոյդուլան ամուսնանում է Տարտուի համալսարանի ուսանող, լատիշ Էդուարդ Միխելսոնի հետ և հետագայում ստիպված էր բնակվել Կրոնշդադտում, որտեղ նրա ամուսինը ծառայում էր որպես ռազմական բժիշկ։ Լիդիա Կոյդուլան ունեցել է մեկ որդի (Հանս Վոլդեմար, 1874) և երկու դուստր (Հեդվիգ, 1876 և Անա, 1878)։ Լիդիան հաճախ էր լինում Էստոնիայում, սակայն շատ էր կարոտում հայրենի երկիրը։ Լիդիա Կոյդուլան մահացել է 1886 թ. կրծքի քաղցկեղից և թաղվել է Կրոնշդադտում։ Սակայն նրա մահվան 60-ամյա տարելիցին նրա աճյունը տեղափոխվել է Էստոնիա և վերահուղարկավորվել Տալլինի Մետսակալմիստ գերեզմանատանը։

Կրոնշդադտում հուշատախտակ է ամրացված այն տան պատին, որտեղ բնակվել է Լիդիա Կոյդուլան[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Կոյդուլայի հուշարձանը Պյառնուում, քանդակագործ՝ Ամանդուս Ադամսոն, 1929

Լիդիա Կոյդուլան մեծ ավանդ ունի հատկապես էստոնական բանաստեղծության զարգացման գործու։ Նրա հայրենասիրական բանաստեղծությունները մեծապես ոգևորել է էստոնացի ժողովրդին, իսկ բանաստեղծուհուն անվանել են «Սոխակ Էմայիգի ափերից» (էստոներեն՝ "Emajõe ööbik", այդպես է կոչվել Կոյդուլայի բանստեղծությունների ժողովածուն, որ լույս է տեսել 1867 թ.)։ Կոյդուլայի բանաստեղծությունների մեծ մասն ունի ռոմանտիկական բովանդակություն. նա ցավում է էստոնական ժողովրդի դժբախտությունների համար, գրում է սերը հայրենիքի ու տան նկատմամբ, ձգտում է օգնել իր հայրենակիցներին ու թեթևացնել նրանց ցավը։

Լիդիա Կոյդուլան կատարել է ազատ թարգմանություներ, արտասահմանյան գրողների ստեղծագործությունները հարմարեցրել է թերթում տպագրելու համար։ Կոյդուլան նորություն բերեց նաև էստոնական դրամատուրգիայում. նրա առաջին կատակերգությունը, որ կոչվում էր «Զարմուհին Սարեմայից» (էստոներեն՝ "Saaremaa onupoeg", 1870) գրվել է գերմանացի դրամատուրգ Տ. Կարների սյուժեով, սակայն հետագայում նա ստեղծել է ինքնուրույն կատակերգություններ «Խնամախոսները» (էստոներեն՝ "Kosjakased" կամ "Maret ja Miina", 1870) և «Մի տեսակ էշ» (էստոներեն՝ "Säärane mulk", 1872)։ Կոյդուլայի կատակերգություններով էլ իր գոյությունն սկսել է էստոնական թատրոնը։

Գրքերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարգագետնային ծաղիկներ» (էստոներեն՝ "Waino-lilled", 1866).
  • «Սոխակ Էմայիգի ափերից» (էստոներեն՝ "Emajõe ööbik", 1867).
  • «Բանաստեղծությունների ժողովածու» (էստոներեն՝ "Kogutud luuletused", 1925).
  • «Ընտիր երգեր» (էստոներեն՝ "Valitud laulud", 1934).
  • «Ընտիր բանաստեղծություններ» (էստոներեն՝ "Valitud luuletused", 1943).
  • «Ընտիր բանաստեղծություններ» (էստոներեն՝ "Valitud luuletused", 1949).
  • «Բանաստեղծությունների փոքր գիրք» (էստոներեն՝ "Väike luuleraamat", 1967).
  • «Բանստեղծություններ» (էստոներեն՝ "Luuletused", 1969).
  • «Իմ հայրենիք, իմ սեր» (էստոներեն՝ "Mu isamaa on minu arm", 1978, 1993).
Հուշաքար Լիդիա Կոյդուլայի պատվին նրա ծննդավայր Վյանդրյայում

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիդիդ Կոյդուլայի «Իմ հայրենիք, իմ սեր» (էստոներեն՝ Mu Isamaa on minu arm) բանաստեղծության խոսքերով կոմպոզիտոր Գուստավ Էռնեսաքսը գրել է երգ, որ դարձել է Էստոնիայի ոչ պաշտոնական հիմնը։
  • Էստոնական 100 կրոնանոց դրամանիշի մի երեսին պատկերված է Լիդիա Կոյուլան սոխակի հետ, իսկ մյուս երեսին տպված է մի քառատող նրա բանաստեղծությունից.

Silla otsad ühendatud,
Kandes ühte isamaad,
Tõe templiks pühendatud…
Nägu — millal tõeks saad?!

EEK-100krooni-front.jpg
EEK-100krooni-rear.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. Койдула Лидия, Койдула Лидия // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb122677072 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. Նատալի Լայդենենի կայքը