Ինտենսիվ տեխնոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորի ինտենսիվ այգի (Ուզբեկստան)

Ինտենսիվ տեխնոլոգիա, արդիական տեխնոլոգիա գյուղատնտեսության մեջ, գործադրաձևերի և մեթոդների ամբողջություն, որն ապահովում է գյուղատնտեսության արտադրանքի ստացումը՝ արտադրության մեքենայացման և ավտոմատացման միջոցների լայն կիրառմամբ։ Գյուղատնտեսության մեջ գիտատեխնիկական առաջընթացի զարգացումը խթանում է ինտենսիվ տեխնոլոգիայի կիրառումը։ Ինտենսիվ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառավարելու մշակաբույսերի բերքատվությունն ու գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը (ստանալ պլանավորված որակական և քանակական արդյունքներ), ապահովելու բուսաբուծության և անասնաբուծության զարգացման բարձր տեմպեր։ Ինտենսիվ տեխնոլոգիաները պաշարախնայող և անթափոն են, հենվում են նյութատեխնիկական հենքի բարձրարդյունավետ օգտագործման վրա, ենթադրում են աշխատանքի կազմակերպման առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառում, տեխնոլոգիական կարգապահության հստակ պահպանում, բնութագրվում է արտադրողական գործընթացի անընդհատությամբ և ռիթմայնությամբ։

Հայաստանում գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և մասնատված հողաբաժինները, որոնք ձևավորվել են հողի սեփականաշնորհման հետևանքով, զգալիորեն խոչընդոտում են ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրմանը։ Ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններ կան ձկնաբուծության ոլորտում։ Հաշվարկները ցույց են տալիս, որ հանրապետությունում ձկնաբուծության զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու պարագայում հնարավորություն կընձեռվի լիարժեք օգտագործել ձկնաբուծության համար պիտանի առկա ջրային մակերեսները։ Վերջին տարիներին հանրապետության ձկնաբուծարանների կողմից հաջողված փորձեր են արվել նաև արդյունագործական նպատակով ճապոնական կարպի (կոյի) և աֆրիկական լոքոյի բուծման ուղղությամբ, ներդրվել է ապրանքային ձկների աճեցման ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիա, ինչի շնորհիվ բազմակի կրճատվում են ջրի ծավալները` հնարավորություն ընձեռելով մեկ խորանարդ մետր ծավալով ջրում աճեցնել մինչև 1000-1100 կգ ապրանքային ձուկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ձկնաբուծություն | minagro.am». old.minagro.am. Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։