Լենինի զբոսայգի (Վիբորգ)
Տեսակ | պուրակ և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Կազմված է | Espilä restaurant in Vyborg?, Vyborg Cathedral?, Hirvi?, Forest boy?, Թատերական հրապարակ, Saints Peter and Paul Lutheran Church (Vyborg)?, Statue of Bear in Vyborg?, Finnish White People Monument in Vyborg?, Ալվար Աալտոյի անվան գրադարան և Torkkelin Tilta? |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Վիբորգ |
Տեղագրություն | Հին քաղաք (Վիբորգ) |
Հիմնվել է | 1862 |
Անվանված է | Վլադիմիր Լենին |
Լենինի անվան զբոսայգի (ֆիններեն՝ Lenininpuisto, Էսպլանադա-զբոսայգի), Վիբորգի կենտրոնական զբոսայգի։ Տարածվում է արևմուտքից Շուկայի հրապարակից մինչև արևելքում գտնվող Սուվորովյան պողոտա (մոտ 700 մ երկարությամբ) և հյուսիսից՝ Լենինի պողոտայից մինչև հարավում գտնվող Ամրոցային փողոց (մոտ երկու հարյուր մետր լայնությամբ)։ Լենինգրադսկի պողոտան այգին բաժանում է երկու մասի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում այն հայտնի էր որպես քաղաքային էսպլանադայի զբոսայգի, որը հիմնվել է 19-րդ դարի կեսին ավերված Եղջյուրավոր ամրոցի հողապատնեշների և բերդախրամների տեղում։ Այգու ոչ պաշտոնական անվանումը, էսպլանադ բառը նշանակում է բերդի դիմաց գտնվող տարածք, որը ազատ է շինություններից։ Պուրակի հիմնման ընթացքում տնկվել է ավելի քան 200 տեսակ ծառ, այդ թվում՝ սպիտակ ուռենի, խեժափիճի, ամուրյան ֆելլոդենդրոն։
Մեծ ժողովրդականություն էր վայելում զբոսայգու ռեստորանը։ «Բելվեդեր» ռեստորանի և հյուրանոցի փայտե շենքը կառուցվել է 1868 թվականին Ֆրեդերիկ Օդենվալի նախագծով։ Այն հրդեհվել է 1887 թվականին և փոխարինվել նոր «Էսպլանադ տաղավար» ռեստորանով (հետագայում ՝ «Էսպիլիա»), որը 1890 թվականին կառուցել է ճարտարապետ Բրյունոլֆ Բլումկվիստը։ Ռեստորանի մասին Մաքսիմ Գորկին հիշատակում է իր «Կլիմ Սամգինի կյանքը» ստեղծագործության մեջ։ Ռեստորանի մոտ Բրյունոլֆ Բլումկվիստի կառուցված բեմահարթակը 1899 թվականին ավերվել է Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, բայց նորից կառուցվել է 1935 թվականին ճարտարապետ Ունո Ուլբերգի կողմից ռեստորանի վերակառուցման ժամանակ։
Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո այն ստացել էր Տորկելյան զբոսայգի անվանումը (ֆիններեն՝ Torkkelinpuisto, ի պատիվ Տորգիլս Կնուտսսոնի)։ Զբոսայգին համալրվել է տեսարժան վայրերով, տեղադրվել էին քանդակներ` Յուսսի Մյատյունենի «Որմզդեղն», ինչպես նաև «Անտառային պատանին» (հեղինակ՝ Յուրիե Լիյպոլա)։ Ալվար Աալտոյի նախագծով կառուցվել էր քաղաքային գրադարանի շենքը։ Ռեստորանի և բեմահարթակի հարևանությամբ գտնվում էր մանկական խաղահրապարակը, որտեղ կար փոքրիկ ցայտաղբյուր` գորտի պատկերով։
Վիբորգի ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո զբոսայգին վերանվանվել է ի պատիվ Վլադիմիր Լենինի և ընդարձակվել է` իր մեջ ներառելով Մայր տաճարի նախկին պուրակը, որը տեղակայված է քաղաքի գրադարանի շենքի և Լյութերական տաճարի ավերակների միջև։ Պատերազմի ժամանակ ավերված բեմահարթակի և ռեստորանի տեղում տեղադրվել էին մանկական զվարճանքի հարմարանքներ։ Ոչնչացված ցայտաղբյուրի փոխարեն խաղահրապարակում տեղադրվել էր պատերազմի ժամանակ ավերված կայարանի շենքի դիմացի արջի քանդակը։ Զբոսայգու հետ միավորվել էին նաև հետպատերազմական տարիներին Պողոս Պետրոսի տաճարի հարևանությամբ գտնվող Թատերական (նախկին Շքերթային, այնուհետև` Պիոներական) հրապարակի կանաչ տարածքները, որտեղ 1960-ականներին տեղափոխվել է արջի քանդակը։ Զբոսայգու նոր սահմաններն ամրագրվել են 2009 թվականին ցանկապատի տեղադրման միջոցով[1]։ Նույն թվականին զբոսայգում վերականգնվել է Միքայել Ագրիկոլայի հուշարձանը (ավելի վաղ Ֆինլանդիայի Լահտիի քաղաքի պուրակում տեղադրվել էին Որմզդեղնի քանդակի կրկնօրինակները և Միքայել Ագրիկոլայի հուշարձանի կրկնօրինակները, որոնք տեղադրվել էին նաև Ֆինլանդիայի այլ քաղաքներում)։ Զբոսայգու տեսարժան վայրերից մեկը` «Էսպիլիա» ռեստորանի շենքը, վերականգնվել է 2016 թվականին։
Շատրվաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսայգում կան երեք շատրվաններ (գործում են երկուսը՝ Ալվար Աալտոյի գրադարանի մոտ և Թատերական հրապարակում)։ Պողոս Պետրոսի տաճարի մոտ վերականգնված շատրվանի զարդարման ժամանակ օգտագործվել է պատերազմի ժամանակ ավերված կայարանի շենքի արջի քանդակը[2]։ «Իմատրայի աղջիկը» շատրվանային քանդակը ոչնչացել է, շատրվանն էլ չի գործում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պողոս Պետրոսի տաճար
-
Քաղաքային գրադարանը ցանկապատից այն կողմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Заборостроение». vyborg-press.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Косолапые стражи Выборгского вокзала - Железные дороги Карельского перешейка». perecheek.narod.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.