Իսմո Գոմերցի
Իսմո Գոմերցի | |
---|---|
Ծնվել է | ոչ ուշ քան 1855 |
Ծննդավայր | Գոմեր, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ոչ վաղ քան 1927 |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ամուսին | Մկրտիչ Գոմերցի |
Երեխաներ | Ռեհան Գոմերցի, Համբարձում Գոմերցի և Առաքել Հախվերդյան |
Իսմո Գոմերցի (ոչ ուշ քան 1855, Գոմեր, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ոչ վաղ քան 1927), հայ ագգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի[1]։ Ֆիդայի Մկրտիչ Գոմերցու կինը և զինակիցը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մուշ քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Գոմեր գյուղում, որն ուներ ընդամենը 80 տնտեսություն։ Գոմերցի Իսմոյի ընտանիքը բաղկացած էր 42 հոգուց։ Գերդաստանի հպարտությունը գեղեցկուհի Վարդիկն էր, որին առևանգել էր քուրդ աշիրապետ Ալոն։ Իսմոն տիրապետում էր ձիավարությանը և ամուսնու հետ, տղամարդու շորեր հագած, երկար ժամանակ Ալոյից վրեժխնդիր լինելու նպատակով հետապնդել էր նրան լեռներում ու ճանապարհների վրա։ Իսմոյի ամուսինը՝ Մկրտիչը, սպանում է Ալոյին և միանում Գևորգ Չաուշի խմբին։ Նա պատվիրում է Իսմոյին զգույշ լինել ընտանիքի համար։ Հաջորդ օրը Ալոյի վրեժը քրդերը լուծում են Իսմոյենց գերդաստանից։ Նրանք հարձակվում են Գոմեր գյուղի վրա, այն ավերելուց հետո կոտորում են Իսմոյենց գերդաստանը ու հրկիզում նրանց տունը[1]։
Իսմոյի ամուսնու քույրը՝ Սանամը, որն ավարտել էր Մուշի օրիորդաց դպրոցը և տիրապետում էր թուրքերենին, Իսմոյին և երեխաներին հագցնում է թուրքի շուրեր, և որպես թրքուհիներ՝ նրանք դիմում են փախուստի[1]։
Մեծ Եղեռն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Եղեռնի օրերին, երբ հայ գաղթականները կա՛մ բախտի բերմամբ փրկվել էին, կա՛մ սպանվել իրենց հողի վրա, Գոմեր գյուղը հայտնվել էր կրակի ու ծխի մեջ։ 42 հոգանոց գերդաստանից ընդամենը 5 հոգի էր փրկվել՝ Սանամը, Իսմոն, դուստրը՝ Ռեհանը (5 տարեկան), կրտսեր որդին՝ 3-ամյա Համբարձումը, և 40 օրական Առաքելը։ Փրկված գոմերցիները, ինչպես ամբողջ Մուշն ու Սասունը ապաստանել էին Անդոկ լեռան վրա։ Իսմոն ու Սանամը երեխաներին մի կերպ հասցրել էին Անդոկի մութ անտառները։ Կանանց փոքր խմբով երեխաների համար հետ հաց գտնելու նպատակով, երբ մի անգամ իջել էին ավերված գյուղերը, նրանց վրա հարձակվել էին զինված ասկյարները։ Ոսկի որոնելու նպատակով նրանք քրքրել էին կանանց մազերը, հագուստը, գեղեցիկ աղջիկներին բռնաբարել էին, ուշաթափվել էր գեղեցկուհի Սանամը, Ռեհանի վախից փակել էր աչքերը և անշնչացել։ Ասկյարներից մեկը հարձակվել էր Իսմոյի վրա։ Վերջինս փորձել էր պաշտպանել երեխաներին, սակայն ասկյարը գնդակահարել էր փոքրիկ Համբարձումին մոր գրկում։ Ուշագնաց Իսմոն արթնացել էր Առաքելի լացի ձայնից։ Ուշքի գալով՝ նա Ռեհանի, Սանամի և Առաքելի հետ վերադարձել էր Անդոկ, որտեղ դիրք գրաված ֆիդայիները իրենց պաշտպանության տակ էին վերցրել անզեն բնակչությանը։ Իսմոն փոքրիկ Առաքելին թողել էր Սանամի պաշտպանությանն ու զենք վերցնելով՝ միացել էր ֆիդայիներին[1]։
Ինքնապաշտպանական մարտերին մասնակցելուց հետո, լուր էր հասել, որ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Իսմոն ստիպված երեխաների և Սանամի հետ իջել էր դեպի Մուշ, ապա ռուսական զորքի հետ բռնել էր Նախիջևանի ճանապարհը։ Ծանր հիվանդություններից ապաքինված Ռեհանին նկատել էև ռուսական կայազորի պետը, որի օգնությամբ երեխան ուղարկվել էր ապահով վայր՝ բուժվելու։ Միևնույն ժամանակ թուրքերը գերել էին Սանամին։ Վերջինս իր թուրքերենի իմացության շնորհիվ կարողացել էր փախչել գերությունից և ապաստան գտել Բուլղարիայում[1]։
Իսմոն ստանձնել էր անպաշտպան կանանց ու երեխաների քարավանի ավագությունը։ Երկար դեգերումներից հետո Իսմոն իր փոքրիկ խմբով միացել էր Անդրանիկ Օզանյանի հետևից գնացող գաղթականությանը։ 1918 թվականին նրանք հասել էին Դիլիջան։ Գաղթականության հետ էր նաև հայդուկապետ Աղբյուր Սերոբի կինը՝ Սոսե Մայրիկը։ Շուտով լուր է հասնում, որ Վանի և Վասպուրականի գաղթականությունը Պարսկաստանով գալիս է Արևելյան Հայաստան, սակայն նրանք շրջապատված էին թուրքական զորաբանակներով, որոնք անխնա կոտորելու էին նրանց։ Անդրանիկ Օզանյանը իր զորքով և գաղթականների մի մասով հետ էր դարձել նորից Նախիջևան։ Թշնամուն խաբելու և նրան խուճապի մատնելու համար գաղթականների մեջ գտնվող բոլոր երիտասարդ կանայք և աղջիկները Անդրանիկի կարգադրությամբ զինվորական հուգուստ էին հագել և ձի նստել։ Իսմոն փոքրիկ Առաքելին կապել էր մեջքին ու ձի նստելով՝ մտել էր առաջավոր զորախմբի մեջ։ Անդրանիկի այդ ջոկատն անաղմուկ գրավել էր Ջուլֆայի կամուրջը։ Համարձակ գրոհով նրանք գրավել էին նաև Խոյը, սակայն առաջանալ չէին կարողացել, ստիպված նահանջել էին։ Արագընթաց վազքի ժամանակ Իսմոյի ձին ծառս էր եղել, արձակվել էին մեջքի կապերը, և երեպան ընկել էր ջրափոսը։ Իսմոն չէր հասցրել հապճեպ կանգնեցնել ձին։ Զորավար Անդրանիկը, նկատել էր զինվորական հագուստի տակ ծպտված կնոջը և ակնթարթորեն գետնից վեր էր բարձրացրել մանկիկին ու մեկնել նրան։ Ջուլֆայից ու Նախիջևանից նորից հասել էին Գորիս ու Էջմիածին։ Իսմոն Առաքելին հանձնել էր Գյումրիի շվեդ-նորվեգական որբանոցը, մինչև կարողանար տան հարցը լուծել։ 1927 թվականին նա երեխային ետ էր վերցրել[1]։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսինը՝ Մկրտիչ,
- զավակները՝
- Ռեհան (1910-?),
- Համբարձում (1912-1915),
- Առաքել (1915-?),
- ամուսնու քույրերը՝
- Վարդիկ,
- Սանամ։
Գոմերցի Իսմոն մահացել է 72 տարեկան հասակում[1]։ Փոքրիկ Առաքելից սերվածները այժմ կոչվում են Հախվերդյաններ[1]։